Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/72

Այս էջը սրբագրված է

72 ՄՑՈՒ

մ․ թ․ I հազարամյակի սկիզբ) ավերակները։ Պահպանված միջնադարյան ճարտ․ հուշարձաններից են Սամթավրո վանքային համալիրը (գլխավոր տաճարը, ճակատների քանդակային ճոխ հարդարանքով, XI դ․ խաչաձև-գմբեթավոր կառույց է), Սվետիցխովելի տաճարը [կառուցվել է 1010–29-ին (ճարտ․ Արսուկիսձե) Վրաստանում առաջին քրիստոնեական տաճարի (IV դ․) տեղում]։ Մ–ի մոտ են գտնվում Ջվարի տաճարը (VII դ․), Զեմո-Ավճալայի հիդրոէլեկտրակայանը։

Գրկ. Ломтатидзе Г․ А․, Археологические раскопки в древнегрузинской столице Мцхета, Тб․, 1955; История Грузии, т․ 1, Тб․, 1962․ Հ․ Մկրտումյան

ՄՑՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակչություն։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ-ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։


ՄՈՒԱՍԱՆ ԱՆՐԻ (Moissan Henri) (1852–1907), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1891), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1904), Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցի (1887–1900) և համալսարանի (1900-ից) պրոֆեսոր։ Առաջինն է ստացել (1886) և ուսումնասիրել ֆտորն ու նրա միացությունները։ Իր ստեղծած էլեկտրական աղեղային վառարանում (1892) ստացել է կալցիումի, կալիումի, նատրիումի և այլ տարրերի կարբիդներ, բորիդներ, մոլիբդեն (1895), վոլֆրամ (1897) ևն։ Կարևոր աշխատանքներ է կատարել էլեկտրամետալուրգիայի և էլեկտրաթերմիայի բնագավառում։ Նոբելյան մրցանակ (1906)։


ՄՈՒԱՎԻԱ (ծն․ թ․ անհտ․–680), արաբ խալիֆա 661-ից։ Օմայանների դինաստիայի հիմնադիրը։ 639-ից եղել է Ասորիքի արաբ կուսակալ, պատերազմել Բյուզանդիայի դեմ։ 657-ից պայքարել է Ալի խալիֆայի դեմ և գրավել գահը։ Խալիֆայության մայրաքաղաք է հռչակել Դամասկոսը, խալիֆայի իշխանությունը դարձրել ժառանգական։ Նրա օրոք արաբ․ զորքերը երկու անգամ (669, 674–680-ին) պաշարել են Կ․ Պոլիսը։ Մ-ի՝ Ասորիքի կուսակալ եղած ժամանակ արաբները երկու անգամ (640 և 654-ին) արշավել են Հայաստան։ 652-ին Մ․ և Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունին կնքել են պայմանագիր (տես Հայ-արաբական պայմանագիր 652)։ Խալիֆա հըռչակվելուց հետո, Բյուզանդիայի դեմ պայքարում Հայաստանի չեզոքությունն ապահովելու համար, 661-ին Մ․ Հայոց իշխան է ճանաչել Գրիգոր Մամիկոնյանին։ Ա․ Տեր-Ղևոնդյան


ՄՈՒԱՎՐ Աբրահամ դը (1667–1754), անգլիական մաթեմատիկոս, ծագումով ֆրանսիացի։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1697)։ Ստացել է կոմպլեքս թիվը n-աստիճան բարձրացնելու և կոմպլեքս թվից n-աստիճանի արմատ հանելու կանոն՝ այսպես կոչված Մուավրի բանաձևը՝

Հետազոտել է աստիճանային շարքեր, որոնց անվանել է անդրադարձ շարքեր։ Մ-ին և Ջ․ Ստիռլինգին է պատկանում ո!= 1·2·3…ո-ի ասիմպտոտական ներկայացումը (տես Ստիռլինգի բանաձև)։ Հավանականությունների տեսությունում Մ․ ապացուցել է այսպես կոչված Լապլասի թեորեմի մասնավոր դեպքը։


ՄՈՒԲԱՐՅԱԿՌՎ Արսլան Կոտլիահմետովիչ (ծն․ 1908), բաշկիր սովետական դերասան և ռեժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1931-ին ավարտել է Ուֆայի արվեստի տեխնիկումի թատերական բաժինը։ 1928-ից (ընդհատումով) Մ․ Գաֆուրիի անվ․ դրամայի բաշկիրական թատրոնի (Ուֆա) դերասան, 1937–39-ին, 1951–54-ին՝ գլխավոր ռեժիսոր։ Լավագույն դերերից են՝ Սալավաթ Յուլաև (Բիկբայի «Սալավաթ»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո), Պրոտասով (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Ստեղծել Է Վ․ Ի․ Լենինի կերպարը (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», «Երրորդը՝ պաթետիկականը»)։ Բեմադրություններից են՝ Բիկբայի «Կարլուգաս» (1938), Մինկոյի «Չնշելով ազգանունները» (1953)։ Նկարահանվել է կինոյում։


ՄՈՒԳԱԲԵ Ռոբերտ (ծն․ 1925), Զիմբաբվեի (մինչև 1980-ը՝ Հարավային Ռոդեզիա) ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Քաղ․ գործունեությունն սկսել է 1950-ական թթ․։ 1963-ից Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության (ԶԱԱՄ) գլխավոր քարտուղար։ 1964–74-ին գտնվել է ազատազրկության մեջ։ 1976-ին ընտրվել է ԶԱԱՄ-ի նախագահ և Զիմբաբվի աֆրիկյան ժողովրդի միության (ԶԱԺՄ) նախագահ Ջ․ Նքոմոյի հետ գլխավորել է Զիմբաբվեի Հայրենասիրական ճակատը։ 1980-ի ընդհանուր ընտրություններում ԶԱԱՄ–ի տարած հաղթանակից հետո դարձել է պրեմիեր մինիստր։


ՄՈՒԴ, Մուտ, Մութ, բերդաքաղաք Լեռնային կամ Քարուտ Կիլիկիայում, Սելևկիա գետի վտակներից մեկի (Կիրամայի հովտում) վրա։ Ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են հռոմ․ Կլավդիանուպոլսին, այլք՝ սրբազան Ոլբա քաղաքին, ուր կառուցված էր Զևսի (Արամազդի) տաճարը։ Բերդը գտնվում էր քաղաքի հս․ կողմի բլրին, որի պարիսպներն ամրացված էին քառակուսի աշտարակներով։ Բերդի արմ․ մասում զետեղված էր կրկնապարիսպ դղյակը։ Այն ուներ բոլորշի, եռահարկ աշտարակ, որի ստորին հարկի 14 որմնախորշերը սանդուղքներով կապվում էին վերին հարկերին։ Պահպանվել են տաճարներից մեկի կամարակապ դռներով սյունաշարը, խարիսխներ, շինարարական այլ բեկորներ։ Քաղաքի ավերակները տարածվում են բերդի հվ․ և հվ-արմ․ կողմերում։ Հարավային մասում պահպանվել են մեծ դարպասի մուտքը և յոթ սյուն, հյուսիս-արևմտյան կողմում՝ գերեզմանոցի ավերակները։ Մ-ից ոչ հեռու՝ հս․ կողմում գտնվում էր Մաղվայո բերդը (հուն․ Մելուոս, այժմ՝ Մաուղա կալեսի), իսկ հս-արմ․ կողմում՝ Պալեապոլիս բերդը (այժմ՝ Պալապոլ)։ Մ․ և հիշյալ բերդերը XIII դ․ սկզբին պատկանում էին իշխան կամ պարոն Սահակին (Կիռ-Սակ), որը 1217-ին Կապանի պաշարման ժամանակ այլ հայ իշխանների հետ գերի ընկավ սելջուկյան Քեյքաուզ սուլթանի ձեռքը, սակայն հաջորդ տարում փրկագնվեց Լևոն Բ Մեծի ջանքերով։ Կիլիկյան Հայաստանի կազմում Մ․ եղել է նույնանուն գավառի կենտրոնը և իր անկախությունը պահպանել մինչև 1382-ը, որից հետո նվաճել են թուրք կարամանները, իսկ XVI դարից՝ օսմանյան թուրքերը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Մ․ ավանը համանուն գավառակի կենտրոնն էր և ուներ շուրջ 1500 բնակիչ (հիմնականում՝ հայեր)։

Գրկ. Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Կիլիկիա, Պետերբուրգ, 1894։ Մ․ Կատվալյան


ՍՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ 1918, ստորագրվել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև, հոկտեմբերի 30-ին, անգլ․ «Ագամեմնոն» հածանավի վրա, Մուդրոս նավահանգստում (Լեմնոս կղզի), 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո։ Նախատեսում էր Անտանտի ռազմանավերի ազատ անցումը սևծովյան նեղուցներով՝ իրավունք տալով դաշնակիցներին զավթել Բոսֆորի ու Դարդանելի ամրությունները (հոդ․ 1), թուրք․ կայազորների կապիտուլյացիան Հիջազում, Իրաքում, Սիրիայում և Եմենում, ինչպես և զորքերի դուրս բերումը Իրանից, Անդրկովկասից (հոդ․ 11) և Կիլիկիայից (հոդ․ 16)։ Թուրքիան պետք է ցրեր բանակը, դաշնակիցներին հանձներ իր ռազմանավերը, վերադարձներ ռազմագերիներին, այդ թվում ներկալված և գերված հայերին (հոդ․ 4)։ Անտանտին իրավունք էր վերապահվում՝ գրավել Բաթումը և Բաքուն (հոդ․ 15), ինչպես նաև հայկ․ վեց վիլայեթները՝ նրանցից «որևէ մեկում անկարգություններ ծագելու դեպքում» (հոդ․ 24)։ Մ․ զ․ ըստ էության հակասովետական էր։ Նրա մի քանի հոդվածներ (նեղուցների բացումը Անտանտի նավատորմների համար, Բաթումի և Բաքվի գրավումը, անդրկովկասյան երկաթուղիների վերահսկողությունը ևն) անմիջապես առնչվում էին Սովետական Ռուսաստանի դեմ սկսված օտարերկրյա ինտերվենցիայի հետ։ Ակնհայտ էր նաև Մ․ զ-ի հակահայկական բնույթը։ Դեռ մինչև Մ․ զ-ի կնքելը, նախորդած բանակցությունների ընթացքում, պարտված Թուրքիային «հաջողվել էր» զիջումներ կորզել հաղթական Անգլիայից՝ դաշնակիցների կողմից գրավման ենթակա հայկ․ 6 վիլայեթներից անջատելով հայաբնակ Սիսը, Հաճընը, Զեյթունը և Այնթապը։ Հոդվածների վերջնական ձևակերպումով և՛ Արևմտյան Հայաստանը, և՛ Կիլիկիան փաստորեն մնում էին Թուրքիայի լիակատար հսկողության տակ։ Բացի այդ անհասկանալի էր, թե ինչպիսի «անկարգություններ» կարող էին ծագել այնտեղ, երբ այդ տարածքի ամբողջ հայ