Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/117

Այս էջը սրբագրված է

սեպտեմբեր) հատոաաեց երկրի բոլոր առաջադիմական U հայրենասիրական ուժերի միավորմանը նպատակամղված կուսակցության քաղ․ գծի ճշմարտացիությունը։ 1980-ի փետրվարին, առաջին անգամ լեգալ պայմաններում, կայացավ ՊԺԿ VI համագումարը։ Ընդունված բանաձևում առաջարկվում էր ստեղծել Ազգային ազատագրման դեմոկրատական ճակատ, որտեղ պետք է ներկայացվեին բոլոր այն առաջադիմական ուժերը, որոնք ձգտում են երկրի զարգացումը տանել դեմոկրատիայի և ժողովրդաիշխանության մարմինների ուժեղացման ուղիով։ ՊԺԿ–ի պատվիրակությունը մասնակցել է 1957-ին, 1960-ին և 1969-ին Մոսկվայում կայացած կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին և հավանություն տվել գրանցում ընդունված փաստաթղթերին։ ՊԺԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցության գործունեությունը ղեկավարում է Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է Քաղբյուրո և Քարտուղարություն։ ՊԺԿ ԿԿ–ի գլխ․ քարտուղարն է Ռ․ Դ․ Սոուսա Բատիստան, կենտրոնական օրգանը «Ունիդադ» թերթն է։ Հրատարակվում է ամիսը 2 անգամ։

ՊԱՆԱՄԱՅԻ ՊԱՐԱՆՈՑ, Կենտրոնական Ամերիկայի ծայր հվ–արլ․ ամենանեղ (լայնությունը՝ 48 կմ) մասը։ Պ․ պ․ զբաղեցնում է Պանամա պետության կենտրոնական մասը։ Միացնում է Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքները։ Բլրավոր հարթավայր է (բարձրությունը՝ մինչև 180 մ կազմված հրաբխային ապարներից։ Տարածված են մշտականաչ արևադարձային անտառները։ Պարանոցի առավել ցածրադիր մասում կառուցված է Պանամայի ջրանցքը։

ՊԱՆԱՄԱՅԻ ՋՐԱՆՑՔ, արհեստական ջրային ուղի Պանամայի տարածքում, ԱՄՆ–ի իրավասության տակ գտնվող հատուկ գոտու սահմաններում (տես Պանամա–ամերիկյան պայմանագրեր 1903, 1936, 1955, 1977)։ Հատում է Պանամայի պարանոցի ամենացածր մասը և Խաղաղ օվկիանոսը (Բալբոա քաղաքի մոտից) միացնում Ատլանտյան օվկիանոսին (Քրիստոբալ քաղաքի մոտ)։ Միջազգային նշանակության կարևորագույն ջրային ուղիներից է։ Ջրանցք փորելու գաղափարն առաջացել է XVI դ․ սկզբից, սակայն այն կառուցելու համար իրական հնարավորություն առաջացել է միայն XIX դ․ կեսին։ Ֆրանսիան 1879-ին հիմնեց «Միջօվկիանոսային ջրանցքի համընդհանուր ընկերությունը» և սկսեց շինարարությունը։ Սակայն 1888-ին, երբ կատարվել էր աշխատանքների սոսկ 1/3-ը, ընկերությունը սնանկացավ։ Պ․ ջ–ի կառուցման իրավունքը անգլո–ամեր․ պայմանագրով 1901-ին անցավ ԱՄՆ–ին, իսկ 1903-ին, պանամա–ամերիկյան պայմանագրով, Պանամայի ջրանցքի գոտին անժամկետ հանձնվեց ԱՄՆ–ին։ 1904-ին ԱՄՆ–Ի ռազմ․ մինիստրությունը ձեռնամուխ եղավ ջրանցքի կառուցմանը։ Առաջին նավը Պ․ ջ–ով անցել է 1914-ի օգոստ․ 15-ին, բայց պաշտոնական բացումը կատարվել է 1920-ի հունիսի 12-ին։

Պ․ ջ–ի երկարությունը 81,6 կմ է (65,2 կմ–ը՝ ցամաքով, 16,4 կմ–ը՝ Պանամայի և Լիմոնի խորշերի հատակով), խորությունը՝ 12,5 մ, լայնությունը՝ 150 մ։ Ատլանտյան լանջին նրա նավուղին անցնում է Չագրես գետի հովտով, որտեղ ստեղծվել է Գատուն արհեստական լիճը, իսկ Խաղաղօվկիանոսյան լանջը զբաղեցնում է Ռիո Գրանդե գետի հովիտը։ Պ․ ջ–ի վրա կա զույգ շլյուզների 6 աստիճան (յուրաքանչյուր լանջին երեքական), բացթողման օրական միջին կարողությունը՝ 36, առավելագույնը 48 նավ է։ Պ․ ջ․ մատչելի է մինչև 40 հզ․ ա բեռնատարությամբ նավերի համար։ 1978/79 ֆինանսական տարում Պ․ ջ–ով անցել է 14,4 հզ․ նավ (այդ թվում 12,9 հզ–ը՝ առևտրական), փոխադրվել է 156,6 մլն ա բեռ։

ՊԱՆԱՄԱՅԻ ՋՐԱՆՑՔԻ ԳՈՏԻ, Պանամայի տարածքի մի մասը, որով անցնում է Պանամայի ջրանցքը։ Պանամայի ջրանցքի երկու ափերով 16,1 կմ լայնությամբ ձգվող շերտ, որը Պանաման բաժանում է իրար չմիացող երկու մասի։ Տարածությունը 1432 կմ2 է, բն․՝ 40 հզ․ (1980)։ Վարչական կենտրոնը՝ Բալբոա–Հայթս։ Վարչականորեն բաժանվում է 2 շրջանի՝ Անկոնի (Խաղաղ օվկիանոսի ափին) և Քրիստոբալի (Ատլանտյան օվկիանոսի ափին)։ Գոտու տարածքով անցնում է երկաթուղի և խճուղի։ Պանամա–ամերիկյան պայմանագրով (1903) այն տրվել է ԱՄՆ–ին՝ ջրանցք կառուցելու և շահագործելու համար։ Գոտին կառավարել է ԱՄՆ–ի պրեզիդենտի նշանակած նահանգապետը։ Պ․ ջ․ գ․ օգտագործելու համար ԱՍՆ ամեն տարի (1955-ից) Պանամային վճարում էր 1,93 մլն դոլլար։ 1977-ից Պանաման տարեկան ստացավ 10 մլն դոլլար, այն դեպքում, երբ ԱՄՆ–ի ամենամյա շահույթը կազմում է 150 մլն դոլլար։ Գոտու ստատուսը Փոխելու վերաբերյալ 1964-ից վարվող պանամա–ամեր․ բանակցություններն ավարտվեցին 1977-ին՝ երկու նոր պայմանագրերի ստորագրումով, որոնք փոխարինեցին 1903-ի, այսպես կոչված, հավերժական պայմանագրին (տես Պանամա–ամերիկյան պայմանագրեր 1903, 1936, 1955, 1977)։

ՊԱՆԱՄԱՅԻՆԵՐ, ժողովուրդ։ Պանամայի հիմնական բնակչությունը (1,94 մլն, 1980)։ Պանամայից դուրս բնակվում են նաև ԱՄՆ–ում, քիչ քանակությամբ՝ Կոստա Ռիկայում, Կոլումբիայում, ճամայկայում, Վենեսուելայում, Նիկարագուայում, Մեքսիկայում։ Խոսում են իսպաներեն՝ հնդկացիական լեզուներից որոշ փոխառություններով։ Մարդաբանորեն մոտ 80% մետիսներ ու մուլատներ են (բնիկ հնդկացիներին ու Աֆրիկայից բերված նեգրերին միախառնված իսպ․ գաղութարարների ու եվրոպ․ հետագա վերաբնակների հետնորդները), մոտ 10–15% –ը՝ սպիտակամորթներ (կրեոլներ), մնացածը՝ պանամական նեգրեր ու հնդկացիներ։ Հավատացյալները մեծ մասամբ կաթոլիկներ են, կան բողոքականներ։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բանանի, կակաոի ևնի մշակությամբ՝ ամերիկյան մոնոպոլիաներին պատկանող ցանքատարածություններում) ։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Պանամա հոդվածում։

ՊԱՆԱՄԵՐԻԿԱՆԻԶՄ, համաամերիկականություն, քաղ․ ուսմունք, որի հիմքում ընկած է փաստերին հակասող և պատմ․ զարգացման ընթացքն աղավաղող մեկնաբանության վրա հիմնված այն գաղափարը, թե իբր ԱՄՆ և ամեր․ մայրցամաքի մյուս երկրներն ունեն պատմ․ ճակատագրի, տնտեսության և մշակույթի ընդհանրություն։ Պ․ օգտագործում են ԱՄՆ–ի իմպերիալիստները՝ «հիմնավորելու» ԱՄՆ–ի տնտ․, քաղ․, իսկ երբեմն և ուղղակի ռազմ, էքսպանսիան Լատինական Ամերիկայի երկրներում։ Դեռևս XIX դ․ սկզբին ԱՄՆ լատինաամե–