Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/126

Այս էջը սրբագրված է

աականությունների կատարման հետ, կամ այդպիսի պարտականություններ է կատարում հատուկ լիազորությամբ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 182, ծանոթություն)։ Քրեական իրավունքում Պ․ ա․ պաշտոնեական հանցագործությունների սուբյեկտ է։ Ա․ Լաչայան

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պաշտոնատար անձանց կողմից սովետական, պետ․, հասարակական հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքների ու շահերի դեմ ուղղված հանցավոր արարք։ Պ․ հ-ների մի մասը, որոնք կարող են կատարվել պետ․ կառավարման կամ ժողտնտեսության ցանկացած բնագավառում (իշխանազանցություն, անփութություն, կաշառակերություն, պաշտոնեական կեղծիք, բյուրոկրատիզմ և քաշքշուկ գյուտերի արմատավորման հարցում, հրապարակման ոչ ենթակա տեղեկությունների հրապարակում են) կոչվում են ընդհանուր (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հատուկ մաս, գլուխ VIII), մյուս մասը՝ հատուկ, այսինքն որոշակի բնագավառում կատարվող հանցագործություններ (անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնել, ընտրական փաստաթղթերի կեղծում են)։ Ա․ Թովմասյան

ՊԱՇՏՈՆՆԵՐ ԸՆՏՐՈՎԻ, պետ․ ապարատում կամ հասարակական կազմակերպություններում ընտրությունների միջոցով զբաղեցվող պաշտոններ։ ՍՍՀՄ–ում պետ․ մարմիններում, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական, կոոպերատիվ և հասարակական այլ կազմակերպություններում ընտրվելու կապակցությամբ աշխատանքից ազատված բանվորներին ու ծառայողներին, լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, տրվում է նախկին աշխատանքը (պաշտոնը), այդպիսին չլինելիս՝ ուրիշ հավասարազոր աշխատանք (պաշտոն) նույն կամ, աշխատողի համաձայնությամբ, այլ ձեռնարկությունում, հիմնարկում (ՀՍՍՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 116)։ Ընտրովի պաշտոնում գտնվելիս պահպանվում է աշխատանքային ստաժի անընդհատությունը։ Վարձատրվող պաշտոններում աշխատանքից ազատելու, վերականգնելու, այլ աշխատանքի փոխադրելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ վեճերը լուծվում են ենթակայության կարգով։

«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ», ազատագրական–հեղափոխական կազմակերպություն Կաբինում (Արևմտյան Հայաստան)։ Հիմնադրվել է 1881-ի մայիսին՝ Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ։ 1877–1878-ի ռուս–թուրք․ պատերազմից և դրան հաջորդած Սան Ստեֆանոյի համաձայնագրից ուԲեռլինի կոնգրեսից հետո, եվրոպ․ տերությունների օգնության սին խոստումներից հիասթափված, հայ ազգային–ազատագրական շարժման գործիչներից շատերն առաջադրեցին սեփական ուժով Հայաստանի քաղ․ վերածնությունն իրականացնելու խնդիրը։ Անհրաժեշտ էր ստեղծել մի կազմակերպություն, որը նախապատրաստեր հայ ժողովրդի զինված պայքարը։ Որպես այդպիսին հանդես եկավ «Պ․ հ․»։ Նախատեսված «Մասիս լեռների միության» փոխարեն, կոնսպիրատիվ նկատառումներով, այն կոչվեց «Երկրագործական ընկերություն»։ Անվանումն առաջացել է կազմակերպության անդամատոմսերի վրա եղած «Պ․ հ․» դրոշմից։ «Պ․ հ․»-ի անմիջական խնդիրն էր՝ հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, իսկ վերջնական նպատակը՝ Հայաստանի անկախության վերականգնումը։ Կազմակերպությունը ղեկավարում էր հինգ հոգուց բաղկացած հեղափոխական շտաբը՝ Գլխավոր կամ Գերագույն խորհուրդը, որը գործում էր առանց գրավոր կանոնադրության։ «Պ․ հ․» ուներ լավ մտածված կոնսպիրատիվ սիստեմ, կազմակերպության նոր անդամը, Գերագույն խորհրդի ներկայացուցիչներից մեկին հավատարմության երդում տալուց հետո, հանձնարարություն էր ստանում հավաքագրել 10 վստահելի անձանց և դառնալ նրանց հրամանատարը։ Տասնյակի անդամները ճանաչում էին միայն իրենց հրամանատարին, իսկ վերջինը՝ Գլխավոր խորհրդի միայն այն անդամին, որին երդում էր տվել։ Տասնյակի զինումը հրամանատարի պարտականությունն էր։ Սահմանված անդամավճարով, հանգանակություններով կամ նվիրատվություններով ձեռք բերված լրացուցիչ զենքը, անհրաժեշտության դեպքում, պետք է բաժանվեր բնակչությանը։ Կազմակերպության հիմնական ուժը քաղաքի արհեստավորական դասն էր և աշխատավոր գյուղացիությունը։ Պրոֆեսիոնալ գործիչներն իրենց գաղտնի գործունեությունը քողարկում էին որևէ այլ զբաղմունքով։ «Պ․ հ․» իր ճյուղավորումներն ուներ Արևմտյան Հայաստանի մեծ մասում, որի շատ քաղաքներում ստեղծվել էին հեղափոխական խորհուրդներ։ Սերտ կապեր էին հաստատվել արևելահայերի հետ։ Պատրաստվում և տարածվում էին հեղափոխական թռուցիկներ՝ միասնական ուժով օսմանյան բռնատիրությունը թոթափելու կոչերով։ Ազատագրման միակ ուղին համարելով զինված ապստամբությունը՝ կազմակերպության «արմատական» թևը կողմ էր անհապաղ ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով զինված ելույթը կարելի էր սկսել միայն երկարատև և մանրակրկիտ նախապատրաստությունից հետո։ Սակայն 1882-ի նոյեմբերին կազմակերպությունը պատահականորեն բացահայտվեց, իսկ 1883-ի ապրիլի 7-ին սկսվեց ձերբակալված անդամների դատավարությունը (արևմտահայերի առաջին քաղ․ դատավարությունը Թուրքիւսյում)։ 40 մարդ դատապարտվեցին տարբեր ժամկետների (5–15 տարի) բանտարկության։ 1886-ին բանտից ազատված Խ․ Կերեքցյանը և Հ․ Իշղալացյանը փորձեցին վերականգնել կազմակերպությունը, բայց Կարինի զինված ելույթի ճնշումից հետո անհաջողության մատնվեցին։ Չնայած քաղ․ ասպարեզից հեռանալուն, «Պ․ հ․» կարևոր նշանակություն ունեցավ արևմտահայ ազգային-ազատագրական շարժման համար՝ իր գործունեությամբ նշանավորելով օսմանյան բռնապետության դեմ հայ ժողովրդի պայքարի նոր շրջանի սկիզբը։

Գրկ. Հովհաննիսյան Ռ․ Փ․, Արևմտահայ ա զգա յին–ազաւոագր ական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց»- կազմակերպությունը, Ե․, 1965։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐ, արհեստականորեն հիմնված անտառներ կամ անտառաշերտեր, որոնցով հնարավոր է դառնում բնական անբարենպաստ գործոններից՝ երաշտից, քամիներից, խորշակներից, էրոզիայից ևն, պաշտպանելոլ գյուղատնտեսական հանդակները, հողերը, ճանապարհները, ջրամբարները, բնակավայրերը, ինչպես նաև բարելավել տեղանքի կլիմայական և հիդրոերկրաբանական պայմանները։ Ստեղծվում են գլխավորապես տափաստանային, անտառատափաստանային և կիսաանապատային շրջաններում։ Պ․ ա–ից են դաշտապաշտպան անտառաշերտերը, որոնք հիմնում են կոլեկտիվ, սովետական և այլ տնտեսությունները ցանքատարածությունների սահմանների երկարությամբ։ Դրանք պաշտպանում են հողը էրոզիայից, բարելավում ջրային, ջերմային և սննդային ռեժիմները, նվազեցնում քամիների արագությունը, դաշտերում պահում ձյունը են։ 2°-ից մեծ զառիթափությամբ հերկվող լանջերում դաշտապաշտպան անտառաշերտերը, նվազեցնելով ձնհալի և հեղեղների ջրերի հոսքը ու հողատարումը, կատարում են նաև կարևոր ջրակարգավորիչ դեր։ Ոռոգվող հողերի համար Պ․ ա․ հիմնում են ոռոգման ջրանցքների երկարությամբ՝ մեկ կամ երկու կողմից, 1–4 նեղ, իսկ չոռոգվդղ տարածություններում՝ եղած ջրանցքների երկարությամբ, 5–6 և ավելի ծառաշերտերով։ Այդ անտառաշերտերը նվազեցնում են ջրանցքներից և դաշտերից խոնավության անարդյունավետ գոլորշիացումը, խոչընդոտում գրոլնտափն ջրերի բարձրացմանը և հողի երկրորդային աղակալմանը, պաշտպանում գյուղատնտ․ բույսերը խորշակներից, Փոշեմրրիկներից, ջրանցքները՝ մանրահողով լցվելուց և ափերը մոլախոտերով աղբոտվելուց։

Լճակների շուրջը Պ․ ա․ ստեղծում են ծառերի և թփերի շերտերից (10–20 մ լայնությամբ), իսկ թեք ափերին՝ լեռնագոգերի եզրերից բարձր։ Ամբարտակների մոտ թաց թեքությունների վրա ստեղծում են 1–2-շարքանի ամրացնող և ստվերող Պ․ ա․։

Ձորակամերձ և հեղեղատամերձ Պ․ ա․ հիմնվում են ձորակների և հեղեղատների եզրերի երկարությամբ՝ 15–30 մ լայնության շերտերով։ Դրանք նվազեցնում են ջրահոսքը, ամրացնում հողը և գրունտը, հնարավոր դարձնում գյուղատնտ․ արտադրության մեջ օգտագործելու սակավ արդյունավետ հողերը։ Եթե ձորակները և հեղեղատները սահմանակից են վարելահողերին, ապա ձորակամերձ Պ․ ա․ փոխարինում են դաշտապաշտպան անտառաշերտերով։ Զորակային և հեղեղատային Պ․ ա–ները խոչընդոտում են ձորակների և հեղեղատների ողողումը։ Ջրակարգավորող ձորակամերձ, ձորակային և հեղեղատային Պ․ ա․ որոշ չափով կանխում են հողերի էրոզիան։ Ավազուտներում ստեղծված շերտային, կուլիսային, զանգվածային անտառաշերտերը կանխում են