Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/189

Այս էջը սրբագրված է

է ՍՍՀՄ առաջնություն։ 1973-ին Հայաստանի հավաքականը ԴՕՍԱԱՖ–ի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի մարզիկներից աշխարհի ռեկորդակիրներ են Ս․ Բաբայանը, Դ․ Մարտինովը, Վ․ Ռիբինը։

ՊԱՐԱՊԵՏ (ֆրանս․ parapet, < իտալ. parapetto,< parare– պաշտպանել և petto – կուրծք), տես Քիվապատ։

ՊԱՐԱՊՍԻԽՈԼՈԳԻԱ (<պարա․․․, պսիխո․․․ և չոգիա), պարահոգե բանություն, գիաության զարգացման տվյալ փուլում անբացատրելի հոգեֆիզիոլոգիական–ֆիզիկական որոշ պրոցեսների մեկնաբանումը որպես՝ ա․ արտազգայական (մեզ հայտնի զգայարանների գործունեությամբ չհիմնավորվող) ընկալում, բ․ արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաև իրադարձությունների վրա մտովի ներգործություն։ Պարահոգեբանները տարբերում են արտազգայական ընկալման հետնյալ ձևերը․ 1․ հեռազգայություն (տելեպաթիա)՝ մտովի հաղորդակցում, երբ ինդուկտորի մտքերը, նրա ցանկությունից անկախ հայտնի են դառնում պերցիպիենտին (ընկալող), 2․ պայծառատեսություն (տելեստեզիա)՝ առանց ինդուկտորի մասնակցության, որևէ իրադարձության կամ առարկայի մասին ինֆորմացիա ստանալու ընդունակություն, 3․ կանխատեսություն (պրոսկոպիա)՝ ապագա իրադարձությունների կամ այլ անձի ապագա մտքերի գուշակում, 4․ կենսաբանական էֆեկտ՝ օժանդակ ինդիկատորի (շիվ, կոր մետաղալար են) օգնությամբ ընդերքի «հետախուզում», 5․ պարաախտորոշաբանություն՝ առանց հիվանդի հետ շփվելու, պայծառատեսության վրա հիմնված ախտորոշում։

Արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաև իրադարձությունների վրա պարահոգեբանական ներգործության ձևերից առանձնացվում է պսիխոկինեզը (հոգեներգործություն), որը տարբերվում է, իբր, նոր իրավիճակ առաջացնելու կարողությամբ։ Պարահոգեբանական հետազոտությունների հիմնական մեթոդը գիտափորձն է, որի արդյունքներն ամփոփվում են հավանականային վիճակագրական գնահատման եղանակով՝ պարահոգեբանական երևույթի դրսևորումը կարող է վկայվել միավորների այնպիսի հարաբերակցությամբ, որը բացատրվում է միայն այդ երևույթով, և որի պատահական առաջացումը քիչ հավանական է։ Չնայած գիտափորձերի տեխնիկայի կատարելագործմանը, սխալմունքի կամ խաբեության հնարավորությունները չեն բացառվում։ Միաժամանակ պարահոգեբանական պրոցեսները չեն վերարտադրվում, այսինքն՝ չեն բավարարում գիտ․ փաստի հավաստիությանը ներկայացվող պահանջները։ Պարահոգեբանների մի մասի կարծիքով, որպես կենսաբանական կապի միջոց և ինֆորմացիա կրող հանդես է գալիս օրգանիզմների էլեկտրամագնիսական դաշտը։ Պարահոգեբանական հետազոտություններն սկզբնավորվել են 1882-ին, երբ Լոնդոնում կազմակերպվել է «Հոգեկան երևույթների ուսումնասիրման ընկերությունը»։ 1970-ական թթ․ վերջին ավելի քան 30 երկրներում գործում էին հատուկ լաբորատորիաներ և ընկերություններ, որոնցից շատերը միավորված են Միջազգային պարահոգեբանական ասոցիացիայում (Նյու Ցորք)։

ՍՍՀՄ–ում հետազոտությունները ձեռնարկվել են 1920-ական թթ․ Լենինգրադում, 1960-ականներից շարունակվել Մոսկվայում։

Գրկ. Васильев Л․ Л․, Таинственные явления человеческой психики, 3 изд․, М․, 1964; Хэнзел Ч․, Парапсихология, пер․ с англ․, М․, 1970․ Ս․ Համբարձում յան

ՊԱՐԱՊՐՈԿՏԻՏ (պարա․․․ և հուն, ярсохтбд – հետանցք), ուղիղ աղիքը շրջապատող ճարպաշարակցական բջջանքի թարախային բորբոքում։ Հիմնական պատճառը ուղիղ աղիքի բակտերիային ֆլորայի թափանցումն է բջջանք (օրինակ՝ հետանցքի ճաքերի դեպքում)։ Բորբոքումը երբեմն սահմանափակվում է թարախակույտի առաջացմամբ, որոշ դեպքերում տարածվում է և բարդանում սեպսիսով։ Ախտանշաններն են ուղիղ աղիքի շրջանի սուր ցավերը, կղման ցավոտությունը, ջերմաստիճանի բարձրացումը, հետանցքի կամ հետույքի շրջանում ինֆիլտրատի առաջացումը։ Թարախակույտը կարող է պատռվել դեպի դուրս և առաջացնել խուղակ։ Հիվանդությունը կարող է դառնաք քրոնիկական՝ կրկնություններով։

Բուժումը․ անտիբիոտիկներ, հակաբորբոքային միջոցներ, թարախակույտի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։

ՊԱՐԱՊՈՒՐԴ արտադրական, աշխատանքի ժամանակավոր ընդհատում աշխատողից անկախ պատճառներով (վառելանյութի, հումքի, նյութերի, էլեկտրաէներգիայի բացակայություն, սարքավորումների խափանում են) կամ նրա մեղքով։ Բանվորից կամ ծառայողից անկախ պատճառով առաջացած պարապուրդի ժամանակի համար աշխատավարձ վճարվում է համապատասխան որակավորման աշխատողի աշխատանքի ժամանակավարձային վարձատրության տարիֆային դրույքի կեսի (մետալուրգիական և լեռնահանքային արդյունաբերությունում երկու երրորդի) չափով (ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել սահմանված նվազագույնից)։ Նոր արտադրություններ յուրացնելու ժամանակամիջոցում աշխատողից անկախ պատճառով առաջացած պարապուրդի դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող ձեռնարկություններում վարձատրվում է ըստ համապատասխան տարակարգի ժամանակավարձային աշխատողի տարիֆային դրույքի։ ժող․ տնտեսության այն ճյուղերում, որտեղ միասնական տարիֆային դրույքներ են սահմանված գործավարձային ու ժամանակավարձային բանվորների համար, ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակի վարձատրման չափը որոշվում է ՍՍՀ Միության օրենսդրությամբ։ Պարապուրդի ամբողջ ժամանակաընթացքում բանվորներն ու ծառայողները, հաշվի առնելով նրանց մասնագիտությունն ու որակավորումը, նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, փոխադրվում են այլ աշխատանքի կամ նույն վայրի այլ ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն՝ մինչև մեկ ամիս ժամանակով։ Ցածր վարձատրվող աշխատանքի փոխադրելիս պահպանվում է արտադրանքի թողարկման նորմաները կատարող բանվորների ու ծառայողների նախկին աշխատանքի միջին վաստակը և նորմաները չկատարող, կամ ժամանակավարձային աշխատանքի փոխադրված բանվորների ու ծառայողների տարիֆային դրույքը։ Պարապուրդի դեպքում որակյալ բանվորներին ու ծառայողներին ոչ որակյալ աշխատանքի փոխադրելն արգելվում է։ Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակը չի վարձատրվում։ Խ․ Սիմոնյան

ՊԱՐԱՍԻՄՊԱՓԻԿ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, տես Վեգետատիվ նյարդային համակարգ։

ՊԱՐԱՏԻՖԵՐ (< պարա․․․ և տիֆ), աղիքային վարակիչ հիվանդությունների խումբ։ Հարուցիչները Salmonella խմբի միկրոօրգանիզմներն են։ Տարբերում են Ah В Պ․, որոնք պատճառագիտությամբ և կլինիկական դրսևորմամբ նման են որովայնային տիֆին, և պարատիֆ С, որն ընթանում է սննդային տոքսիկոինֆեկցիաների ձևով (վարակի աղբյուրլ խոշոր եղջերավոր անասուններն են, խոզերը ևն։ Մարդիկ վարակվում են հիվանդ կենդանիների միսը թերեփած վիճակում օգտագործելուց)։ А և В Պ–ի դեպքում վարակի աղբյուրը հիվանդ կամ բացիլակիր մարդն է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պ–ից հետո բացիլակրությունն առավել հաճախ է հանդիպում, սակայն կարճատև է։ Պ–ի հարուցիչները օրգանիզմից արտաթորվում են կղանքի, մեզի միջոցով և կայուն են արտաքին միջավայրում (կաթի մեջ 18–20°Շ–ում պահպանվում են մինչև 10 օր, հողում՝ մի քանի ամիս)։ Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքների, ճանճերի, վարակված առարկաների միջոցով։ Գաղտնի շրջանը 3 օրից մինչև 2 շաբաթ է։ Ի տարբերություն որովայնային տիֆի, Պ–ի սկիզբը սուր է, ընթացքը թեթև և կարճատև։ Հիմնական ախտանշաններն են՝ դող, սրտխսանոց, փսխում, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 39 С, հաճախ՝ լուծ։ Ախտորոշումը հիվանդության սկզբնական շրջանում կատարվում է արյան, այնուհետև մեզի և լեղու մեջ հարուցիչների հայտնաբերմամբ, ուշ շրջանում՝ շճաբանական հետազոտությամբ։ Բուժումը և կանխարգելումը, տես Որովայնային տիֆ հոդվածում։ Տես նաև Սալմոնելոզներ։

ՊԱՐԱՐՎԵՍՏ, Ժող․ ու պրոֆեսիոնալ պարերը վերցված պատմ․ զարգացման ընթացքում, պարի արվեստն ամբողջությամբ, պարեր և պարային (գլխավորապես բալետային) ներկայացումներ ստեղծելու արվեստը։ ժամանակակից Պ․ ունի խոր ակունքներ և կրել է Արևելքի հին ժողովուրդների ու անտիկ աշխարհի պետություններում ձևավորված Պ–ի ազդեցությունը, որը մեզ հայտնի է ոչ միայն գեղանկարչությունից ու քանդակագործությունից, այլև գրավոր վկայություններից։