Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/206

Այս էջը սրբագրված է

դիտվում է գարնան վերջին կամ ամռան սկզբներին, երբ մեղվաընտանիքի բազմացումը հասնում է առավելագույնի և երիտասարդ մեղու–կերակրողների քանակն ավելանում է։ Յուրաքանչյուր մեղվաընտանիքից կարող է անջատվել մի քանի Պ․ (3 – 8 օրվա ընթացքում), սակայն մեղվաբուծական տնտեսություններում աշխատում են սահմանափակել այն, քանի որ, հակառակ դեպքում, թուլանում է և՝ մայր մեղվաընտանիքը, և՝ Պ․, մեղուները դառնում են անկենսունակ, նվազում է մեղվաընտանիքի մթերատվությունը։ Պարսատվությունը կանխելու համար կիրառվում են հակապարաևյին միջոցառումներ (բազմացման, սնուցման, մոմաստեղծման, մեղրահավաքման և մեղուների այլ աշխատանքների առավելագույն ծանրաբեռնվածության ստեղծում), մեղվաընտանիքի արհեստական բաժանում են։ Այս միջոցառումները հնարավոր են դարձնում կարգավորելու մեղվաընտանիքի ձևավորման ժամկետները և ուժեղությունը, բարելավելու տոհմային աշխատանքները և ապահովելու մեղրի բարձր բերքի ստացումը։ Ա․ Կոթողյան

ՊԱՐՍԱՄՅԱՆ Անահիտ (Աննա) Հարությունի (ծն․ 8․8․1947, Երևան), հայ սովետական բանաստեղծուհի։ ՍՄԿԿ անդամ 1975-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1970) և Մոսկվայի Մ․ Դորկու անվ․ գրականության ինստ–ի գրական բարձրագույն դասընթացները (1981)։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում (1970–79), 1982-ից աշխատում է «Գրական թերթ»-ում։ Հանդես է եկել բանաստեղծությունների («Փյունիկ», 1973, «Խոստովանանք», 1977, «Օրվա հեքիաթներ», 1982) և պատմվածքների ու հեքիաթների («Արքայադուստրը», 1975, «Երկնագույն ափսեն», 1980) ժողովածուներով։ Նրա բանաստեղծություններին հատուկ է քնարականությունը։ Պ․ ձգտում է սիրո, հայրենասիրության և ավանդական այլ թեմաների արդիական իմաստավորման։

ՊԱՐՍԱՄՅԱՆ Մերուժան Ասատուրի [1883, գ․ Ապուչեխ (Ակն քաղաքի մոտ)–16․10․1944, Փարիզ], հայ բանաստեղծ։ Մովորել է Արմաշի դպրեվանքում (1897–1901)։ 1919-ին հաստատվել է Փարիզում։ Հիմնել և խմբագրել է «Մեր տարեցույցը» (1910 – 1914), «Կյանք և արվեստ» (1931–40, տարեգիրք, ապա ամսաթերթ, կրտսեր եղբոր՝ Մկրտիչ Պարսամյանի հետ), «Շանթ» (1911-15 և 1918-19), ինչպես նաև ֆրանս․ մի շարք պարբերականներ։ Լույս են տեսել Պ–ի «Անրջանք» (1904), «Պատրանքի ծաղիկներ» (1907), «Քրիզանթեմ» (1908), «Եփրատին զոհերը» (1908), «Բանաստեղծին սիրտը» (1910), «Մարմներգություն» (1919) և «Մարդկային» (1938) բանաստեղծությունների ժողովածուները ևն։ 1920-ից ստեղծագործել է նաև ֆրանս․ («Տղամարդը և կինը», 1925, «Բանաստեղծները Նոյան տապանի մեջ», 1933 ևն)։ Ֆրանս, գրական շրջաններին ծանոթ է ժան Մերու գրական անունով։ Հայ մամուլում գործածել է «Շանթարգել» և այլ ծածկանուններ։ Գ․ Գույումջյան

ՊԱՐՍԱՄՅԱՆ Մկրտիչ Ասատուրի [7․3․1886, գ․ Ապուչեխ (Ակն քաղաքի մոտ)–1966, Փարիզ], հայ գրող, գրականագետ։ Մովորել է նախ ծննդավայրի, ապա Մեզրեի Կեդր․ (1897 – 99) ու Կարինի Սանասարյան վարժարաններում։ Որպես ուսուցիչ կամ տնօրեն պաշտոնավարել է Մեզրեի, Կարինի, Տրապիզոնի, Կոնիայի և Սամաթիայի վարժարաններում։ 1922-ին մեկնել է Փարիզ։ Աշխատակցել է արևմտահայ, ապա սփյուռքահայ պարբերականների։ Եղբոր՝ Մերուժան Պարսամյանի հետ խմբագրել է «Կյանք և արվեստ» (1931–40, տարեգիրք, ապա՝ ամսագիր) պարբերականը։ Գրել է արձակ ստեղծագործություններ, անդրադարձել Մ․ Մեծարենցի, Մ․ Զարիֆյանի, Վ․ Թեքեյյսնի, ինչպես նաև Րաֆֆու, Ե․ Տեմիրճիպաշյանի Գ․ Զոհրապի, Ռ․ Զարդարյանի և․ ուրիշների «կյանքին ու ստեղծագործություններին։ Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է դասագրքեր, հրատարակել «Արարատ նոր երգարան»-ը, որտեղ զետեղել է նաև հայ նշանավոր երգահանների կենսագրականներ։ Կատարել Է թարգմանություններ։ Պ․ աշխատասիրել և խմբագրել է «Ակն և ակնցիք» (1952) միհատորյակը։ Գ․ Գույումջյան

ՊԱՐՍԱՄՅԱՆ Ռուբեն Հովսեփի (ծն․ 5․9․1920, Ալեքսանդրապոլ), հայ սովետական արվեստաբան, պետ․ աշխատող։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1941-ին ավարտել Է Մոսկվայի Չեռնիշևսկու անվ․ պատմության, փիլիսոփայության և գրականության ինստ–ը, 1944 –55-ին դասավանդել Լենինականի երաժշտ․ և Երևանի գեղարվեստի ուսումնարաններում, Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։ 1953–1962-ին՝ Հայաստանի պետ․ պատկերասրահի դիրեկտոր, 1959 –67-ին՝ ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ, 1967–1972-ին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկ․ ընկերության նախագահ, 1972 –79-ին՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր։ 1979-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ։ 1963-79-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր լենինյան և պետ․ մրցանակների կոմիտեի անդամ, 1961–80-ին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1971 –72-ին՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահ։ Գրել է «Ստեփան Աղաջանյան» (1963) և կազմել «Հայկական ՍՍՀ կերպարվեստը» (1957, ռուս․, հեղինակակից Մարտիկյան Ե․), «Հայաստանի պետական պատկերասրահ» (1960, ռուս․) գրքերը։ ՀՍՍՀ VII, VIII և IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է 2 «Պատվո նշան» շքանշանով։

ՊԱՐՍԱՄՅԱՆ Վարդան Արամի [ծն․ 15․10. 1909, գ․ Արզական (այժմ՝ Հրազդանի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1947), պրոֆեսոր (1947), ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931)։ 1932 –36-ին՝ ՀՍՍՀ պետ․ կենտր․ արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ և դիրեկտորի գիտական գծով տեղակալ, 1937 –42-ին՝ ՍՍՀՄ ԳԱ Հայկ․ մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943 –54-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի նոր պատմության բաժնի վարիչ, միաժամանակ (1942 – 54)՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի ՍՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1954 – 76-ին՝ Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ Գիտ․ ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905 –07 թթ․», 1955), հասարակական–քաղ․ հոսանքների, հայ–ռուս․ առնչությունների («Ա․ Ս․ Գրիբոյեդովը և հայռուսական հարաբերությունները», 1947) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական [Հայ ժողովրդի պատմություն (1801–1917 թթ․), հ․ 3, 1967] և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Խ․ Աբովյանի և Ս․ Ի․ Վավիլովի անվ․ մեդալներով։

Երկ․ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Հայաստանում, մաս 1, Ե․, 1940։ Դեկաբրիստները Հայաստանում, Ե․, 1959։ История армянского народа 1801 – 1900 гг․, кн․ 1, Е․, 1972․

ՊԱՐՍԱՏԻԿ, պարս, պարսետ (պահլ․ pars – կապ, կապիչ), ձեռնանետ հնագույն զենք։ Պատրաստվել է կաշվե փոկից (նաև բրդյա կամ բուսական թելերից), որի լայնացող միջնամասում դրել են քար կամ կապարագունդ։ Պ․ թափով պտտեցնելով գլխավերևում, ապա մի ծայրը բաց թողնելով, պարունակությունը նետել են դեպի նշանակետ։ Պ․ գործածել են որսորդության մեջ, հին աշխարհի (Եգիպտոս, Իրան, Հունաստան, Հռոմ, Հայաստան ևն), ինչպես նաև միջնադարյան մի շարք երկրների զորաբանակներում։ Պ–ով շուրջ 500մ տարածությունից կարելի էր լրջորեն վնասել անգամ զրահավոր հակառակորդին։ XVI-XVII դդ․ եվրոպ․ երկրներում Պ․ գործածել են նռնակներ նետելու համար։

ՊԱՐՍԵԼ, Պյորսել (Purcell) էդվարդ Միլս (ծն․ 30․8․1912), ամերիկացի ֆիզիկոս։ Սովորել է Պերդյուի և Հարվարդի համալսարաններում։ 1941–45-ին աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ի ռադիոլոկացիոն լաբորատորիայում։ 1938-ից դասավանդել է Հարվարդի համալսարանում (1949-ից՝ պրոֆեսոր)։ Պինդ մարմիններում միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) հայտնադործման (1946) համար 1952-ին արժանացել է նոբելյան մրցանակի [ամերիկացի ֆիզիկոս Ֆ․ Բլոխի (F․ Bloch, ծն․ 1905) հետ]։ Պ․ ցույց է տվել, որ ՄՄՌ–ի օգնությամբ կարելի է հայտնաբերել միջուկային մագնիսական մոմենտը։ 1951-ին Հ․ Ցուենի (H․ I․ Ewen) հետ հայտնաբերել է միջաստղային չեզոք ջրածնի ճառագայթումը 21 սմ երկարության ալիքով։

ՊԱՐՍԵԿ [պար(աչաքս) և լատ․ sec(unda divisio) – երկրորդ բաժանում (աստիճանի,