Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/263

Այս էջը սրբագրված է

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մարիա Իսահակի [25․03(7․04)․ 1911, Բաքու –10․11․1971, Մոսկվա], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Սովետական շինարարության և իրավունքի ադրբ․ ինստ–ի իրավաբանական ֆակուլտետը (1932)։ 1933-ից դասավանդել է Մոսկվայի և Երևանի տարբեր բուհերում։ Ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խումբը (1942–44), եղել Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահ (1945–46), Երևանի Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ի դիրեկտոր (1952–54)Հ Մոսկվայի Ս․ Օրջոնիկիձեի անվ․ ինժեներա-տնտեսագիտական ինստ–ի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1954–64)։ Հետազոտությունները վերաբերում են փիլիսոփայության պատմության, պատմական մատերիալիզմի ու բարոյագիտության, հատկապես հումանիզմի, անհատի ու հասարակության փոխհարաբերության խնդիրներին։

Երկ․ Гуманизм, М․, 1964․ Մ․ Բոչարյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Միհրան Կարապետի [30․9(13․10)․ 1909, գ․ Քաջեթ (Արևմտյան Հայաստանի Շատախ գավառում)–5․9․1960, Լենինգրադ], Սովետական Միության նավատորմի դերծովակալ (25․5․1959)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Մ․Վ․ Ֆրունզեի անվ․ բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1934)․ հատուկ հրետանային դասընթացները (1937), Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ռազմ, ակադեմիան (1946)։ 1934-ից, որպես մարտկոցի հրամանատար, ծառայել է Սևծովյան նավատորմի «Կրասնի Կրիմ», ապա «Չերվոնա Ուկրաինա» հածանավերի վրա։ 1937-ին նշանակվել է «Չերվոնա Ուկրաինայի» հրետանային դիվիզիոնի, ապա՝ մարտական մասի հրամանատար։ 1939-ից՝ «Սևաստոպոլ» հածանավի I հրետանային դիվիզիոնի հրամանատար։ Այդ պաշտոնում էլ III կարգի կապիտան Պ․ դիմավորել է Հայրենական մեծ պատերազմը, սկզբից մինչև վերջ մասնակցել Սևաստոպոլի պաշտպանությանը։ Պատերազմի ավարտից հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2 շքանշաններով։ Կ․ Հարությունյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Միսակ Ալեքսանդրի [1891, գ․ Ազայշեն (այժմ Ադրբ․ ՍՍՀ Իսմայիլիի շրջանում)–1946, Երևան]։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929)։ Որպես տեխնիկ աշխատել է Բաքվի նավթահանքերում և Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում։ Ագիտացիոն–պրոպագանդիստական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Եղել է Երևանի մեխանիկական գործարանի դիրեկտոր (1930–1932), Հայարդնախագծի կառավարիչ (1932–1937)։ 1937-ից Պ․ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դիրեկտորն էր։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Յուրի Աշոտի (ծն․ 20․7․1930, Դոնի Ռոստով), սովետական պատմաբան–արևելագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1970)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակ–ը (1952)։ 1956-ից աշխատում է ՍՍՀՍ ԳԱ արևելագիտության ինստ–ի Լենինգրադի բաժանմունքում (1963-ից՝ դիրեկտոր)։ Ուսումնասիրության թեման են Թուրքիայի նոր շրջանի հասարակական–քաղ․ մտքի, մասնավորապես՝ երիտթուրքերի գաղափարախոսության, ինչպես նաև Թուրքիայի ընդհանուր պատմության խնդիրները։

Երկ․ «Новые османы» и борьба за конституцию 1876 г․ в Турции, М․, 1958; Младотурецкое движение (вторая половина XIX- начало XX в․, М․), 1971․

ՊԵՏՐՈՍՅԱՆ Շահեն Նիկոլայի [17(30)․2․1912, գ․ Դդմաշեն (այժմ՝ Սևանի շրջանում], հայ սովետական իրավաբան։ Իրավաբանական գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1974), ՀՍՍՀ վաստ․ իրավաբան (1969)։ ՍՄԿԿ անդամ՝ 1939-ից։ Ավարտել է Երեվանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1937)։ Եղել է կուսակցության շրջկոմի քարտուղար, Երևան քաղաքի դատախազ (1942–47), ՀՍՍՀ Գերագույն դատարանի նախագահ (1950–54)։ 1954-ից դասավանդում է Երևանի համալսարանում․ 1975–78-ին՝ իրավաբանական ֆակուլտետի ․դեկան, 1978-ից՝ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ։ Հետազոտությունները վերաբերում են սովետական պետության և իրավունքի պատմությանը։

Երկ․ Սովետական պետականության կազմավորումը և զարգացումը Հայաստանում, Ե․, 1961։ ՍՍՀՄ պետական իշխանության բարձրագույն մարմինը, Ե․, 1979։ Զարգացած սոցիալիզմի պետական իշխանության մարմինները, Ե․, 1982։ Հայկական ՍՍՀ սահմանադրությունը և նրա պատմական զարգացումը, Ե․, 1982։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Պետիկ Եզեկի [1900, Նոր Բայազետ –1938], Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1925)։ 1918-ից ներգրավվել է ՌՍԴԲԿ Նոր Բայազետի կազմակերպության աշխատանքներին։ 1919–20-ին եղել է գավառի «Սպարտակ» երիտասարդական կոմունիստական կազմակերպության ղեկավարը։ Մայիսյան ապստամբության նախօրյակին բանտարկվել է։ Ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Նոր Բայազետ և շարունակել պայքարը դաշնակցական իշխանության դեմ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո կատարել է կուսակցական–սովետական աշխատանք։ Մասնակցել է փետրվարյան խռովության ճնշմանը։ 1925–29-ին աշխատել է որպես դատախազ Մեծ Ղարաքիլիսայում (Կիրովական), Լենինականում և Երևանում։ 1930–1937-ին Պ․ եղել է ՀԿ(բ)Կ էջմիածնի շրջանային, Երևանի քաղաքային կոմիտեների և ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար։ Հ․ Մելիքյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ Աամվել Քրիստափորի (16․01․1892, գ․ Թազաքենդ, այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում՝ –16․11․1971, Երևան), կուսակցական և պետական աշխատող, Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1911-ից։ Սովորել է Թիֆլիսի հաշվապահական դասընթացներում։ 1908–1913-ին աշխատել է մասնավոր ձեռնարկության գրասենյակում, միաժամանակ ագիտացիոն աշխատանք տարել բանվորների և ծառայողների շրջանում։ Ընդհատակում ծանոթացել է Ս․ Սպանդարյանի, Ս․ Օրջոնիկիձեի, Ս․ Կասյանի, Ս․ Իոսնոյանի և ուրիշների հետ։ Նրա ծառայողական հասցեով է ստացվել արտասահմանում հրատարակվող «Սոցիալ–դեմոկրատ» անլեգալ թերթը։ 1913-ին զորակոչվել է բանակ, որտեղ շարունակել է հեղափոխական գործունեությունը։ 1920-ին Թիֆլիսում մայիսմեկյան ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է։ Որոշ ժամանակ հետո անցել է Սովետական Հայաստան։ 1921-ի դաշնակցականների փետրվարյան խռովության օրերին ձերբակալվել և բանտարկվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է կուսակցական, սովետական, տնտեսական պատասխանատու մարմիններում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի ֆինբաժնի վարիչ, ՀՍՍՀ ֆինանսների և մատակարարումների ժողկոմի տեղակալ, Պետապի կառավարիչ, Նոր Բայազետի շրջգործկոմի նախագահի տեղակալ, Հացամթերումների բազայի դիրեկտոր, ՀՍՍՀ կոմունալ բանակի կառավարչի տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Սուրեն Գրիգորի [ծն․ 15․12․1916, գ․ Ռև (այժմ՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)], Սովետական Միության հերոս (24․4․1944), միլիցիայի փոխգնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Նախաբինոյի (Մոսկվայի մարզում) օդային դեսանտի ռազմ, դպրոցը (1942)։ 1939-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական պատերազմի առաջին օրերից, որպես 362-րդ գնդի ականանետային դասակի հրամանատար մարտնչել է Կամենեց–Պոդոլսկի շրջանում։ 1942-ին մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1943-ի սեպտեմբերին Չերկասսի քաղաքի մոտ դեսանտ իջեցվելով Դնեպրի ափին՝ որպես 5-րդ օդադեսանտային բրիգադի 3-րդ գումարտակի հրամանատար 2 ամիս գործել է թշնամու թիկունքում, նպաստել Դնեպրի գետանցմանը, որի համար արժանացել է հերոսի կոչման։ 1946-ին զորացրվելուց հետո աշխատել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմում, այնուհետև՝ ՆԳՄ մարմիններում։ Պարգևա–