Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/288

Այս էջը սրբագրված է

ղանկարչության և գրաֆիկայի (մասնավորապես՝ փորագրության) ասպարեզներում։ Պ․ հարում է գերիրապաշտական (սյուրռեաւիզմ) ուղղությանը։ Նրա նկարներում ավերված շենքերի բեկորները, կանանց երկրաչափականացված մարմինները, դիմակները, անեզր տարածությունները յուրովի արտահայտում են ժամանակի լարվածությունը, անորոշությունը, պատերազմի սարսափները («Սպասում», «Խաչից իջեցնելը», «Նոկտյուրն», «Մտորումներ»)։ Լիբանանի ողբերգական իրադարձությունները իրենց կնիքն են թողել Պ–ի ստեղծագործական նկարագրի վրա։ 1980-ին Պ․ Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրաբերել իր տասը փորագրությունները («Արևամուտ», 1976, «Սահման», 1977, «Ռեքվիեմ մեռած քաղաքին», 1980 են)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1968, 1975), Փարիզում (1970, 1977), Հռոմում (1974, 1976), Ամստերդամում (1978), Ֆլորենցիայում (1979) և այլուր։ Շ․ Խաչատրյան

ՊԸԼԸ ՊՈՒՂԻ [բառացի՝ խենթ–Պողոս, 1731, գ․ Ավետարանոց (այժմ՝ Չանախչի, ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)–1810],ղարաբաղցի զվարճախոս -առակախոս։ Ըստ Մակար վարդապետ Բարխուդարյանցի՝ եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս–կատակաբանը։ Պ․ Պ․ հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մ․ Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պ․ Պ–ու 189 զվարճախոսություն ու առակ և 1883-ին տպագրել Թիֆլիսում՝ «Պըլը–Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ (Ս․ Իսրայելյան, Մ․ Գրիգորյան-Սպանդարյան)։ Տպագրվել են նաև Պ․ Պ–ու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական առողջ միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։

Պ․ Պ–ու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ում, Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանում և այլուր։

Գրկ․ Ղարաբաղի զվարճախոս Պըլը Պուղին։ Հավաքեց և մշակեց Ս․ Իսրայելյան, Ե․, 1956։ Ծաղկեփունջ (հայ ժող․ աոակներ, զրույցներ, ժող․), կազմ․ Ա․ Նազինյանը, Ե․, 1960։ Լեռնային Ղարաբաղի բանահյուսությունը։ Գրառումը, րնագրի պատրաստումը և ծանոթագրությունները Մ․ Մ․ Գրիգորյան–Սպանդարյանի, Ե․, 1971։ Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից, կազմ․ Մ․ Առաքելյան և Ռ․ Ղահրամանյան, Ե․, 1978, էջ 91–92, 99։ Ա․ Նազինյան

ՊԻ, π (հավանաբար հուն, nepicpepeia - շրջանագիծ, ծայրամաս բառի սկզբնատառը), մաթեմատիկական նշան, որն օգտագործվում է որոշակի թիվ՝ շրջանագծի և դրա տրամագծի երկարությունների հարաբերությունը նշանակելու համար։ Այդ նշանակումն առաջին անգամ օգտագործել է անգլիացի մաթեմատիկոս Օւ․ Ջոնսը (1706), իսկ համընդհանուր գործածության է դրվել Լ․ էրերի աշխատանքներից (1736) հետո։ π թիվը իռացիոնալ է և, որպես այդպիսին, ներկայացվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակի տեսքով՝ π= 3,141 592 653 588 793 233 462 643․․․։ Գործնական հաշիվներում բավական է π թիվն ունենալ մի քանի տասնորդական նիշերի ճշտությամբ․ աղյուսակներում սովորաբար տրվում են π, 1/π, π² թվերի 4-ից 7 տասնորդական նիշերը։

π թվի իռացիոնալությունն ապացուցել են (XVIII դ․) գերմանացի մաթեմատիկոս 6ո․ Հ․ Լամբերտը և Ա․ Լեժանդրը, իսկ գերմանացի մաթեմատիկոս Ֆ․ Լինդեմանը 1882-ին ցույց է տվել, որ π-ն արանսցենդենա թիվ է․ դրանով իսկ ապացուցվեց շրջանի քառակ ասաց ման խնդրի՝ կարկինով և քանոնով լուծման անհնարինությունը։

ՊԻԱԺԵ' ժան (1896–1980), շվեյցարացի հոգեբան, մանկավարժ, փիլիսոփա։ Մտածողության հոգեբանական և իմացաբանական հարցերի լուծման նոր ուղղության հիմնադիր։ Սովորել է Նեշատալի, Ցյուրիխի, Փարիզի համալսարաններում։ Նևշատալի (1926–29), ժնեի (1929-ից) և Լոգանի (1937–54) համալսարանների պրոֆեսոր։ Գիտ․ առաջին աշխատանքը հրատարակվել է 15 տարեկանում։ Զարգացրել է հոգեկանի մասին գենետիկական ընդհանրացված տեսությունը, մշակել տրամաբանական և իմացաբանական, հոգեբանական և կենսաբանական հասկացությունների համակարգ։ Մեծ ավանդ ունի մանկական հոգեբանության մեջ։ Տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների համագործակցությամբ, ճանաչողության միասնական տեսություն ստեղծելու նպատակով հիմնադրել է Գենետիկական իմացաբանության միջազգային կենտրոն (Փարիզ, 1955)։ 1929-ից՝ ժնեի ժ․ ժ․ Ռուսոյի ինստ–ի դիրեկտոր։ Գիտական ուղևորությամբ եղել է ՍՍՀՄ–ում (1955, 1966)։

Երկ․ Речь и мышление ребёнка, М․, 1932; Генезис элементарных логических структур, М․․ 1963 (հեղինակակից՝ Б․ Инельдер); Избранные психологические труды, М․, 1969; La representation du monde chez Г enfant, P․, 1926; La causalite physique chez l’enfant, P․, 1927; Le jugement moral chez l’enfant, P․, 1932; La psychologie de 1’intel ligence, P․, 1946; Introduction a l’epistemologie genetique, v․ 1 – 3, P․, 1949–50; Memoire et intelligence, P․, 1968; Le comportement moteur de revolution, P․, 1976․ Գրկ․ Флейвелл Д․ X․, Генетическая психология Ж․ Пиаже, пер․ с англ․, М․, 1967․

ՊԻԱՆՈ (իտալ․ piano, բառացի՝ մեղմ, կրճատ գրվում է՝ p), երաժշտության մեջ՝ դինամիկայի հիմնական նշումներից մեկը։ Հակադիր է ֆորւոեին։ Պիանիսսիմո՝ pianissimo (рр)՝ շատ մեղմ, պիանո պիանիսսիմո՝ piano pianissimo (ppp)՝ ավելի շատ մեղմ են։ Պ․ բառը հաճախ գործածվել է forte piano (դաշնամուր)–ի փոխարեն և իբրև դրա կրճատ նշում։

ՊԻԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Տեղը դեռևս վերջնականորեն չի ճշտված։ Ակադեմիկոս Ս․ Երեմյանի կարծիքով՝ Պ․ տարածվել է Խաչենագետի և Գարգար գետերի միջև, Բայան գյուղի շրջակայքում։

ՊԻԱՈՒԻ (Piaui), նահանգ Բրազիլիայի հս–արլ–ում, Պառնաիբա գետի ավազանում։ Տարածությունը 250,9 հզ․ կմ2 է, բն․՝ 2110 հզ․ (1977)։ Վարչական և տնտ․ կենտրոնը՝ Թերեզինա։ Զբաղվում են արոտային անասնապահությամբ, հողագործությամբ, կառնաուբյան մոմի հավաքով։ Մշակում են հացարմատ, բրինձ, շաքարեղեգ։ Կա սննդի, տեքստիլ, կաշվի–կոշիկի արդյունաբերություն։

ՊԻԱՖ (Piaf) էդիտ (իսկական անունը և ազգանունը՝ էդիտ Ջովաննա Գասսիոն, Gassion) (1915–1963), ֆրանս․ էստրադային երգչուհի։ Հանդես է եկել Փարիզի «ժեռնի» կաբարեում, մյուզիկ հոլլում, Մեդրանո կրկեսում և այլուր։ 1936-ից աշխատել է բանաստեղծ Ռ․ Ասսոյի և կոմպոզիտոր Մ․ Մոննոյի հետ, որոնց համագործակցությամբ ձևավորվել են Պ–ի 1940-ական թթ․ երկացանկի հիմնական գծերը։ Նրա կատարած երգերից շատերը իր իսկ քնարական ինքնանկարն են։ Պ–ի կատարման էքսպրեսիվ, միևնույն ժամանակ դեմոկրատական մաներան, նրբերանգներով հարուստ ձայնը լայն ճանաչում բերին նրան։ 1938-ից Պ․ նկարահանվել է կինոյում («Անանուն աստղ», 1945, «Փարիզը շարունակում է երգել», 1951)։ Իր կատարած որոշ երգերի տեքստի և երաժշտության հեղինակն է («Կյանքը վարդագույն լույսի տակ»)։ Պ–ի շնորհիվ ճանաչում ստացած երգիչներից են Շ․ Ազնավուրը, ժ․ Մուստակին։ 1945-ից հանդես է եկել «Երգի ուղեկիցներ» անսամբլի հետ։ Ստեղծագործության վերջին շրջանում Պ–ի երկացանկը հարստացել է տրամադրությունների և հոգեվիճակների պոեմներով։ Պ․ էստրադային արվեստի մասին մի քանի գրքերի հեղինակ է։

Երկ․ Au bal la chance, P․–Geneve, 1958; Ma vie, P․, [1964]․

Գրկ․ Кончаловская H․, Песня собранная в кулак, М․, 1965; Эдит Пиаф․․․ На балу удачи․․․, М․, 1965; Costa z G․, Edith Piaf․ Choix de chansons, P․, [1974]․

ՊԻԳԱԼ (Pigalle) ժան Բատիստ (1714–1785), ֆրանսիացի քանդակագործ։ 1722-ից սովորել է Ռ․ Լը Լոռենի և ժ․ Բ․ Լեմուանի մոտ։ Ռոկոկոյից կլասիցիզմ անցումնային ոճով ստեղծել է դիցաբանական և այլաբանական արձաններ և արձանախմբեր («Մույկը կապող Մերկուրիոսը», 1744, «Վանդակով տղան», 1749, երկուսն էլ՝ մարմար, Լուվր, Փարիզ)։