Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/397

Այս էջը սրբագրված է

ների նոր փուլին։ Պ–ի նավագնացական և քարտեզագրական գիտությունները ընդհուպ մինչե XVI դ․ վերջը մնում էին որպես օրինակ Եվրոպայի համար։ Մինչև XVIII դ․ համընդհանուր օգտագործման մեջ էին երկարության որոշման համար XV դ․ վերջին աստղագետ Ա․ Զակուտոյի կազմած հակումների աղյուսակները։ XVI դ․ կեսերին մաթեմատիկոս և աստղագետ Պ․ Նունիշը ստեղծեց նոնիուսը և հետազոտեց լոքսոդրոմիայի հատկությունները։ XVI–XVII դդ․ հրատարակվեցին մի շարք կենսաբանաբժշկագիտական աշխատանքներ։ XVII դ․ 1-ին կեսին արշավախմբեր կազմակերպվեցին դեպի Աֆրիկայի և Ասիայի մայրցամաքային շրջանները, ինչպես նաև Բրւսզիլիա։ Բնագիտական հետազոտությունների աշխուժացումն սկսվեց XVIII դ․ վերջում։ 1772-ին Կոիմբրայի համալսարանում ստեղծվեցին մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետներ, ինչպես նաև քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, կենդանաբանական թանգարան։ 1779-ին հիմնադրվեց Լիսաբոնի ԳԱ–ն, որտեղ, ինչպես նաև Կոիմբրայի համալսարանում աշխատում էին օտարերկրացի գիտնականներ (հիմնականում իտալացիներ)։ Գիտության զարգացումն առավել ինտենսիվացավ 1820-ի հեղափոխությունից հետո, երբ ստեղծվեցին գիտական ընկերություններ և հանձնաժողովներ, թանգարաններ։ 1852-ին պոլիտեխ․ ինստ–ներ հիմնադրվեցին Լիսաբոնում և Պորտուում։ XIX ղ․ 70-ական թթ․ Աֆրիկայում երկաթուղիների անցկացման նախագծերի և եվրոպ․ երկրների գաղութային էքսպանսիայի ընդհանուր ուժեղացման հետ կապված Պ–ում դարձյալ հետաքրքրություն առաջացավ արևադարձային երկրների հետազոտման նկատմամբ։ 1875-ին Լիսաբոնում կազմակերպվեցին աշխարհագրական ընկերություն և Անդրծովյան տարածքների Ազգագրական թանգարան։ Նշանակալից գիտ․ արդյունքներ տվեցին Ա․ Սիլվա Պորտուի աֆրիկյան (1852–53), Ա․ Սերպա Պինտուի (1877–79) և այլ արշավախմբերը։

1910-ի հեղափոխությունից հետո վերստեղծվեց Լիսաբոնի համալսարանը, Պորտուում բացվեց համալսարան (1911), հիմնադրվեցին մի շարք գիտ․ հաստատություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և 1939–45-ին արագացավ հանքային, հատկապես վոլֆրամի հումքի հետախուզումը և մշակումը։ Ուրան արդյունահանող արդյունաբերության մեջ ետպատերազմյան շրջանում մեծ նշանակություն են ստանում հանքերի հետազոտություններն ու մշակումը, ստեղծվում ատոմային լաբորատորիաներ։ Աշխատանքներ են տարվում աստղագիտության և երկրաֆիզիկայի, շինարարական գործի, արևադարձային բժշկագիտության ուղղությամբ։

XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Կարևորագույններից են՝ «Ավանտե» («Avante!», 1931-ից, Պորտուգ․ կոմկուսի կենտրոնական կոմիտեի օրգան), «Դիարիու դի Նոտիսիաշ» («Diario de Noticias», 1864-ից), «Դիարիու» («Օ Diario», 1976-ից), «Կոռեյա դա մանյա» («Correio da Manha», 1979-ից), «Պովու լիվրի» («Povo Livre», 1974-ից, սոցիալ–դեմոկրատական կուսակցության օրգան) թերթերը, «Միլիտանտի» («Օ Militante»), «էսպրեսու» («Expresso», 1979-ից), «Տեմպու» («Tempo*, 1974-ից) հանդեսները։

Աժենսիա նոաիսիոգա օֆիսիալ պորաուգեցա – ԱՆՕՊ (Agencia Noticiosa Oficial Portuguesa-ANOP), ազգային ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1975-ին (1947-ին հիմնադրված գործակալության հիմքի վրա)։ 1974-ից ռադիո– և հեռուստահաղորդումները գտնվում են կառավարության հսկողության տակ։ Ռադիոհաղորդումները տրվում են պորտուգ․, իսպ․, իտալ․, գերմ․ և ֆրանս լեզուներով։

XIII․ Գրականությունը Պ–ի գրականության առավել վաղ նմուշներն են Ա․ ժիրալդիշի (XIV դ․) հերոսական պոեմից պահպանված հատվածը և ժող․ քնարական ստեղծագործություններ։ XIII –XV դդ․ ասպետական քնարերգության բազմաթիվ նմուշներ զետեղված են «կանցոններ»-ում։ Այդ շրջանում կղերական գրականությունը լատիներենից անցել է ժող․ լեզվին։ XV դ․ սկզբից ստեղծվել են Ֆ․ Լոպիշի (1380–1460), Գ․ էանիշ դի Ազուրարայի (1410–1474) և այլոց պատմ․ ժամանակագրությունները, որոնցում արժանահավատ փաստերը զուգորդվել են լեգենդների և զրույցների հետ։ XV դ․ վերջից սկսած Պ–ի տնտեսության վերելքի ու բուրժ․ հարաբերությունների առաջացման, քաղ․ հզորության ամրապնդման պայմաններում ստեղծվել է Վերածննդի գրականությունը։ Դրա սկզբնավորողներից մեկը՝ պորտուգ․ թատրոնի հիմնադիր ժ․ Վիսենտեն (մոտ 1470–մոտ 1536), իր պիեսներում քննադատել է հասարակական արատներն ու եկեղեցին։ Վերածննդի գրողների մեծ մասին՝ Բ․ Ռիբեյրու (մոտ 1482–1552), Ֆ․ Սա դի Միրանդա (1481–1558), Ա․ Ֆեռեյրա (1528–1569), հւստկանշական է կողմնորոշումը դեպի իտալ․ Վերածնության նմուշները։ Պ–ում Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչն է դրամատուրգ և բանաստեղծ Լ․ դի Կամոենսը (1524 կամ 1525–1580)։

XVI դ․ կեսին տնտ․ ու քաղ․ ճգնաժամի պայմաններում Պ–ի Վերածնության գրականությունը անկում է ապրել։ Պոեզիայում տարածվել է Լ․ դե Գոնգորա–ի–Արգոտեի ազդեցությունը, նկատելի տեղ են գրավել միստիկական տրամադրությունները։ XVII –XVIII դդ․ Վերածննդի մարդասիրական ավանդույթներին են հետևել միայն բանաստեղծ Ֆ․ Ռ․ Լոբուն (XVIII դ․ սկիզբ), դրամատուրգներ Մ․ Մաշադուն (1570–1640), ժ․ Ֆեռեյրա դի Վաշկոնսելուշը (1515–85), Ա․ Սեռան դի Կաշտրուն (1610-85) և Ա․ Ժ․ Սիլվան (1705-39)։ XVIII դ․ կեսին Պ–ի գրականություն են թափանցել Լուսավորության գաղափարները։ XIX դ, 30-ական թթ․ ծաղկում է ապրել ռոմանտիզմը, որի հիմնադիրն էր ժ․ Բ․ Ալմեյդա Գառետը (1799–1854)։ XIX դ․ կեսին Պ–ի գրականության մեջ ուժեղացել է հետաքրքրությունը ժամանակակից թեմայի նկատմամբ։ Ռոմանտիզմի կողմնակիցների դեմ, հանուն ռեալիստական մեթոդի, հանդես են եկել «կոիմբրյան դպրոցի» գրողները, որի խոշորագույն ներկայացուցիչն էր ժ․ Մ․ էսա դի Կեյրուշը (1843–1900)։

XX դ․ Պ–ի գրականության մեջ երևան են եկել դեկադենտական տրամադրություններ: Դեռևս Ա․ Նոբրիի (1867–1900)ստեղծագործություններում զգացվել է սիմվոլիզմը, որի առաջնորդն էր բանաստեղծ է․ դի Կաշտրուն (1869–1944)։ Դյեկադանսին տուրք են տվել նաև XX դ․ խոշորագույն քնարերգուներ Ֆ․ Պեսուան (1888–1935) և Մ․ դի Սա Կառնեյրուն (1890–1915)։ Հիասթափությունը 1910-ի բուրժ․ հեղափոխությունից և ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումը (1926) ուժեղացրել են հոռետեսական տրամադրությունները Պ–ի բուրժ․ մտավորականության շրջանում (Գ․ դի Ֆարիա, 1907–29, Ժ․ դի Բրուժիշ, 1899–1952, Ա․ դի Աոուզ, ծն․ 1898, ժ․ դի Ալմեյդա Նեգրեյրուշ, ծն․ 1893, Բ․ դա Ֆոնսեկա, ծն․ 1905)։ Երկրում դեմոկրատական շարժման աճը ազդեցություն է գործել առաջադեմ գրողների վրա և ուժեղացրել նրանց ձգտումը սոցիալական թեմայի, կյանքի ռեալիստական պատկերման նկատմամբ (Ա․ Ռիբեյրու, 1885–1963, ժ․ Մ․ Ֆեռեյրա դի Կաշտրու, ծն․ 1898, Ա․ Ռոդրիգիշ, ծն․ 1904, Տ․ Կին, ծն․ 1915)։

1940-ական թթ․ մոդեռնիստների դեմ մղված պայքարում է ձևավորվել նեոռեալիստ գրողների խումբը (ժ․ Գոմիշ Ֆեռեյրա, ծն․ 1900, Ա․ Ռեդոլ, 1911 – 69, Ս․ Ժ․ Պերեյրա Գոմիշ, 1909–49, Ֆ․ Նամորա Գոնսալվիշ, ծն․ 1919)։

Դեմոկրատական ազատությունների և սոցիալական արդարության համար պայքարն արտացոլվել է Մ․ դա Ֆոնսեկայի (ծն․ 1911), Մ․ դու Նասիմենտուի (1912– 1966), Ա․ Կաբրալի (ծն․ 1917), Կ․ դի Օլիվեյրայի (ծն․ 1921), ժ․ Կարդոզու Պիրիշի (ծն․ 1925), Լ․ Ֆ․ Ռեբելուի (ծն․ 1924) և այլոց ստեղծագործություններում։ 1974-ին ֆաշիստ, վարչակարգի տապալումից հետո առաջադեմ գրողները ակտիվորեն ներգրավվել են նոր, դեմոկրատական Պ–ի կառուցման մեջ։

XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը Պալեոլիթի դարաշրջանից պահպանվել են ժայռապատկերներ (Սանտյագու դու էշկորալում), նեոլիթից՝ դոլմեններ, խեցեղեն, մարդակերպ արձանիկներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին լուզիտանների ցեղերը կառուցել են հատակագծում շրջանաձև ավազաքարե՝ տներով ամրացված բնակավայրեր, նվաճողները (հռոմեացիներ, վեստգոթեր, արաբներ ևն)՝ ճարտ․ տարբեր կառույցներ, որոնք հարստացրել են քարի շինարվեստի տեղական ավանդույթները։ XII դ․ լուզիտանների նախկին բնակավայրերը դարձել են անկանոն հատակագծով քաղաքներ։ Ռոմանական ոճի ճարտ–ը (մեծաչափ քաղաքային ամրոցատիպ տաճարներ Բրագայում, Վիգեույում, էվորայում, Լիսաբոնում, բազմաթիվ մենաստաններ և ծխական եկեղեցիներ) բոլորովին զուրկ է ճոխ հարդարանքից։ XII – XIV դդ․ վանքերի տաճարները, որ հատակագծում և ինտերիերի