Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/411

Այս էջը սրբագրված է

դիպում է ավելի քան 200 աեսակ, որոնցից մոտ 50-ը վնասում են անտառային և գյուղական տնտեսություններին, հատկապես պտղաբուծությանը։ Բերքի կորուստը հաճախ հասնում է մոտ 50%–ի։ Առավել վնասակարներն են՝ խնձորենու, սալորենու, տանձենու, ոլոռի, ․արևելյան Պ․։ ՀՍՍՀ–ում տարածված են 4 տեսակ՝ խնձորենու, տանձենու, սալորենու և արևելյան Պ․։ ՀՍՍՀ–ում խնձորենու Պ․ տարածված են խնձորենու մշակության բոլոր շրջաններում։ Ցածրադիր գոտիներում տալիս են տարեկան 3 սերունդ, նախալեռնային գոտում՝ 2, լեռնայինում՝ 1։ Տանձենու Պ․ տարածված են Արարատյան դաշտում, Ղափանի, Դորիսի, Նոյեմբերյանի, Իջևանի, Աշտարակի, Աբովյանի շրջաններում։ Տարեկան տալիս են 1 սերունդ։ Սալորենու Պ․ տարածված են ՀՍՍՀ պտղաբուծական բոլոր շրջաններում, տարեկան տալիս են 3 սերունդ։ Արևելյան Պ․ կարանտինային վնասատու է, տարածված է ՀՍՍՀ հս–արլ․ գոտում, վեգետացիայի ընթացքում տալիս են 5 սերունդ։ Վնասում է դեղձենու, սերկևիլենու, տանձենու, խնձորենու, բալենու, սալորենու պտուղները, ինչպես նաև մատղաշ շիվերը։ Պայքարի միջոցները, կարանտին, ագրոտեխ․ միջոցառումներ, պլանտացիաների մշակումը միջատասպաններով։ Ա․ Առաքեւյան

ՊՏՂԱՃԱՆՃԵՐ (Drosophilidae), երկթևանի միջատների ընտանիք։ Թրթուրները զարգանում են փտող պտուղներում և հանդիպում են հատկապես մրգերի ու բանջարեղենի պահեստներում։ Առավել հայտնի է դրոզոֆիլների սեռը։ Վերջիններս մանր միջատներ են, մարմնի երկարությունը մինչև 3,5 ՎՎ է, ունեն կարմիր աչքեր։ Լայնորեն տարածված են ամենուրեք (ՍՍՀՄ–ում՝ 25-ից ավելի տեսակ)։ Որոշ, տեսակներ, հատկապես սովորական պտղաճանճը (D․ melanogaster) գենետիկական հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են (հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ)։ Թ․ Մորգանի աշխատանքներից հետո հատկանիշների ժառանգման ուսումնասիրությունը դրոֆոզիլների վրա դարձավ ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձառական հիմքը։

ՊՏՂԱՇԱՔԱՐ, տես Լեուշոզ։

ՊՏՂԱՊԱՀԵՍՏԱՐԱՆ, շինություն թարմ պտուղների պահպանման համար։ Պ–ում ստեղծում են օդի պահանջվող ջերմաստիճան (բնական սառեցմամբ և սառնարաններով), խոնավություն (արհեստական խոնավացման միջոցով), ինչպես նաև որոշակի բաղադրության գազային միջավայր (խցիկներում ստեղծվում է գազախառնուրդի մղումով կամ պտուղների ֆիզիոլոգիական ակտիվության շնորհիվ՝ թթվածնի կլանում և ածխաթթվի արտադրում)։ Պ–ները լինում են հերմետիկ և ոչ հերմետիկ խցիկներով։

Պահպանվող մթերքների տեսականուց և պտուղների պահպանման ժամկետներից կախված Պ–ները բաժանվում են, համապատասխանաբար, մասնագիտացված (մեկ տեսակի պտղի պահպանման համար), համապիտանի (տարբեր տեսակի պտուղների պահպանման համար) և սառեցման կայան (մինչև տեղափոխումը պաղի ամառային սորտերի և խաղողի սառեցման համար), ձմեռային սորտերի երկարատև պահպանման պահեստների և համակցված տիպերի։ Պ–ները լինում են նաև վերգետնյա, կիսախոր և խոր ձևերի։ Պ–ները կառուցում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով և տեղական շինանյութերով։

ՊՏՂԱՍՈՐՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, պոմոլոգիա (< լատ․ pomum – պտուղ և․․․ չոգիա), գյուղատնտեսական գիտություն, զբաղվում է պտղատու և հատապտղատու բույսերի սորտերի ուսումնասիրությամբ՝ լավագույնները ընտրելու, տարբեր շրջաններում աճեցնելու, այգիների սորտային կազմը ու առանձին սորտերը բարելավելու և դրանք արդյունավետ օգտագործելու նպատակով։ Պ–յան հիմնադիրը ռուս գիտնական և գրող Ա․Տ․Բուոտովն է։ ՍՍՀՄ–ում Պ–յան զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցան Ի․ Վ․ Միչուրինի աշխատանքները։ Պ․ սելեկցիայի բաղադրիչ մասն է (նախկինում սելեկցիան մտնում էր Պ–յան մեջ)։ Պ–յան հիմնական խնդիրն է պտղատու բույսերի սորտերի արտադրական-կենսաբանական հատկությունների և հատկանիշների ուսումնասիրությունը ըստ շրջանների։ Ուսումնասիրվում են նաև աճի և զարգացման առանձնահատկությունները տնկարանում և այգում, պատվաստացուի և պատվաստակալի համաճման աստիճանը, ֆենոլոգիական փուլերը, ցրտադիմացկունությունը և չորադիմացկունությունը, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայունությունը, ինքնափոշոտման աստիճանը և լավագույն փոշոտիչները, պտղաբերության անցման ժամկետը և տիպը, բերքատվությունը, պտուղների հասունացման ժամկետները, որակը, քիմ․ կազմը, պահունակությունը, փոխադրունակությունը։ Պ. զբաղվում է նաև սորտերի ծագման, տարածման, ձևաբանական առանձնահատկությունների, կենսբ․ և տնտ․ առանձնահատկությունների և հատկանիշների պահպանման, կլոնային սելեկցիայի, ինչպես նաև ժող․ սելեկցիայով ստացված տեղական սորտերի տնտ․ գնահատման ևն հարցերով։ Տես նաև Սորտափորձարկում։

Գրկ. Рытов М․ В․, Избр․ труды, М․, 1956; Симиренко Л․ П․, Помология, т․ 1-3, Киев, 1961-63․

ՊՏՂԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդի աջ ափին, շրջկենտրոնից 10 կմ հս–արմ․։ Պտղախաղողագործական, սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։

ՊՏՂԱՎԻԺՈՒՄ, պտղաթափ, պտուղների թափման երևույթ։ Տեղի է ունենում 1․ ծաղկման փուլում և ծաղկումից անմիջապես հետո, 2․ ծաղկումից երկու շաբաթ անց և 3․ ծաղկումից 1 – 1,5 ամիս հետո և կոչվում է «հունիսյան Պ․»։ Պ–ման հիմնական պատճառներն են․ ծաղկի կառուցվածքի թերությունները, փոշոտման և բեղմնավորման վրա ազդող արտաքին և ներքին անբարենպաստ պայմանները՝ սննդանյութերի և ջրի անբավարար քանակը, վնասատուները, հիվանդությունները, ինչպես նաև պղտատեսակների սորտերի ֆիզիոլոգիական անհամապատասխանությունը։ Պ․ կանխելու համար մինչև ծառերի ծաղկումը պետք է կատարել այգիների ազոտական սնուցում, կարգավորել հողերի ջրային ռեժիմը ևն։ Արդ․ տնկարկներ հիմնելիս՝ խաչաձև փոշոտվող տեսակները՝ խնձորենին, տանձենին, ծիրանենին, բալենին, կեռասենին, սալորենին պետք է ապահովել համապատասխան փոշոտիչներով։ Պտղատու ծառերի բնականոն փոշոտման համար անհրաժեշտ է այգիների մոտ տեղադրել մեղվաընտանիքներ՝ մեկ հա–ի համար 2–3 փեթակ։ Գ․ Հովհաննիսյան

ՊՏՂԱՓՏՈՒՄ, մոնիլիոզ, պտղատու ծառերի հիվանդություն։ Հարուցիչները Monilia սեռի անկատար սնկերն են։ Հիվանդության նշաններն են․ պտուղների (երբեմն նաև ծաղկաբողբոջների, ծաղիկների, տերևների, մատղաշ ընձյուղների) փտումը և չորացումը։ Հիվանդության զարգացմանը նպաստում է ցուրտ և խոնավ եղանակը։ Մեծ վնաս է պատճառում կորիզավորներին և հնդավորներին։ Տարածված վնասատուներից են․ Monilia cinerea Bonord-ը, որը վնասում է կորիզավորներին։ Monilia fructigena Pers-ը վնասում է հնդավորներից՝ խնձորենուն, տանձենուն, սերկևիլենուն, կորիզավորներից՝ դեղձենուն, սալորենուն, բալենուն, կեռասենուն, ծիրանենուն։ Monilia cydonia-ն վնասում է միայն սերկևիլենուն։ ՀՍՍՀ–ում շատ է տարածված հս–արլ․ և հս․ շրջաններում։ Պ այքարի միջոցները․ ագրոտեխնիկական (մերձբնային տարածությունների փորում ևն), մեխանիկական (վնասված պտուղների հավաքում ևն), քիմ․ (սրսկում սնկասպաններով ևն)։ Ա․ Առաքեղյան