Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/49

Այս էջը սրբագրված է

տաժ», «Ակվարիում», «Նիկիտինսկի») թատրոններում։ 1921-ից հանդես է եկել էստրադայում։ Եղել է կատակերգակ դեդասան (Բոբչինսկի, Գոգոլի «Ռևիզոր», Միտրոֆան, Ֆոնվիզինի «Տհաս» են)։ Մ․ Սավինայի հետ Չ․ հյուրախաղերով ելույթներ է ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներում։ Գրել է 49, թարգմանել ու փոխադրել ավելի քան 100 պիես։ Չ–ին մեծ ճանաչում է բերել «Թանկագին համբույր» պիեսը, որը բեմադրվել է 1897-ին՝ Կորշի թատրոնում, իսկ հայ թատրոնում խաղացվել է Կ․ Չալաբյանի, Ե․ Խաժակի, Անդրանիկի (Աողոմոնյան) և այլոց թարգմանությամբ։ Չ․ իր հոդվածներում անդրադարձել է Պ․ Ադամյանի, Ս․ և Ա․ Սաֆրազյանների, Գոհարիկ Շիրինյանի, Հովհաննես Կյուրեղյանի գործունեությանը։ Բ․ Հովակիմյան

ՉԻՆԱՑԻՆԵՐ (ինքնանվանումի հան), ազգ։ Չինաստանի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 1 մլրդ (1982), որի 94%–ը4 ՉԺՀ–ում։ Առավել խոշոր խմբերով բնակվում են նաև Թաիլանդում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Վիետնամում, Քիրմայում, Ֆիլիպիններում, Կամպուչիայում։ Լեզուն չինարենն է, որը պատկանում է չին–տիբեթական ընտանիքին, ընդգրկում միմյանցից խիստ տարբերվող մի քանի բարբառ։ Գիրը հիերոգլիֆային է։ Մարդաբանորեն միատարր չեն։ Հիմնական մասը պատկանում է մոնղոլոիդ մեծ ռասայի խաղաղօվկիանոսյան ճյուղին, հս․ Չ–ի մեջ գերակշռում են արևելաասիական, իսկ հվ․ Չ–ի մեջ՝ հարավասիական խմբերի տարատեսակներ։ Կրոն, պատկերացումներում համադրված են տարբեր կրոնների և հավատալիքների զանազան տարրեր։ Առավել նշանակալից է եղել նախնիների պաշտամունքը։ Սկզբում տարածված են եղել դաոսականությունն ու կոնֆուցիոսականությունը, այնուհետև՝ բուդդայականությունը, առավել քիչ՝ մահմեդականությունը, մասամբ՝ քրիստոնեությունը։ Չ–ի նախնիների թվին են պատկանում Հուանհե և Ցանցզի գետերի ավազանների երկրագործ ցեղերը, որոնք ստեղծել են մ․ թ․ ա․ III – II հազարամյակների նեոլիթյան մշակույթ։ Մ․ թ․ ա․ II հազարամյակում այժմյան Հենան, Շենսի, Շանսի նահանգների տարածքում առաջացել է Ին վաղ պետ․ կազմավորումը, որի բնակիչների լեզվի հիման վրա զարգացել է հին չինարենը։ Մ․ թ․ ա․ XI դ․ արմ․ հարևան չժոու ցեղը նվաճել է Ին պետությունը։ Մ․ թ․ ա․ XI –III դդ․ ին և չժոու ժողովուրդների միախառնված հետնորդների շրջակայքում ապրել են չին․ աղբյուրներում հավաքական անվանումներով հայտնի զանազան ցեղեր (հվ–ում՝ ման, արմ–ում՝ ժուն, հս–ում՝ դի, արլ–ում՝ ի)։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսից չին․ աղբյուրներում հիշատակված են Ցանցզիից հվ․ բնակվող յուէ բազմաթիվ ցեղերը։ Դրանք հիմնականում եղել են տայ ժողովուրդների նախնիները։

Հան դինաստիայի (Ցանցզիի Հան վտակի անունից) ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ III –մ․ թ․ III դդ․) կազմավորվել է հին չին․ ժողովուրդը, իսկ դինաստիայի անունը դարձել Չ–ի ինքնանվանումը։ Հան պետության ընդարձակումն ուղեկցվել է Չ–ի նշանակալից վերաբնակեցումներով (առավելապես դեպի հվ․) և, որպես կանոն, Արևելյան Ասիայի այլ ժողովուրդների ձուլմամբ։ Տան դինաստիայի ժամանակաշրջանում (VI–IX դդ․) տրոհված Չինաստանի վերամիավորումը նպաստել է Չ–ի էթնիկական համախմբմանը։ Սակայն այդ ժամանակաշրջանում էլ Չ–ի բնակության ոլորտը ամենևին չէր ընդգրկում այժմյան Չինաստանի ամբողջ տարածքը։ Հս–ում միմյանց հաջորդել են թյուրք, և մոնղոլ, անկախ քոչվոր միավորումները, իսկ հվ–արմ–ում գոյատևել են գլխավորապես ի, տան, մոնքմերական ժողովուրդների նախնիներով բնակված պետություններ։ Սուն դինաստիայի ժամանակաշրջանում (X–XIII դդ․) Չինաստանը բաժանվել է հս․ և հվ․ մասերի։ Հս–ում սկզբում տիրապետել են մոնղոլալեզու կիդանները (որոնց անունով էլ՝ ռուս․ «Կիտայ» անվանումը), այնուհետև՝ տունգուսա–մանջուրական լեզվով խոսող չժուրչժենները։ XIII դ․ կեսին այժմյան Չ–ի տարածքը նվաճել են մոնղոլները։ Մանջուրական Ցին դինաստիայի ժամանակաշրջանում (1664–1911) հիմնականում ձևավորվեցին Չինաստանի այժմյան քաղ․ սահմանները։ XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին, Չինաստանում կապիտալիստ, հարաբերությունների զարգացման և չին․ ազգի կազմավորման ընթացքում, Չ․ աստիճանաբար բնակեցնում են Մանջուրիան։

ՉԺՀ–ում Չ–ի 80% –ից ավելին զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Զարգացած են մի շարք արհեստներ (ջուլհակություն, բրուտություն, փայտի, ոսկրի, քարի փորագրություն, ասեղնագործություն են), հռչակված է չին․ ապակին՝ ճենապակին։ Պատմության, տնտեսության մշակույթի մասին տես նաև Չինաաոան հոդվածում։

Գրկ․ Очерки общей этнографии․ Зарубежная Азия, М-, 1959; Народы Восточной Азии, М․–Л․, 1965․

ՉԻՆԳԻԶ ԽԱՆ, Թեմուչին (մոտ 1155–1227), մոնղ․ ֆեոդ, կայսրության հիմնադիր, զորավար։ Իշխանության համար պայքարում հաղթել է (մինչև 1204-ը) իր հակառակորդներին։ 1206-ին մոնղ․ ավագանու ղուրուլթայում (համաժողով) հռչակվել է մեծ խան և ստացել Չինգիզ (ուժեղ, հզոր) տիտղոսը։ Չ․ խ․ ձգտել է միավորել մոնղ․ ցեղերին և կենտրոնացնել նորաստեղծ պետության կառավարումը։ 1206-ին հրապարակել է մոնղոլների համակարգված սովորութային իրավունքը (յասա), մոնղ․ ցեղերի զբաղեցրած տարածքները բաժանել է ռազմավարժական միավորների, որոնք իբրև բաժնեկալվածք Չ․ խ․ շնորհել է իր ազգականներին և իր կողմնակից ֆեոդալներին՝ նոյոններին։ Ստեղծել է 10 հզ–անոց թիկնապահ զորք, որը ճնշել է ամեն մի անհնազանդություն։ Արտաքին ասպարեզում ձգտել է առավելագույնս ընդարձակել իր տիրապետության սահմանները։ Նրա օրոք սկսվել են մոնղոչական նվաճումները, որոնք հսկայական վնաս են հասցրել նվաճված երկրների ժողովուրդներին, բացասաբար են անդրադարձել մոնղ․ պետության զարգացման վրա։ Չ․ խ․ 1220-ին հետախուզական նպատակով մի զորամաս է ուղարկել Ասիայի արմ․, որը, ի թիվս սսլ երկրների, ներխուժել է նաև Հայաստան և ասպատակել նրա հս–արլ․ շըրջանները։ Չ․ խ–ի, իբրև զորավարի, ռազմագիտությանը և մարտավարությանը բնորոշ էին մանրազնին հետախուզությունը, հարձակման հանկարծակիությունը, հակառակորդի ուժերի մասնատումը, ծուղակների ստեղծումը են։

Գրկ․ Кычанов Е․ И․, Жизнь Темучжина, думавшего покорить мир, М-, 1973․

ՉԻՆ–ԿՈՐԵԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, Սինիական վահան, հին պլատֆորմ, զբաղեցնում է Հուանհե գետի ավազանի ստորին մասը, Կորեական թերակղզին, ինչպես նաև Դեղին ծովի հատակի մեծ մասը։ Դեպի արմ․ պլատֆորմը սեպաձև շարունակվում է Ներքին Մոնղոլիայում։ Պլատֆորմի արլ․ մասը, որն ընդգրկում է Կորեան և Արևելյան Չինաստանը, ունի մինչքեմբրի (պրոտերոզոյ, արխեոզոյ) հասակի ծալքավոր բյուրեղային հիմք։ Ֆունդամենտը բարձրացումների ձևով դուրս է գալիս մակերես Կորեայի, Լյաոդունի թերակղզու և Շանսի (Պեկինից արմ․) սահմաններում և կազմված է մետամորֆային ապարներից (գնեյսներ, միգմատիտներ, բյուրեղային թերթաքարեր, ամֆիբոլիտներ) և գրանիտներից։ Ստորին պալեոզոյի հետ կապված են երկաթախառն քվարցիտների խոշոր հանքավայրեր։ Պլատֆորմի արմ․ նեղ մասը ավելի երիտասարդ է, նրա հիմքը պատկանում է Բայկալյան ծալքավոր համակարգին։ Ֆունդամենտը ծածկված է նստվածքային գոյացումներով (պրոտերոգոյ, պալեոզոյ, տեղ–տեղ տրիաս և յուրա), որոնց ստորին մասը կազմում են սինիական համակարգի նստվածքները (դրանց հասակը համապատասխանում է ՍՍՀՄ ռիֆեյի համալիրին)։ Քարածխային, պերմի և յուրայի հասակի նստվածքներում կենտրոնացած են քարածխի և բոքսիտների (Շանդունի մարզ) հանքավայրեր։

ՉԻՆՉԻՆ, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Չ–ից հվ–արմ․, անտառապատ լեռան լանջին գտնվում է Կապտավանք եկեղեցին (XIII դ․)։ Այն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք ունի։ Մուտքերը հվ–ից և արմ–ից են։ Կառուցված է