Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/556

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌԱԲԱԹ, Մարոկկոյի մայրաքաղաքը (1956-ից), երկրի վարչաքաղաք․ և մշակութային կենտրոնը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին։ 929 հզ․ բն․ (1981)։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան, միջազգային օդանավակայան։ Կան սննդի, փայտամշակման, կաշվի–կոշիկի, կարի, մետաղամշակման, տեքստիլ և պոլիգրաֆ արդյունաբերության, ստվարաթղթե իրերի արտադրության, քիմ․ պարարտանյութերի ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև գորգերի, խեցեգործական և կաշվե իրերի արտադրությամբ։ Ունի համալսարան, Կարաուին մահմեդական համալսարանի ֆակուլտետներ, Ազգ․ կոնսերվատորիա, թանգարաններ, գիտ․ հիմնարկներ, գրադարաններ։

Հիմնադրել են Աղմոհաղները, XII դ․։ Պահպանվել են Կասբա Ուդայա ամրոցը (XII–XVII դդ․)․ Հասանի մզկիթն ու «Հասանի Աշտարակ» մինարեն (XII դ․), Մեծ մզկիթը (XIV դ․)։

ՌԱԲԱՆՈԿ, գյուղ Արեմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառի Բարվար գավառակում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՌԱԲԲԻ, ռաբբին, ռաբբոն (եբր․ բառացի՝ իմ վարդապետ կամ ուսուցիչ), հուդայական պաշտամունքի բարձրաստիճան սպասավոր, համայնքի օրենսգետ, դատավոր, կրոն․, քաղ․ և տնտ․ կյանքի կառավարիչ։ Ռ–ի անվանումից առաջացած Ռաբունի բարձրագույն և պատվավոր տիտղոսը տրվել է ոչ ավելի, քան յոթ առավել հռչակավոր և իմաստուն անձանց (հետագայում առաքյալներն այդ տիտղոսը վերագրել են նաև Հիսուս Քրիստոսին)։ Միջնադարյան Հայաստանում Ռաբունի տիտղոսով մեծարվել են մի շարք հայ անվանի գիտնականներ։

Ռ–ները պայքարել են հեղափոխական շարժումների դեմ, խոչընդոտել հրեա աշխատավորության լուսավորությանը, քարոզել միջնադարյան խավար գաղափարներ, համագործակցել շահագործող պետություններին։ Պաշտոնապես Իսրայելում կան 365 Ռ–ներ, որոնք պաշտպանում են կառավարության հետադիմական քաղաքականությունը։

ՌԱԲԻ (Rabi) Իգիդոր Այզեկ (ծն․ 1898), ամերիկյան ֆիզիկոս։ ԱՄՆ–ի ազգ․ ԳԱ անդամ (1940)։ Սովորել է Կոռնելի և Կոլումբիայի համալսարաններում։ 1924– 1927-ին դասավանդել է Նյու Յորքի կոլեջում։ 1927–29-ին մասնագիտացել է Մյունխենի, Կոպենհագենի, Համբուրգի, Լայպցիգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1929-ից աշխատում է Կոլումբիայի համալսարանում (1937-ից՝ պրոֆեսոր)։ 1940–45-ին եղել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ի ճառագայթային լաբորատորիայի դիրեկտորի տեղակալ և զբաղվել ռազմապաշտպանական բնույթի հետազոտություններով։ Աշխատանքների մի մասը վերաբերում է ատոմային սպեկտրոսկոպիային և ատոմի էներգետիկ մակարդակների գերնուրբ կառուցվածքի հետազոտման համար մոլեկուլային փնջերի մեթոդի օգտագործմանը։ 1933–39-ին մշակել է ռադիոհաճախային ռեզոնանսի օգնությամբ ատոմային միջուկների մագնիսական մոմենտների չափման մեթոդ (Ռ–ի մեթոդ) և կատարել պրոտոնի ու դեյտրոնի մագնիսական մոմենտների ճշգրիտ չափումներ։ Նոբեւյան մրցանակ (1944)։

ՌԱԲԻՆՈՎԻՉ Իսահակ Մոիսեեիչ (1886–1977), շինարարական մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1966), գեներալ–մայոր–ինժեներ (1943)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1918)։ Ռազմաինժեներական ակադեմիայի (1932-ից) և Մոսկվայի Վ․ Վ․ Կույբիշեի անվ․ ինժեներաշինարարական ինստ–ի (1933-ից) պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են շինարարական մեխանիկայում կինեմատիկական մեթոդի մշակմանը, ստատիկորեն չորոշվող բարդ համակարգերի հաշվարկի արդյունավետ մեթոդների և վանտային ֆերմաների տեսության ստեղծմանը, կառույցների դինամիկայի և ամրության բնագավառում հետազոտություններին։ Հեղինակ է ձողային համակարգերի շինարարական մեխանիկայի դասընթացների։ Պարգեատրվել է Լենինի 2 շքանշանով։

Երկ․ Вопросы теории статического расчета сооружений с односторонними связями, М․, 1975․

ՌԱԲԼԵ (Rabelais) Ֆրանսուա (մոտ 1494, Թուրեն, Շինոնի մոտ–1553, Փարիզ), ֆրանսիացի գրող։ Եղել է վանական։ 1527-ին հեռացել է վանքից։ Ուսումնասի րել է լատ․, հուն․, իտալ․ լեզուները, իրավունք, հնագիտություն, բժշկություն և այլ գիտություններ։ 1537-ից՝ բժշկագիտության դոկտոր։

Որպես հսկաների մասին պատմող ժողովրդական վեպի շարունակություն՝ Ռ․ 1532-ին հրատարակել է «Պանտագրյուել»-ը։ Այնուհետե 1534-ին՝ «Գարգանտյուա»-ն (Պանտագրյուելի հոր մասին)։ 1546-ին տպագրվել է «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպի երրորդ, իսկ 1552-ին՝ չորրորդ գիրքը։ Ետմահու Ռ–ի անունով լույս տեսած «Պանտագրյուելի հինգերորդ գիրքը» (1564) գրել է մի անհայտ հեղինակ՝ հավանաբար օգտագործելով Ռ–ից հետո մնացած նյութերը։ Ռ–ի յուրաքանչյուր գիրքը արգելվել է, իսկ հեղինակը, հետապնդումներից ազատվելու համար, հաճախ հեռացել է Ֆրանսիայից։ Այս վեպում, որը Վերածննդի դարաշրջանի ֆրանս․ մշակույթի մի իսկական գեղարվեստական հանրագիտարան է, Ռ․ ներկայացրել է Ֆրանսիայի կրոն, ու քաղ․ կյանքը, մանկավարժական ու գիտ․ միտքը, հասարակական կենցաղն ու հոգեոր ձգտումները, ամփոփել է ժամանակի մարդասիրական հայացքները։ Ռ․ իր «պանտագրյուելիզմը» (այսինքն՝ հումանիզմը) բնութագրում է որպես «․․․խոր և աննկուն կենսուրախություն, որի հանդեպ անզոր է ամենայն անցողիկը․․․» («Гаргантюа и Пантагрюэль», М․, 1966, с․ 437)։ «Պանտագրյուելիզմը» գեղարվեստորեն ներկայացված է վեպի երկու գլխավոր կերպարների՝ թագավոր–հսկա Պանտագրյուելի (գիտելիքներ տենչացողի), որը մշտապես անվրդով է ճակատագրի ամեն տեսակ փոփոխականությունների, «ամենայն անցողիկի» հանդեպ (մարդկության իդեալական ապագայի մարմնավորումը), և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, մշտապես կասկածող, անդադրում թափառաշրջիկ Պանուրգի (բեկման դարաշրջանի իրական ժողովուրդը մարմնավորողի) մեջ։

Համաշխարհային գրականության մեջ Ռ․ զավեշտականի մեծագույն հանճարներից է։ Ինչպես նրա վեպի սյուժեն, այն պես էլ նրա ծիծաղն իր ակունքներով ու գրելաձեով, իր ոգով՝ ամբողջությամբ վերցրած, սնվում է ժող․ ստեղծագործությունից։ Ռ–ի զավեշտական արվեստի նախասիրած եղանակը չափազանցությունն է, արատները աներևակայելիորեն միակողմանի, հրեշավոր և միաժամանակ զգայականորեն ակնառու, այդ իսկ պատճառով ծիծաղաշարժ գրոտեսկի հասցնելը։ Ռ–ի ամբողջության մեջ խորապես կենսուրախ և բազմակերպ ծիծաղը չարծաղր չէ։ Դա բազմանշանակ երանգներով, բայց միշտ կայտառ, խնդուն, «զուտ զավեշտական» տոնական ծիծաղ է, ինչպիսին լինում է դիմակահանդեսներում։ Մեծ է Ռ–ի զավեշտականի ազդեցությունը ֆրանս․ գրականության զարգացման վրա։

«Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպի տարբեր մասերում հեղինակը ակնածանքով խոսում է Հայաստանի մասին․ Արտաշես թագավորի անունը գրված է հայկ․ հնչականությամբ, խորիմացությամբ