Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/638

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

և ուռուցքաբանության ինստիտուտներ։ ԽՍՀՄ մի շարք խոշոր քաղաքներում 1934 թվականից ներդրվել է ռենտգենյան ծառայության միասնական համակարգ՝ ռենտգենյան կենտրոններ (հետագայում՝ ռենտգենյան կայաններ, ռենտգենաբանական բաժանմունքներ), որտեղ մշակվում են ռենտգենյան կաբինետների ցանցի ընդլայնման պլանները, կազմակերպվում ռենտգենաբանների գիտամեթոդական, տեխնիկական և կոնսուլտատիվ օգնություն։ Խորհրդային ռենտգենաբանները միավորված են ռենտգենաբանների և ռադիոլոգների համամիութենական գիտական ընկերությունում (հիմնված 1919 թվականին), որը 1969 թվականից մտնում է ռադիոլոգների միջազգային ընկերության մեջ։ Ռենտգենաբանության հարցերը լուսաբանվում են «Վեստնիկ ռենտգենոլոգիի ի ռադիոլոգիի» («Вестник рентгенологии и радиологии», 1920 թվականից) և արտասահմանյան մի շարք ամսագրերում։

ՀԽՍՀ–ում գիտական ռենտգենաբանության հիմնադիրը Բ․ Ֆանարջյանն է, որի նախաձեռնությամբ 1946 թվականին հիմնվել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ (1977-ից՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտ Բ․ Ֆանարջյանի անվան)։ Ռենտգենաբանության զարգացմանը նպաստել են Զ․ Մովսիսյանի, Կ․ Սաղաթելյանի, Գ․ Գրիգորյանի, Ս․ Հովհաննիսյանի և այլոց աշխատանքները։ Ֆ․ Քերոբյան

ՌԵՆՏԳԵՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ռենտգենաթերապիա, ուռուցքային և ոչ ուռուցքային մի շարք հիվանդությունների բուժումը ռենտգենյան ճառագայթներով։ Ռադիոթերապիայի մեթոդներից է։ Ռենտգենաբուժությունն առաջին անգամ առաջարկել է Ի․ Թարխանովը՝ 1896 թվականին, իսկ 1897 թվականին Լ․ Ֆրեժունդը առաջինն է կիրառել թերապևտիկ նպատակով (մանկաբուժության մեջ)։ 1900 թվականին ռենտգենաբուժությունն արդեն կիրառվում էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Բժշկության մեջ ռենտգենյան ճառագայթների օգտագործումը հիմնված է հյուսվածքների ճառագայթներ կլանելու և վերջիններիս կենսաբանական ազդեցության վրա։ Հիվանդներին ճառագայթահարում են ռենտգենաբուժական սարքերի օգնությամբ։ Կախված ճառագայթվող հատվածի խորությունից, ընտրում են ճառագայթման անհրաժեշտ ֆիզիկատեխնիկական պայմաններ։ Խորը ռենտգենաբուժության դեպքում, երբ լարումը 180–200 կվ է, օգտագործում են 0,5–2,0 մմ հաստությամբ պղնձյա ֆիլտր, այդ դեպքում հյուսվածքների խորքն են թափանցում հոմոգեն կոշտ ճառագայթներ։ Մակերեսային ռենտգենաբուժության դեպքում կիրառվում է 80, 100 կամ 120 կվ լարում, օգտագործում են 0,5–3 մմ հաստությամբ ալյումինե ֆիլտր։ Ռենտգենյան ճառագայթների թերապևտիկ ազդեցությունը կախված է կիրառվող ճառագայթների տեսակից, քանակությունից, ճառագայթման ժամանակից, հիվանդության բնույթից և օրգանիզմի ռեակցիայից։ Ըստ ռենտգենաճառագայթման ՝ներգիայի տեսակի, ռենտգենաբուժությունը լինում է մերձկիզակետային կամ սովորական, որն ընդգրկում է մակերեսային և խորը ռենտգենաբուժություն և մեծ էներգիայի՝ մևգավոլտային ռենտգենաբուժություն։ Մերձկիզակետային կամ մերձդիստանցիոն ռենտգենաբուժությունը կիրառում են հիմնականում որպես ինքնուրույն մեթոդ՝ մաշկի չարորակ ուռուցքների I և II փուլերի, ստորին շրթունքի, բերանի խոռոչի, հեշտոցի, լորձաթաղանթների նախաքաղցկեղային վիճակների և մի շարք ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով։ Բուժման այդ մեթոդը տարբերվում է բարձր արդյունավետությամբ, ընդհանուր ճառագայթային և ուշացած տեղային ռեակցիաների բացակայությամբ։ Մակերեսային և խորը ռենտգենաբուժությունը կիրառվում է խորը տեղադրված չարորակ ուռուցքների, ինչպես նաև երեխաների հիվանդությունների դեպքում։ Ռենտգենաբուժությունը համարվում է բուժման ինքնուրույն արմատական մեթոդ կամ զուգակցվում է վիրաբուժության ու քիմիաբուժության մեթոդների հետ։ Երբեմն զուգակցվում են ռենտգենաբուժության տարբեր մեթոդները։ Ռենտգենաբուժությունը կիրառվում է նաև ոչ ուռուցքային մի շարք հիվանդությունների բուժման համար, որի դեպքում օգտագործում են փոքր դոզաներ, որոնք չեն առաջացնում օրգանիզմի առավել ռադիոզգայուն կենսաբանական կառուցվածքների ճառագայթային ախտահարումներ։ Այստեղ նույնպես տարբերվում է բուժիչ բարձր արդյունավետությամբ՝ հատկապես կազմափոխական–տարաճական (դեգեներատիվ–դիստրոֆիկ) և բորբոքային ախտահարումների (ոսկրերի, հոդերի), փափուկ հյուսվածքների սուր և քրոնիկական բորբոքումների, թարախային հիվանդությունների, նյարդաբորբերի և նյարդացավերի դեպքում։ Կիրառում են նաև քիթ–կոկորդ-ականջի և մաշկային հիվանդությունների դեպքում։ Ա․ Ադամյան

ՌԵՆՏԳԵՆԱԳԻՐ, նյութի հետ ռենտգենյան ճառագայթների փոխազդեցության (կլանում, անդրադարձում, դիֆրակցիա) հետևանքով ստացվող օբյեկտի պատկեր, որը գրանցվում է լուսաժապավենի կամ լուսաթիթեղի վրա։ Արատանշման ու բժշկագիտության մեջ ռենտգենագիրը օբյեկտի՝ ռենտգենյան ճառագայթների միջոցով ստացվող ստվերանկարն է, որը բացահայտում է այդ օբյեկտի մակրոսկոպիկ կառուցվածքը (օրինակ, օտար մարմինների, ճաքերի, կոտրվածքների, ուռուցքների առկայությունը)։

ՌԵՆՏԳԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ բժշկության մեջ, ռենտգենագրաֆիա, ռենտգեննկարահանում, սկիագրաֆիա, ռենտգենաբանական հետազոտություն, որի դեպքում օբյեկտի ռենտգենյան պատկերը ստացվում է լուսանկարչական ժապավենի վրա։ Ռենտգենախտորոշման հիմնական մեթոդներից է։ Կատարում են երկու փոխուղղահայաց պրոյեկցիաներով։ Ռենտգենագրության տեխնիկական պայմանները որոշվում են աղյուսակի օգնությամբ կամ տրվում են ռենտգենյան սարքավորման համալիրում գտնվող հատուկ ապարատներով։ Ռենտգենագրի վրա պատկերը դրսևորվում է առավել մանրամասնորեն, քան ռենտգենաֆլյուորագրաֆիայի դեպքում։ ճառագայթման դոզան փոքր է։ Ստացված ռենտգենլուսանկարը փաստաթուղթ է և պահվում է բուժհիմնարկներում՝ ռենգենագրության հետագա տվյալների հետ համեմատելու նպատակով։ Վ․ Կարապետյան

ՌԵՆՏԳԵՆԱԽՏՈՐՈՇՈՒՄ, մարդու և կենդանիների հիվանդությունների և վնասվածքների ախտորոշումը ռենտգենաբանական հետազոտության տվյալներով։ Առանձին օրգաններ (ոսկրեր, թոքեր, սիրտ) պարզ տեսանելի են ռենտգենյան նկարներում (ռենտգենագրության դեպքում) և ֆլյուորագրաֆիական էկրանի վրա (ռենտգենաֆլյուորագրաֆիայի ժամանակ) շնորհիվ այն բանի, որ տարբեր հյուսվածքներ ունեն ռենտգենյան ճառագայթները կլանելու տարբեր գործակիցներ, իսկ որոշ օրգաններ հնարավոր է հետազոտել միայն ռենտգենակոնտրաստային նյութեր օրգանիզմ ներարկելուց հետո։ Բժշկական պրակտիկայում ռենտգենաբանական տվյալներն անհրաժեշտ են անատոմիական փոփոխությունների տեղադրությունը, ծավալը և բնույթը պարզելու, օրգանների ֆունկցիան ուսումնասիրելու, հիվանդության ընթացքին, բարդություններին և ելքին հետևելու համար։ Ռենտգեն ախտորոշման ընթացքում անհրաժեշտ է կիրառել օրգանիզմը ճառագայթահարումից պաշտպանելու միջոցառումներ։ Ժամանակակից կլինիկական ախտորոշումը հիմնվում է հիվանդի բազմակողմանի հետազոտությունների տվյալների վրա, այդ պատճառով էլ ռենտգեն ախտորոշումը ընդգրկում է այնպիսի փուլեր, ինչպիսիք են հիվանդի գանգատների և հիվանդության կլինիկական պատկերի հետ նախնական ծանոթացումը, ախտորոշիչ այլ մեթոդների և ռենգեն ախտորոշման տվյալների, ինչպես նաև նախորդ ռենտգենյան հետազոտությունների արդյունքների համեմատումը և այլն։ ՀԽՍՀ–ում ռենտգենագրության մի շարք նոր մեթոդների (բրոնխագրաֆիա, տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, կոնտրաստային պնևմագրաֆիա, ռենտգենակինեմատոգրաֆիա) ներդրումը նպաստել է մի շարք օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշմանը։ Ռենտգոն ախտորոշման մեջ համաշխարհային ճանաչում է գտել «Բ․ Ֆանարջյանի օրինաչափությունը» 12– մատնյա աղիքի խոցի ախտորոշման համար։ Ֆ․ Քերոբյան

ՌԵՆՏԳԵՆԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ռենտգենյան ճառագայթների միջոցով նյութի կառուցվածքի ուսումնասիրության մեթոդներ։ Ռենտգենակառուցվածքային վերլուծությունը, նեյտրոնոգրաֆիայի և էլեկտրոնագրաֆիայի հետ մեկտեղ, դիֆրակցիոն մեթոդ է՝ հիմնված նյութի էլեկտրոնների հետ ռենտգենյան ճառագայթման փոխազդեցության վրա, որի հետևանքով առաջանում է դիֆրակցիա ռենտգենյան ճառագայթների։ Դիֆրակցիոն պատկերը կախված է ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունից և հետազոտվող նյութում էլեկտրոնների բաշխման օրինաչափությունից։ Ատոմային կառուցվածքային հետազոտման համար կիրառում են ~1Å ալիքի երկարության (ատոմի չափերի կարգի) ճառագայթում։ Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդներով ուսումնասիրում են մետաղները, համաձուլվածքները, միներալները, օրգանական և անօրգանական միացությունները, պոլիմերները, ամորֆ նյութերը, հեղուկներն ու գազերը, սպիտակուցների, նուկլեինաթթուների մոլեկուլները և այլն։ Ռենտգենակառուցվածքային վերլուծությունը առավել մեծ հաջողությամբ կիրառվում է բյուրեղային մարմինների կառուցվածքը հետազոտելիս, քանի որ բյուրեղներն ունեն խիստ պարբերական կազմություն և ռենտգենյան ճառագայթների