Սկզբում զբաղվել է առևտրով, ապա դարձել խոշոր հողատեր ու ռանտյե և նվիրվել գիտությանը։ Միաժամանակ եղել է քաղ․ ակտիվ գործիչ՝ պառլամենտի անդամ։ Բուրժ. դասական քաղաքատնտեսությունն իր ավարտին է հասել հանձինս Ռ–ի աշխատությունների, որոնցից գլխավորն է «Քաղաքատնտեսության և հարկման սկզբունքները» (1817)։ Աշխատության առաջին երկու գլուխներում բուրժ․ տնտեսակարգը ներկայացրել է որպես «մեկ հիմնական օրենքի ենթակա սիստեմ» և հանգել «մի քանի բոլորովին նոր և զարմանալի արդյունքների» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26, ч․ 2, с․ 182)։ Ռ․ հետևողականորեն զարգացրել է արժեքի աշխատանքային տեսությունը, հերքել դրանից կատարվող ամեն կարգի շեղում, այդ թվում՝ նաև Սմիթի դոգման։ Բաշխման հարցերը քննել է արտադրողական ուժերի զարգացման տեսանկյունից, որին պետք է ենթարկվեն բոլոր դասակարգերի շահերը․ «Այնտեղ, որտեղ բուրժուազիան հակասության մեջ է մտնում այդ զարգացման հետ, Ռիկարդոն նույնքան անողոք կերպով հանդես է գալիս բուրժուազիայի դեմ, ինչպես ուրիշ դեպքերում՝ պրոլետարիատի և արիստոկրատիայի դեմ» (Маркс К․, Теории прибавочной стоимости, Капитал, т․ IV, ч․ 2, с․ 111)։ Տարբերել է անվանական, իրական և հարաբերական աշխատավարձ կատեգորիաները, ընդգծել դրամական աշխատավարձի և ձեռք բերվող կենսամիջոցների միջև եղած կապը, ինչպես նաև դրանց հակադիր ուղղություններով շարժման հնարավորությունն այն դեպքերում, երբ կենսամիջոցների գներն ավելի արագ են աճում, քան անվանական աշխատավարձը։ Ըստ նրա՝ հարաբերական աշխատավարձի կատեգորիան աշխատավարձի և շահույթի հարաբերությունն է, որոնց կապը հակադարձ համեմատական է․ այն արտահայտում է բանվորների և կապիտալիստների դասակարգի շահերի հակադրությունը։ Այդպիսի հակասություն գոյություն ունի նաև կապիտալիստների ու հողատերերի միջև, քանի որ հողային ռենտան բարձրացման միտում ունի՝ կապված վատագույն հողամասերի մշակմանն անցնելու անհրաժեշտության հետ։ Դրա հետևանքով մեծանում է գյուղատնտ․ ապրանքների արժեքը և աճում ռենտան։ Այստեղից Ռ․ բխեցրել է շահույթի նորմայի անկման միտումի օրենքը, որը կաշկանդում է կապիտալի կուտակումը և գծում կապիտալիստական արտադրության զարգացման սահմանը։ Ռ․ որպես մեծահամբավ տեսաբան և ակտիվ հասարակական գործիչ, անգլ․ պառլամենտում հանդես է եկել արդ․ բուրժուազիայի շահերի պաշտպանությամբ՝ ընդդեմ հողային արիստոկրատիայի։ Աշխատանքի միջազգային բաժանման իր տեսությամբ նա հիմնավորել է ազատ առևտրի քաղաքականության անհրաժեշտությունը և պահանջել վերացնել հացի օրենքները, որոնք արգելում էին էժան հացահատիկի ներմուծումն Անգլիա և ներքին շուկայում բարձրացնում հացի գները։ Դրա հետևանքով աճում էր ռենտան և դանդաղում կապիտալի կուտակումը։
Մարքսը բարձր է գնահատել Ռ–ի «գիտական ազնվությունը», որի շնորհիվ նա բացահայտել է կապիտալիստական արտադրության զարգացման մեխանիզմը։ Ռ–ի բուրժ․ սահմանափակվածությունը, սակայն, հնարավորություն չի տվել արժեքի աշխատանքային տեսությունը և դրա հետ կապված բաշխման պրոբլեմների քննարկումը հասցնել իր գիտական ավարտին։ Աշխատանքի երկակի բնույթի մասին ուսմունքի բացակայությունն անհնարին է դարձրել բացահայտել շահույթի և աշխատավարձի դիալեկտիկական կապը, աշխատավարձի, որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձևի, ռենտայի և տոկոսի բուն աղբյուրի՝ հավելյալ արժեքի գաղտնիքը։ Ուստի և այդ խնդիրների քննարկման ընթացքում Ռ․ տուրք է տվել Մալթուսի գերբնակչության ուսմունքին, հողի նվազող պտղաբերության «օրենքին»՝ թերագնահատելով տեխ․ առաջընթացի դերը գյուղատնտեսության մեջ։ Անտեսելով կապիտալիստական վերարտադրության հակասությունները, Ռ․ բացառել է ընդհանուր գերարտադրության տնտ․ ճգնաժամերի հնարավորությունը, որով դուռ էր բացվում նրան հաջորդող գռեհիկ տնտեսագիտության ներկայացուցիչների կողմից կապիտալիզմի ջատագովության համար։
Երկ․ Соч․, Т․ 1-5, М․, 1955–61․
Գրկ․ Афанасьев В․ С․, Этапы развития буржуазной политической экономии, М․, 1971, гл․ 3․
ՌԻԿԵՏՍԻՈԶՆԵՐ (Rickettsiosis), մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները բակտերիանման գրամբացասական մանրէներն են՝ ռիկետսիաները (հայտնագործել է ամերիկացի գիտնական Հ․ Ռիկետսը)։ Հարուցիչների փոխանցողները արյունածուծ հոդվածոտանիների տարբեր տեսակներն են (ոջիլ, տզեր, լվեր)։ Ռ․ տարածված են ամենուրեք։ Ըստ վարակի հիմնական աղբյուրի Ռ․ բաժանվում են 2 խմբի՝ անտրոպոնոզ և զոռնոզ։ Առաջին խմբում հայտնի են համաճարակային կամ ոջլային բծավոր տիֆը և խրամատային (հնգօրյա) տենդը։ Երկրորդ խմբում ընդգրկված են տեղաճարակային կամ առնետային բծավոր տիֆը, ժայռոտ լեռների տենդը, մարսելյան (միջերկրածովյան) տենդը, Հս․ Ասիայի տզային բծավոր տիֆը, հյուսիս–ավստրալիական տզային բծավոր տիֆը, ծաղկանման ռիկետսիոզը, ցուցուգամուշի հիվանդությունը, քյուտենդը, տզային նոպայական տենդը ևն։ Երկրորդ խմբում դասակարգված բոլոր Ռ․ օժտված են բնական օջախայնությամբ, ուստի մարդու մոտ նրանք հանդես են գալիս եզակի կամ ոչ մեծ օջախային հիվանդության ձևով։ Ռ–ին բնորոշ է խայտաբղետ կլինիկական պատկերը, հանդիպում են անախտանշան ձևերից մինչև ամենածանր ընթացք ունեցող Ռ․, որոնց ժամանակ մահաբերությունը բարձր է։ Հիմնական ախտանշաններն են․ մաշկածածկույթների տարբեր բնույթի ցանավորումը և յուրահատուկ տենդը։ Հիվանդացումից հետո առաջանում է անընկալություն։ Ախտորոշումը՝ կլինիկական և շճաբանական մեթոդներով, որոշ դեպքերում՝ բակտերիալոգիական քննությամբ։ Բուժումը․ հիմնականում անտիբիոտիկներով, որոնց շնորհիվ մահացությունը զգալիորեն նվազել է։ Մշակվել են համաճարակային բծավոր տիֆի, ժայռոտ լեռների տենդի, քյու–տենդի և այլ Ռ–ի առանձնահատուկ կանխարգելման մեթոդներ։ Ձեռնարկված միջոցառումների հետևանքով ՍՍՀՄ–ում իսպառ վերացվել է համաճարակային ոջլային բծավոր տիֆը։
Ռ․ կենդանիների, առավել տարածված են վարակիչ հիդրոպերիկարդիտը (կոուդրիոզ), քյու–տենդը, ռիկետսիոզային կերատոկոնյունկտիվիտը (աչքի եղջերենու և շաղկապենու բորբոքում) և մոնոցիտոզը (էռլիխիոզ)։ Վարակիչ հիդրոպերիկարդիտով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները և խոզերը։ Հարուցիչները Cuwdria ruminantium (որոճողների մոտ) և C․ suis (խոզերի մոտ) բակտերիաներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ և վարակակիր կենդանիներն են, փոխանցողները՝ տզերը։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով, սրտի և շնչառության գործունեության խանգարմամբ, ջղաձգություններով։ Սուր ընթացքի դեպքում կենդանիները սատկում են։ Ախտաբանաանատոմիական բնորոշ նշանը սրտապարկի և մարմնի խոռոչներում արտաքիրտի կուտակումն է։ Հատուկ բուժում չի մշակված։ Կանխարգելումը․ հիվանդների մեկուսացում, տզերի ոչնչացում, պատվաստումներ։ Ռիկետսիոզային կերատոկոնյունկտիվիտով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, ուղտերը, խոզերը և թռչունները։ Հարուցիչը Ricolesia bovis բակտերիան է։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են։ Փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունն արտահայտվում է կոպերի այտուցով, շաղկապենու ախտահարումով, լուսավախությամբ և բարորակ ընթացքով (8–10 օրում կենդանիներն առողջանում են)։ Բուժումը․ կոլարգոլի լուծույթ, ցինկի սուլֆատ, անտիբիոտիկային քսուքներ։ Կանխարգելումը․ հիվանդների մեկուսացում, շենքերի ախտահանում։ Ռիկետսիոզային մոնոցիտոզով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները և շները։ Հարուցիչները Rickettsia bovis և R․ ovina (խոշոր եղջերավորներ) ու R․ canis (շներ) բակտերիաներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ կենդանիներն են, ռեզերվուարը՝ արոտային տզերը։ Հիվանդությունն սկսվում է տենդով և հաճախ ավարտվում կենդանիների առողջացմամբ։ Բնորոշ նշանը մոնոցիտներում ռիկետսիաների հայտնաբերումն է։ Բուժումը՝ սուլֆանիլամիդներ։ Կանխարգելումը՝ հիվանդների մեկուսացում, տզերի ոչնչացում, շենքերի ախտահանում։
Գրկ․ Ալեքսանյան Ա․ Բ․, Ինֆեկցիոն և վիրուսային հիվանդությունների էպիդեմիոլոգիան և պրոֆիլակտիկան, Ե․, 1975։
ՌԻՄԱՆ (Riemann) Գեորգ Ֆրիդրիխ Բեռնհարդ (1826–1866), գերմանացի մաթեմատիկոս։