Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/682

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ռուս․ պետությունը և ֆեոդալական մասնատվածության շրջանում մեծ ու փոքր իշխանությունները։ XII – XIII դդ․ որոշ Ռ․ կոչվել են նաև Ռ–ի ճյուղավորումների տոհմահայրերի անունով՝ Մոնոմախովիչներ, Օգլովիչներ ևն։ Մոսկվայի մեծ իշխանները և ռուս, ցարերը վլադիմիր–սուզդալյան Մոնոմախովիչների հետնորդներն էին։ Ռ–ի վերջին ցարը՝ Ֆեոդոր Իվանովիչը, մահացել է 1598-ին։ Ռ–ից սերող որոշ ազնվականական ընտանիքների սերունդները գոյատևել են մինչև XX դ․ սկիզբը։

Գրկ․ Власьев Г․ А․, Потомство Рюрика․ Материалы для составления родословий, т․ 1․ ч․ 1-3, СПБ, 1906-07․

ՌՆԳԵՂՋՅՈՒՐՆԵՐ (Rhinocerotiade), միասմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Խոշոր կենդանիներ են, մարմնի երկարությունը 2,5–4 մ է, մնդավի բարձրությունը՝ 1–2 մ, քաշը՝ մինչև 3 ա և ավելի։ Մաշկը հաստ է, մազազուրկ։ Քթի և քթարմատի վրա գտնվում են 1–2 եղջյուրներ, որոնց երկարությունը մինչև 1 մ է։ ժանիքները ետ են զարգացած, կտրիչները երբեմն բացակայում են։ Պարանոցը կարճ է, մեջքը կորացած։ Ոտքերը եռամատ են, կարճ։ Մատների ծայրերին ունեն կճղակներ։ Գույնը մուգ մոխրագույն է։ Լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած, տեսողությունը թույլ է։ Չնայած մարմնի ծանրությանը, կարող են արագ վազել մինչև 40–45 կմ/ժ արագությամբ։ Հայտնի է 3 սեռ, 5 տեսակ, տարածված Հվ–Արլ․ Ասիայում և Աֆրիկայում։ Ապրում են արևադարձային անտառներում, սավաննաներում, ափամերձ մացառուտներում, ճահիճներում։ Գիշերային կյանք են վարում։ Սնվում են խոտաբույսերով, ընձյուղներով ու թփերի տերևներով։ Հաճախ լինում են զույգերով, հազվադեպ՝ փոքր խմբերով։ Հղիությունը 17 – 18 ամիս է, էգն ունենում է մեկ ձագ, (քաշը մոա 25 կգ)։ Ռ–ի միսն օգտագործում են սննդի մեջ, մաշկը՝ տարբեր իրեր պատրաստելու համար։ Եղջյուրներին վերագրում են բուժիչ հատկություններ, որոնց համար և Ռ–ին որսում են։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է և այժմ գտնվում են պահպանության տակ։

ՌՇՏՈՒՆԻ Գարեգին (1840, Բուխարեստ –1879, Սալոնիկ), հայ կատակերգակ դերասան։ Վաղ հասակում ծնողների հետ փոխադրվել է Կ․ Պոլիս։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1865-ին, 1868-ին ընդգրկվել Հ․ Վարդովյանի թատերախումբ, ուր գործել է շուրջ մեկ տասնամյակ։ Ռ․ խորապես տիրապետել է բեմարվեստի առանձնահատկություններին, ժամանակին համեմատվել Կոկլեն եղբայրների հետ։ Մեծ համբավ է ձեռք բերել հատկապես Մոլիերի պիեսների դերերի կատարումով՝ Փուրսոնյակ («Պարոն դը Փուրսոնյակ»), ժորժ Դանդեն («ժորժ Դանդեն»), Արզան («Երևակայական հիվանդը»), Հարպագոն («Ագահը») ևն։ Հեղինակել է մի շարք կատակերգեր, հանդես եկել դրանց կատարմամբ։ Զբաղվել է նաև թատերագրությամբ, հիշարժան են՝ «Աղջկան մը օժիտը», «Թղթե վզնոցով սիրահարը» (Չեզարի դերը մեծ վարպետությամբ կատարել է Ռ․) պիեսները, գրել է նաև Տ․ Չուխաճյանի «Քյոսե Քեհյա» օպերետի լիբրետոն։ Գրկ․ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 2, Ե․, 1969։ Ռ․ Փաշարսն

ՌՇՏՈՒՆԻ Հեկտոր Գալուստի (ծն․ 29․11․1915, գ․ Ոսկեվազ, Աշտարակի շրջանում), հայ սովետական գրականագետ–քննադատ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1974)։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1937)։ 1937-ից դասավանդել է Երևանի տարբեր ինստ–ներում։ Ռ–ու աշխատությունները նվիրված են հայ դասական, հատկապես արևմտահայ գրական խոշոր դեմքերին, սովետական գրականության պատմությանը և պոեզիայի գեղագիտական վերլուծության հարցերին («Գեղամ Սարյան», 1958, «Դանիել Վարուժան», 1961, «Սիամանթո», 1970, մենագրություններ)։ «Հայ դասականների գրադարան» մատենաշարի «Սիամանթո»։ «Դանիել Վարուժան» (1979) հատորի բնագիրը պատրաստել, առաջաբանները գրել, ծանոթագրություններն ու բառարանները կազմել է Ռ․։

ՌՇՏՈՒՆԻ Վահան Հարությունի [6(18)․2․1894, Վաղարշապատ –4․2․1970, Երևան], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր, (1941), պրոֆեսոր (1943), ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1956)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1915), Թիֆլիսի Վ․ Ի․ Լենինի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի տնտեսագիտական ֆակուլտետը (1924)։ 1915–19-ին զբաղվել է ուսուցչությամբ (Թավրիզ, Ախալցխա, Սուխում)։ 1924-ից դասախոսել է Երևանի պետ․ համալսարանում։ 1931-ին հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է նույն համալսարանի ՍՍՀՄ պատմության ամբիոնը։ Եղել է պատմության ֆակուլտետի դեկան, ուսումնական մասի վարիչ, գիտ․ աշխատանքների սեկցիայի ղեկավար ևն։ Աշխատել է Արմֆանում, ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ Ռ․ հայ սովետական պատմագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում, հրատարակել արժեքավոր մենագրություններ և արխիվային վավերագրերի ժողովածուներ [«Ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում XX դարի սկզբին», 1951, ռուս, (ժող․), «Գյուղացիական շարժումները Հայաստանում XIX դարում», 1948, ռուս․]։ Ռ-ի գրչին են պատկանում նաև արևելահայ հասարակական–քաղաքական մտքի պատմությանը վերաբերող մի շարք աշխատություններ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ռ–ի անունով է կոչվում Երեվանի համալսարանի ՄՍՀՄ պատմության ամբիոնի գիտ․ կաբինետ–ընթերցասրահը։

Երկ․ Ուրվագծեր Հայաււտանի գյուղացիության պատմության, մաս 1–2, Ե․, 1960–68։ Հայ հասարակական հոսանքների պատմությունից, Ե․, 1956։ Крестьянская реформа в Армении в 1870 г․, Е․, 1947․ Վ․ Դիլոյան․

ՌՇՏՈՒՆԻՆԵՐ, Ռշտունիք, Ռուշտունիք, Ըռշտունիք, իշխանական (նախարարական) տոհմ Հին Հայաստանում։ Ըստ ավանդական պատմության, եղել են Գեղամ Հայկազունու որդի Սիսակի շառավիղներից, որոնց նախարարական կարգն ու աստիճանը մ․ թ․ ա․ II դ․ հաստատել է Վաղարշակ թագավորը։ ժառանգական տիրույթն էր Ռշտունիք գավառը, իշխանանիստը՝ Ոստան բերդաքաղաքը։ Ռ–ի անունով Բզնունյաց ծովը (Վանա լիճ) զուգահեռաբար կոչվել է նաև Ռշտունյաց ծով։ Ըստ Զորանամակի, Ռ․ Հայոց զորաբանակում կռվել են 1000 հեծյալով։ Հևում վարել են Մեծ Հայքի Հարավային զորաթևի հրամանատարությունը։ Մովսես Ի>որենացին գրում է, որ Տիգրան Բ արքան իր տերության հվ․ շրջաններում Ռ–ի նահապետին կարգել էր Հայոց և Պարսից զորքերի սպարապետ, ապա՝ նաև կուսակալ «աշխարհին Ասորվոց և Պաղեստինացվոց»։ IV դ․ Ռ–ի նահապետներից Մեհենդակը, Մանաճիհրը, Զուրան (Զարա), Գարեգինը հիշատակվում են Հայոց մեծամեծ իշխանների ու գլխավոր նախարարների թվում։ 320-330-ական թթ․ Մանաճիհր Ռշտունին վարել է Հայոց հվ․ զորաբանակի սպարապետությունը, եղել կուսակալ «Ասորեստանի ու Միջագետքի կողմերում»։ Նույն պաշտոններում նրան հաջորդել է որդին՝ Զուրա Ռշտունին (340-ական թթ․)։ 350 – 360-ական թթ․ Ռ–ի նահապետն էր Գարեգին Ռշտունին, որն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի քույր Համազասպուհու հետ։ Վերջինիս ձերբակալել և խոշտանգելով սպանել են Մեհրուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։ V դ․ հայ ազատագր․ շարժումների ժամանակ Ռ․ (Արտակ իշխանը և ուրիշներ) Սասանյան Պարսկաստանի դեմ մարտնչել են հայրենասեր ուժերի շարքերում։ Սասանյան նվաճողների դեմ համառ պայքարում նվազել և թուլացել են Ռ․։ Ռ–ի շառավիղները վերստին հանդիպում են VII դ․ առաջին կեսին՝ ի դեմս Հայոց իշխան և մարզպան Թեոդորոս Ռշտունու։ VII դ․ վերջին և VIII դ․ սկզբին՝ արաբ, նվաճողների համատարած գերեվարումներից ու կոտորածներից հետո այլևս չենք հանդիպում Ռ–ի աշխարհիկ ներկայացուցիչների։ Այնուհետև Ռշտունիք գավառը դառնում է Վասպուրականի հզոր տերերի՝ Արծրունիների սեփականությունը։ Մ․ Կատվալյան

ՌՇՏՈՒՆԻՔ, Ռուշտունիք, Ըռըշտունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Եղել է Ռշտունիների իշխանության (նախարարության) ժառանգական տիրույթը և կոչվել այդ տոհմի անունով։ Ընդգրկել է Վանա լճի հվ․ առափնյակը (ներառյալ Աղթամար և Արտի կամ Արտեր կղզիները), հվ–ից տա–