Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/690

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

թյուն է ցուցաբերել ժող․ երաժշտության նկատմամբ, պրոպագանդել նրա նշանակությունը ժամանակակից մասնագիտացված երաժշտության թարմացման համար։ Վաղ շրշանի դրամաներում՝ «Սուրբ Լյուդովիկոսը» (1897), «Սերտ» (1898), արդեն նկատելի է արվեստագետ Ռ–ի յուրօրինակությունս առաջադրված բարոյական խնդիրների սրություն, ձգտում դեպի գործունյա հերոսական բնավորությունները։ Նրա գաղափարա–գեղարվեստական դիրքորոշումը հիմնավորված է «ժողովրդական թատրոն» (1903) գրքում։ 1890-ական թթ․ վերջին Ռ․ աշխատել է Ֆրանս, մեծ հեղափոխության մասին դրամաների («Գայլեր», 1898, «Բանականության հաղթանակը», 1899, «Դանտոնը», 1900, «Հուլիսի 14-ը», 1902) շարքի վրա։ Լ․ Բեթհովենի մասին գրած ակնարկով (1903) սկզբնավորել է արվեստ կերտող մեծ մարդկանց կենսագրականների շարքը («Միքելանջելոյի կյանքը», 1907, «Տոլստոյի կյանքը», 1911)։

Համաշխարհային փառքի է արժանացել «ժան Քրիստոֆ» (հ․ 1 –10, 1904–12, հայ․ հրտ․ 1–5, 1937–48) վեպով, որտեղ ըմբոստ և նորարար գերմ․ երաժշտի կերպարը օժտել է Բեթհովենի բնավորության հատկանիշներով, մարմնավորել իր երազանքը ստեղծագործ հանճարի մասին, որը ձևավորվում է բռնությունների, բուրժ․ ծախու աշխարհի և նրա հիվանդագին կերպով նրբացված արվեստի դեմ մղած պայքարում։ Ռ․ հոգեբանական հարուստ վերծանումներով, ստեղծագործական պրոցեսի գաղտնիքների բանիմաց ներթափանցումով է գրել «Կոլա Բրյունյոն» վիպակը (1914, հրտ․ 1918), որտեղ գործողությունները տեղի են ունեցել XVII դ․ սկզբին Բուրգունդիայում․ հերոսը՝ անհնազանդ և ծաղրասեր Կոլա Բրյունյոնը, ժող․ ոգու մարմնավորումն է։

Առաջին համաշխարհային պատերազմի Ժամանակ (1914–18) Ռ․ եղել է Շվեյցարիայում, որտեղ 1914-ի օգոստոսից հակապատերազմական հրապարակախոսական հոդվածներով պարբերաբար հանդես է եկել մամուլում։ «Գոտեմարտից այն կողմ» (1915), «Նախակարապետները» (1919) հոդվածների ժողովածուներում Ռ․ մերկացրել և համաշխարհային սպանդի համար մեղադրել է կապիտալիստական մագնատներին, դիմել «տառապող ժողովուրդների» բանականությանն ու խղճին։ Հակապատերազմական բնույթի են Ռ–ի «Լիլյուլի» (1919) դրամատիկական երգիծանքը, «Պիեռ և Լյուս» (1920) քնարական վիպակը։ «Կլերամբո» (1920) վեպում պատկերել է իմպերիալիստական բարբարոսությունը դատապարտող, սակայն ժողովրդից ողբերգականորեն կտրված արևմտաեվրոպ․ առաջադեմ մտավորականության որոնումները։

Ռ․ ողջունել է 1917-ի Փետրվարյան հեղափոխությունը Ռուսաստանում, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ընդունել որպես միջազգային խոշոր նշանակություն ունեցող իրադարձություն, բայց երկար ժամանակ մերժել է պրոլետարիատի դիկտատուրան և շահագործողների դեմ պայքարի հեղափոխական մեթոդները։ Այդ դիրքորոշումը Ռ․ պահպանել է նաև 1920-ական թթ․։ Ֆրանս, հեղափոխության մասին գրած դրամաների նոր շարքում՝ «Սիրո և մահվան խաղը» (1925), «Ծաղկազարդի կիրակին» (1926) ևն, հաստատելով հեղափոխության վեհությունը, առաջին պլան է մղել մարդկային ողբերգություններն ու զոհերը։ Հասարակական գործունեության ոչ բռնի ձև որոնելիս, Ռ․ դիմել է հնդիկ ժողովրդի փորձին և նրա կրոնաբարոյախոսական ուսմունքներին (Մահաթմա Գանդիի, Ռամակրիշնանի և Վիվեկանանդայի մասին գրքերը)։ Միաժամանակ նա շարունակել է հետևել Սովետական Միության զարգացման ընթացքին, բարեկամական նամակագրական կապեր է ունեցել Մ․ Գորկու հետ, հանդես եկել իմպերիալիզմի հակասովետական կամպանիայի դեմ։ Հետզհետե, ոչ առանց դժվարությունների և տատանումների, Ռ–ի հայացքներում տեղի է ունեցել հեղաշրջում, որն արտահայտված է «Հրաժեշտ անցյալին» (1931), «Լենին։ Արվեստը և գործողությունը» (1934) հոդվածներում և «Պայքարի 15 տարին» (1935)», «Խաղաղություն հեղափոխության միջոցով» (1935) հրապարակախոսական հոդվածների ժողովածուներում։ Ա․ Բարբյուսի հետ մասնակցել է պատերազմի և ֆաշիզմի դեմ կոնգրեսների նախապատրաստմանը, դարձել միջազգային հակաֆաշիստ, ճակատի գաղափարախոսներից։ 1935-ին Մ․ Գորկու հրավերով այցելել է Սովետական Միություն։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռ–ի գլխ․ ստեղծագործությունը «Հմայված հոգին» (1922–23, հայ․ հրտ․ հ․ [1]–3, 1975–78) վեպն է, որտեղ մարդկությանը նախազգուշացնում է ֆաշիզմի վերահաս վտանգից։ 1939-ին «Ռոբեսպիեր» մոնումենտալ ողբերգու– թյամբ ավարտել է ֆրանս․ հեղափոխության մասին դրամաների շարքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45), հիվանդ, ընկերներից կտրված Ռ․ ապրել է Վեզլում, օկուպացված գոտում։ Այդտեղ ավարտել է Բեթհովենի մասին հուշագրական բազմահատոր երկը («Բեթհովեն։ Ստեղծագործական մեծ ժամանակաշրջաններ», հրտ․ 1928–45), Շ․ Պեգիի կենսագրությունը (1944)։

Ռ․ մեծ ազդեցություն է գործել ֆրանս․ և համաշխարհային գրականության պատմության վրա։ Վաղ հասկանալով դարաշրջանի պատմական առանձնահատկությունը, իր ստեղծագործության հիմքում դրել է հերոսական գործողությունների սկզբունքը։ Նրա որոնումներում և տարակուսանքներում արտացոլված են կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու դարաշրջանում արևմուտքի մտավորականության մեծ մասի զարգացման օբյեկտիվ հակասությունները։ Գեղարվեստական հնարաձևի յուրօրինակություններն օգնել են Ռ–ին անդրադառնալու դարաշրջանի սուր խնդիրներին և վերարտադրելու դեպի ապագան մարդկության առաջընթացի դրամատիկ բնույթը։ Նոբելյան մրցանակ (1915)։

Եվրոպայի շատ նշանավոր հասարակական և մշակութային գործիչների հեա Ռ․ իր բողոքի ձայնն է բարձրացրել հայկ․ Մեծ եղեռնի դեմ։ Նա ըստ արժանվույն է գնահատել հայ․ ժող․ երաժշտությունը (1907-ի հունվ․ 13-ին Սորբոնում կազմակերպել է Կոմիտասի բանախոսությունն ու նրա գործերի համերգը), ըստ Ռ–ի այն «խորն է, ողբերգական և առնական՝ նույնիսկ իր երազկոտության մեջ»։ Ս․ Բերտոլինիին ուղղած նամակներից մեկում Ռ․ գրել է, որ արլ․ ժողովուրդները (հայերը նույնպես) «․․․ երաժշտական մի առանձին, այլ օժտվածություն ունեն քան մենք, և ես համոզված եմ, որ եվրոպական արվեստն անպայմանորեն, վաղ թե ուշ, կկրի այդ արվեստի ազդեցությունը․․․»։ Այդ արվեստն արդեն սկսում է ոգեշնչել մեր երաժիշտներին («Иностранная литература», 1963, N° 3)։ «ժան Քրիստոֆ» վեպի թարգմանության առիթով («ժան Քրիստոֆ», հ․ 1, էջ 3, 1937) գրած նամակ–առաջաբանում Ռ․ Հայաստանը երաժշտության առումով համեմատել է Իտալիայի հետ։

Երկ․ Cahiers Romain Rolland, v․ 1–23, P․, [1948-75]․

Գրկ․ Արևյան Ս․, Ռոմեն Ռոլան, Հանրի Բարբյուս, Վնն․, 1922։ Балаханов В․ Е․, Р․ Роллан и его время․ Ранние годы, JI․, 1972; Мотылёва Т․, Творчество Р․ Роллана, М․, 1959; Роллан․ Биобиблиограф, указатель, М․, 1959; Che val R-f R- Rolland, L’ Allemagne et la guerre, P․, 1963; Per us J․, R- Rolland et M․ Gorki, P․, 1968․

ՌՈԼԼ (Rolle) Միշել (1652-1719), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1685-ից)։ «Տրակտատ հանրահաշվի վերաբերյալ» աշխատության մեջ զարգացրել է հանրահաշվական հավասարումների իրական արմատներն առանձնացնելու (անջատելու) մեթոդ, որը հենվում է, այսպես կոչված, Ռոչւի թեորեմի մասնավոր դեպքի վրա։ Ուսումնասիրել է երկու անհայտով գծային անորոշ հավասարումների ամբողջական լուծումները։

ՌՈԼԼԵ Անաոնի Ցուգեֆ (Դոկտոր Անտոնի Յու․) (1830–1894), լեհա–կան հայագետ, բժիշկ (հոգեբույժ), գրող։ Հայրը՝ ֆրանսիացի, մայրը՝ հայ։ Ավարտել է Կիևի համալսարանի բժշկ․ ֆակ–ը (1855)։ Հեղինակ է բազմաթիվ պատմագիտ․ աշխատությունների, որոնք հիմնականում աղբյուրագիտ․ բնույթ ունեն և վերաբերում են Պոդոլիեի բնակավայրերի (այդ թվում նաև հայկ․ գաղթավայրերի) պատմ․ աղբյուրների և փաստաթղթերի քննությանը։ «Մոլդավիայի ծայրագավառների պոդոլյան ամրոցները» (հ․ 1–3, 1880) երկում և այլ ուսումնասիրություններում Ռ․ լուսաբանել է երկրամասի հայերի իրավական վիճակը, դատավարությունը, հայ վաճառականների ու արհեստավորների դերը Կամեն եց–Պոդոլսկի, Բարի, ժվանեցի և այլ բնակավայրերի տնտ․ և քաղ․ կյանքում։ Ռ․ հետևողականորեն քննել է հատկապես Կամենեց–Պոդոլսկի հայկ․ գաղթավայրի պատմությունը, տվել հայկ․ թաղամասի տեղագր․ նկարագրությունը։ Ռ․ Պոդոլիեի հայերին անդրադարձել է նաև իր գեղարվեստական գործերում («խաչի ներքո», «Ծայրագավառային քաղաքի ճակատագիրը», «Վարդապետը»)։

Երկ․ Վարդապետ, Բաքու, 1903։