Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/111

Այս էջը հաստատված է

— Հ՚աշկիս վրա, — ասեց տղեն։

Մի տեղ քցեցին սովդաքյարի տղի հըմար, մի տեղ էլ քցեցին իրեքի հըմար, քնեցին։

Լիսը բաց էլավ։

— Դե՛ սարքեք, էթանք։

Արաբիշամը խնթրեց Հուրի թաքավորի մորը թե. — Մե՛ր, էս ծառի խնձորն անմհական խնձոր ա, էս էլ անմհական ջուր ա, մի բութուրկա ջրից վե կունես, մի քանի հատ էլ խնձոր, քեզ հարկավոր կըլի, մենձ կնիկ ես։

Մերը վե կալավ. ձիանը նստեցին, գնացին, գնացին, Արաբիշամն էլ հետները։

Էկան Հուրի թաքավորի տունը։

— Է՜հ, իմ ունեցածն էս ա, — ասեց Հուրի թաքավորի կնիկը Արաբիշամին, — քեզ փեշքաշ:

— Շատ շնորակալ եմ, ինչ պըտի անեմ, աշխարի մալը իմն ա:

Սուփրեն բաց արին, որ հաց ուտեն, մըն էլ տեհան տղի հերը, մերը, քավորը հրես էկան։ Հուրի թաքավորի ախչիկը վե կացավ տեղիցը, կաննեց։ Արաբիշամն էլ վե կացավ, տղեն էլ վե կացավ, գնաց փաթըթվեց մորը։ Լացն ու խնդըմը խառնվեց հ՚իրար։

Ետո էկան նստեցին հաց կերան, խմեցին։ Էրկու բութուրկա գինի բերին։ Ըստաքանը տվին քավորին։ Քավորը վե կալավ, լըքցրուց, ասեց.

— Թաքավո՛ր, քեզնից կխնթրենք, որ մեր ամանաթը տաս, մենք էթանք։

Արաբիշամը ասեց. — Հ՚ո՞ւր էթաք, բա ե՞ս։

— Քեզ էլ մի իլլաճ կանենք,— ասեց տղեն։

Արաբիշամը ուրախացավ։

Արաբիշամը ասեց. — Դուք ման էկող սովդաքյար եք, տեսնըմ եմ, դուք շատ-քիչ բան կգիտենաք, էս իմ ախպոր պես տղա աշխարքի մեչ կա՞։

Քավորը վե կալավ ասեց. — Որթի ջա՛ն, էտ քու ասած տղի տեղը ես գիտեմ. Հարավային թաքավորին մի տղա ունի, ուխտ ա արել, ինչ մարթի հ՚ինքը զոռի, նրա քիրը առնի: Իմ պարտքն ըլի, էթամ, հ՚իմաց տամ գա, ախպորդ հետ կռվի, որ քեզ առնի։ Թող մեր հախլուն տանենք, որ սրա տունն անտեր ա։