Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/118

Այս էջը հաստատված է

— Ա՛յ տղա, խի՞ չես ուտըմ, կե՛ր, կե՛ր:

— Չեմ ուտըմ, վե կալ, հարամ ըլի՛:

Պառավը էտ տղին վե կալավ, տարավ թաքավորի կուշտը, ասեց, որ. — Էս տղեն ասըմ ա. «Ես գերեզմանին ընենց մուղաթ կկենամ, որ քար չեռա, թե որ մուղաթ չկացա՝ իմ շլինքը կտրա»:

Թաքավորը ասեց. — Գնա՛ մուղաթ կաց:

Գնաց գերեզմանից հեռու նստեց, թամաշ արուց: Էկավ քշերվա կեսը, որ ղշերն էլ ին քնած, տեհավ իրեք հատ աղունիկ վեր էկան, խրխիքը հանեցին, դառան իրեք հատ շատ սիրուն ախչիկ, մինը մընի հետ խոսաց, ասեց.— Հաց ուտենք, թե թաքավորի տղեն բերենք, նոր հաց ուտենք:

— Ա՜յ տունդ շինվի՞, էնթավուր տղեն ընտեղ քնած՝ մենք հա՞ց ուտենք, հացը կուլ կէթա՞:

Մինը մեչքից դաստախունը ետ արուց, մի կարմիր, թըպըլխի ճիպոտ առավ ձեռը, տվուց դաստախընին, ասեց. — Դե՛ բացվի, դաստախուն:

Դաստախունը բացվեց, հ'ամեն բան միչին:

Ետո վե կացան, գնացին գերեզմանի կուշտը, մինը ճիպոտով տվուց քարին, ասեց. — Քա՛ր, բացվի: — Քարը բաց էլավ:

— Ֆո՛ղ, բացվի:

Ֆողը բաց էլավ: Վե կալան մեռելը, դրին գեննի հ'էրեսին, ճիպոտով տալուն պես օյանմիշ էլավ՝ նստեց: Մի ձեռք շոր բերին հաքցրին տղին ու տարան դաստախընի գլխին նստացրին, հ'իրանք էլ ջերկով դեմը նստեցին:

Տղեն թամաշ արուց, տեհավ որ իրեք ախչիկը մի սրի են նըստած, տղեն սուփրի ճակատումն ա նստած, ասեց. — Էս շատ լավ էլավ, նետս ընենց քցեմ, որ իրեքին դիպչի, տղին դիպչի ոչ:

Նետը քցեց, քցելուն պես խառնվեցին հ'իրար, դաստախունն էլ թողին, ճիպոտն էլ թողին, խրխիքը անջաղ հաքան ու թռան: Տղեն էկավ թաքավորի տղի կուշտը թուրը ձեռին, ասեց.— Բար'րիկուն, թաքավորի որթի:

— Աստծու բարին, հազար բարին, ա՜յ տղա:

— Ես քու հոր պահապանն եմ, նստենք, մի քիչ հաց ուտենք:

Հացները կերան, տղեն ասեց. — Դե՛, արի քեզ դնեմ տեղը:

— Ա՜յ ջանըմ, անջաղ եմ ազատվել, արի էթանք մեր տունը:

— Չէ՛, պըտի մննես տեղդ: