Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/159

Այս էջը սրբագրված է

Ասեց. — Ա՛յ կնիկ, ի՞նչ պըտի ասեմ, ես ունեմ մի տղա, էլ ուրիշ ժառանգ չունեմ, նա՛ ուզենա հարսանիք ըլի, ես անե՞մ ոչ, կարա՞մ:

Էտ թաքավորն էր՝ թոփ արուց իրա սինոթականները, ասեց. – Գիտե՞ք ընչի հըմար եմ թոփ արել ձեզ, որ իմ տղեն միտք ունի պսակվելու, ո՞ւմ ախչիկն եք հարմար տենըմ, էթանք ուզենք։

Ասեցին. — Թաքավոր, մեր ասելով չի՚լիլ. տղին հարցրեք, տենենք ո՞ւմ ախչիկն ա ուզըմ։

Գնացին, տղին հարցրին, տղեն ասեց. — Մեր էս սարի էն դիհը մի ախչիկ եմ տեհել, էն ախչիկն եմ ուզըմ, ումը կըլնի՝ կըլնի, թե նախրչու, թե թաքավորի՝ ինձ ղաբուլ ա։

Էկան ասեցին թաքավորին, թաքավորն ասեց. — Դե գնացեք,— ասեց, — էտ ասած ախչիկը ուզեք:

Վե կացան գնացին, գնացին հարցնելով քթան, որ այսինչ թաքավորի ախչիկն ա։

Գնացին թաքավորի տանը վեր էկան, ասեցին, խոսացին ու ուզեցին էտ ախչիկը. էկան իրանց թադարեքը քաշեցին, գնացին պսակեցին, առան էկան տղի հոր տունը։

Օխտն օր, օխտը քշեր կերան, խմեցին, ուրախացան. օխտն օրից ետը հարսանիքը վերչացավ, տարան մի օթախ, որ էս տղեն ու ախչիկը հ՚իրար կշտի քնեն. էն քնելու վախտը տղեն թուրը հանեց, ախչկա ու իրա արանքը դրեց, թեք ընկան քնեցին. ըտենց քաշեց մի շափաթ, մի ամիս, մի տարի։

Ախչիկը նեղացավ. — Իմ հերս ի՞նչ բան բռնեց, ես ախչիկ, էս ախչիկ, էլ սա իմ ընչի՞ս ա պետքը։

Վե կացավ, գրեց իրա հորը. «Ա՛յ հեր, էս ի՞նչ բան բռնեցիր դու ինձ վրա, սա էլ ախչիկ, ես էլ ախչիկ. ինձ քցեցիր կրակի մեջ: Բա հըմի ես ի՞նչ անեմ»:

Հերը կարթաց թուխտը, կանչեց մորը, ասեց. — Ա՛յ կնիկ, մեր ախչիկը գիր ա գրել ինձ, թե էս տղեն՝ ախչիկ, ես՝ ախչիկ, իմ ընչի՞ս ա պետքը, ըսենց ա գրել, բա ի՞նչ անենք:

Ասեց. — Ա՛յ մարթ, որ ըտենց ա՝ բերենք մեզ ղոնաղ, փորցենք, բալքի մեր ախչիկը սուտ ա խոսըմ:

Ասեց. — Շատ լավ ես ասըմ, կնիկ, — ասեց։

Վե կալավ թաքավորը գիր գրեց հ՚իրա խնամի թաքավորի վրին, թե իմ փեսեն էլ, իմ ախչիկն էլ ղրկի իմ տունս ղոնաղ: