Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/172

Այս էջը հաստատված է

Թաքավորը հ՚էքսի օրը կանչեց իրա ֆառաշին [1] ասեց. — Ի՞նչ անենք որ սրան փչացնենք, գնաց, էլի էկավ:

Ասեց. — Թաքավո՛ր, բեր ղրկենք Դևստուն, մեր օխտը տարվա խարջը մնըմ ա՝ թող էթա բերի: Դևերի ձեռիցը պրծնիլ չի:

Թաքավորը կանչեց էտ տղին, ասեց. — Որթի՛, գնա Դևստուն, օխտը տարվա խարջը մնըմ ա, վե կալ բեր:

Ախչիկը էլեդ գնաց Լյուլիզարի մսուրքը՝ լաց էլավ, ասեց. — Լյուլիզար, իմը՝ դու, քունը՝ աստված, թաքավորը ինձ ըսենց ա ասել:

Լյուլիզարն ասեց.— Մի՛ վախիլ, կէթանք կբերենք:

Տղեն նի էլավ ձին, ընկավ ճամփա, գնաց հասավ Դևստուն: Դրանք մի մառմար քար ունեին, ձին ասեց. — Ախչիկ ջան, իմ պոչը կապա էս քարիցը՝ ես քաշ կտամ, դու մտի նեքսև՝ խարջը վե կալ բեր:

Տղեն ձիու պոչը կապեց մառմար քարից, ձին սկսեց քաշ տալ, թոզը բանցրացավ. տղեն մտավ նեքսև, տեսավ քառասուն դև նստած են: Դևերն ասեցին. — Ըհը՛, մեզ կերակուր ա էկել:

Տղեն ասեց. — Ա՛յ տնաշեններ, ըստի արխեին նստել եք, հրեն թաքավորն էկավ ձեր խարջի դեմը տարավ ձեր մառմար քարը. ես էկա ձեզ իմացընեմ:

Դևերը դուս թափեցին: Տղեն թամաշ արուց, տեհավ օխտը տարվա խարջը սանիցը կախ տված էր, վե կալավ ու փախավ. էկավ ձին նի էլավ, պոչը մառմար քարից կտրեց, հավալամիշ էլավ: Թռավ գնաց թաքավորի դռանը վեր էկավ:

Տղեն տարավ օխտը տարվա խարջը տվուց թաքավորին:

Թաքավորի ախչիկը էլեդ բարկացավ, կպավ հոր յախեն. — Դու խի՞ չես էս տղին փչացնըմ:

Թաքավորը կանչեց նազրին, — ասեց. — Դևստընից էլ ետ էկավ, բա հըմի ի՞նչ անենք:

Նազիրն ասեց. — Թաքա՛վոր, քու պապին մի տերողորմյա ուներ, դևերը տարել են, հրե նրանց մոր ձեռին ա, ղրկենք, բերի: Հնար չկա, որ ըտեղ էթացողը ետ գա:

Թաքավորը կանչեց փեսին, ասեց. — Փեսա՛, գնա մեր պապի տերողորմեն՝ այսինչ դևի մոր ձեռին ա, վե կալ բեր:

  1. Ծառային, (ծանոթ. բանահավաքի): Նշանակում է նաև դահիճ, (ծանոթ. կազմողի)