Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/19

Այս էջը հաստատված է

Ալո-Դինոն ասեց. — Ես անտեր տղա եմ, ի սեր ասսու, ինձ էտ արհեստը սարվացրու։

Ուստեն ասեց․ — Որթի, արի գնա՛ ընտեղ նստի դուքանըմը։

Ուստեն գիտեր ոչ, թե դա ո՞վ ա, յա ո՞ւմ տղեն ա։

Ալո-Դինոն վե կալավ ավիլը, դուքանը սրփեց, ջուր բերուց, շաղ տվուց, ուստեն տեհավ, որ շատ լավ, խելոք տղա ա։

Հ՚էքսի օրը թաքավորի նազիր, վազիրը էտ թաթմանը ման ին ածըմ էտ դերձըկների դուքանները։ Էկան հասան էտ տղի դուքանի կուշտը, ասեցին. — Ուստա, էս թաթմանից կարա՞ս կարել։

Ասեց. — Կարալ չեմ կարի։

Տղեն տեղիցը վե կացավ, մոտ էկավ, ասեց. — Ես կկարեմ, ուստա։

Ուստեն բարկացավ հ՚աշկերտի վրին, թե. — Հ՚էրեկ ես էկել, ո՞նց ես կարըմ։

Ասեց.— Ես կկարեմ, ուստա։

Ուստեն շատ բարկացավ աշկերտի վրին, նազիրն ու վազիըը բարկացան ուստի վրին, ասին.— Խի՞ ես արքելում, որ էտ մարթը փորցի։ Թե որ կարեցար ոչ ըսենց կարիլ, հ՚առավոտը թաքավորը քու գլուխը կկտրի։

Ասեց.— Շատ լավ կըլնի։

Ուստեն մնաց տարակուսված։

— Ուստա,— ասեց,— խի՞ տարակուսված մնացիր։

Ասեց.— Դու հ՚էրեկ ես էկել, ես քսան տարվա ուստա եմ, ես կարալ չեմ կարի, դու ո՞նց ես կարելու։ Զուր տեղը գլուխդ խի՞ ես վրա տալիս։

Ասեց.— Ուստա, ես կկարեմ, թե որ հինգ փութ ֆնդուխտ բերես՝ ջարթեմ, ուտեմ։

Ուստեն գնաց չորս փութ ֆնդուխտ առավ, բերուց տվուց աշկերտին։

Ասեց.— Ուստա, խի՞ մի փութ պակաս բերիր։

Ասեց.— Վնաս չունի, փող չունեի, ըդարն էլ բոլ ա։

Տղեն ֆնդուխտը ջարթեց ու կերավ, ընչար լիսը բացվեց։

Ուստեն ասեց.— Էթամ տենեմ կարե՞լ ա։

Էկավ տեհավ, որ մի թաթման վազրների բերած թաթմանի հետ վեր ա դրած։ Էկավ որ վեր ունի, Ալո-Դինոն ասեց.— Ուստա, իրավունք չունես ձեռ տալու, խարար կանես։