Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/233

Այս էջը սրբագրված է

Հ՚առավոտը թաքավորական լիբաստը[1] հանեց, դարբշի շորեր հաքավ, նաջախն[2] առավ ձեռը, չանաղն[3] առավ, արարած աշխարհը ման էկավ. էկավ մի քաղաքի ղրաղի մի կալըմ նստեցին: Տեհան մի նախրչի տավարը բերուց արուց գեղը. Էկավ մտավ մի տուն, ըտի՝ ինչ դրանք նստած ին, էտ դռնիցը մի ախչիկ էր դուս գալի, թեշին ձեռին, գալիս էր էթըմ, գալիս էր էթըմ, իրեք հետ գնաց՝ էկավ. դրանք հենց հ՚իմանըմ ին, թե մի ախչիկ ա, գալիս ա էթըմ, դու մի՛ ասի, թե իրեքն ա:

Էտ նախրչի մարթն էկավ, մտավ էտ տունը, ու փետը քաշեց հ՚իրա կնկանն ու էրեխանցը ծեծեց, թե ղոնաղը էկել ա դուռը նստել, խի՜ չեք կանչըմ տուն:

— Ա՛յ մարթ, — ասեցին, — մենք ինչ գիտենք՝ ինչ մարթ ին, խի՜ ես մեզ ծեծըմ:

Էս նախրչին դուս էկավ, ասեց. — Դարբիշ բաբա, համեցեք, էկեք ղոնաղ:

Թաքավորն ու արաբը գնացին նախրչու տունը ղոնաղ: Նստեցին, հաց բերին, հաց ին ուտըմ. արաբին թաքավորը ըսենց բզըմ ա, տորմ ա. –Տե՛ս հ՚իրա ախչըկերքն են:

Արաբն ասըմ ա. — Նախրչի բիձա, սրանք քու ախչըկե՞րքն են:

Ասըմ ա. — Հրամանք ես, դարբիշ բաբա, իմ ախչըկերքն են:

— Հալա՞լ:

— Հալալ:

— Մի հորից, մի մորի՞ց են:

— Հա՛, ինձանից ու էտ կնկանից են:

Քշերը մնացին էտ տանը ղոնաղ, հ՚առավոտն ընկան ճամփա, որ էթան հ՚իրանց երկիրը:

Գնացին, շատ ու քիչն աստված գիտա, գնացին, հասան հ՚իրանց երկիրը: Թաքավորի տղեքը դուս էկան թաքավորի հ՚աոաչը, ընդունեցին:

Ոսկե քաքուլ տղեն ասեց. – Ափու, քթա՞ք:

Ասեց. — Քթա, համա իրեք ամիս ինձ ժամանակ պըտի տաս, որ էթամ էտ ախչըկերքը ուզեմ, նախրչու ախչիկ են:

— Բան չկա, աստըծութունը մեզ էտ ա արժան տեհել:

  1. Շորեր, (ծանոթ. բանահավաքի):
  2. Տապար, (ծանոթ. բանահավաքի):
  3. Կոկոսի աման, (ծանոթ. բանահավաքի):