Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/292

Այս էջը սրբագրված է

Թաքավորը իրա սանիկին ասեց, թե. — Ղրկա քո հավատարիմը գա։ — Ղրկեցին, Դավիթը էկավ։ Է՜հ, ախչիկը կանչեց, իրա կշտին նստացրուց, կերան, խմեցին, հացկերութունն էլ պրծավ, հըմի էլ ամենքը իրանց հըմար հաղըմ են, ուրախութուն անըմ։

Ջհըդի Դավիթը հայի Դավթին ասեց. — Ա՛րի՝ էթանք մխելի ման գանք։ Դուս էկան, գնացին քաղաքից դուս թաքավորական ախպուր կար, նստեցին կողքին, կերան խմեցին, Գյուլինան-Բանովշեն դուրրինով մտիկ էր տալի էտ էրկսին, թե ինչ են անըմ։ Մեկ էլ տեհավ, որ ջհըդի Դավիթը քաշեց խանչալը, տվուց հայ Դավթի մեչքին, արինը չըռռաց. խտըտեցին, տարան կոխեցին չընղըլի[1] տակը։ Մի քիչ եննա ջհըդի Դավիթը ուրախ-ուրախ էկավ տոն։ Գյուլինան-Բանովշեն վե կալավ իրա ղարավաշներից մինը, մեկ էլ անմահական ջուրն ու խնձորը, գնաց էդ ախպուրը, չընղըլի միչից Դավթին հանեց, բերեց յարեքը լվաց, անմահական ջուրը լցրուց վրեն, անմահական խնձորը քթին դեմ արեց, ֆոքին էկավ տեղը։

Դավիթն ասեց. — Օ՜ֆ, էս ինչ լավ է՛լավ, որ ես սաղացա։

Ախչիկն ասեց. — Ա՜յ տնաշեն, էտ դու նրան ի՞նչ իր արել, որ քու արած լավութան տեղակ քեզ բերուց ըստեղ սըպանեց։

Ասեց. — Գյուլինան-Բանովշա, ես երթվիլ ի, որ մահանամ, հարութեն առնեմ, նոր պատմեմ։

— Դե ասա, տենանք:

Ասեց. — Էն տղի կռի բազմանդը իմն ա, ես եմ էդ թաքավորի սանիկը, նա ինձ խափեց, բազմանդը ինձանից առավ ու երթըմ տվեց, որ ոչ մի մարթի բան չասեմ, ընչար որ մեռնեմ, նոր հարութան օրն ասեմ։ Հըմի որ մեռել եմ ու հարութուն առել, ասըմ եմ։

Գյուլինան-Բանովշեն ասեց. — Դե որ ըտենց ա, էթանք վիրև թաքավորի մոտ, ես գիտամ էն։

Վե կացան, գնացին թաքավորի կուշտը, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Թաքավորը սաղ ըլի, ինչքան հարսանքավոր կա թող թոփ ըլի ըստեղ, ես մի քանի խոսք ունեմ ասելու։

Իշկա էլ թոփ էլան, Գյուլինան-Բանովշեն ասեց. — Թաքավոր, էս տղեն քու ի՞նչն ա, որ էս զդար ծախս ես անըմ, թաքավորութունդ տալիս ես սրան։

Ասեց. — Իմ սանիկն ա։

  1. Կարկառ, (ծանոթ. բանահավաքի):