Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/296

Այս էջը սրբագրված է

Բերին էտ տղին մի շափաթ պահեցին, ուտացրին խմացրին: Մի շափաթից տղեն վե կացավ, որ էթա։

— Բա ո՞ւր ես էթըմ, ա՛յ չարըդ տանեմ։

— Էթըմ եմ Հուրի թաքավորի ախչիկը առնեմ։

— Տեհե՞լ ես էտ ախչիկը, գիտե՞ս ճամփեն։

— Ես տեհել չեմ, լսողանց եմ։

— Հ՚արի քեզ տանեմ քառասուն հարամու տների կուշտը վե դնեմ, գամ, չունքի նրանք որ մեզ տենեն՝ մեզ կսըպանեն։ Նրանք քեզ կտանեն Հուրի թաքավորի երկիրը։

Վե կալավ տղին դրուց հ՚ուսին, վազեց։ Տարավ դրուց տան կուշտը, հ՚ինքը ալբիալը ետ դառավ, էկավ տուն։

Հարամիքը էկան տեհան, որ մի ջահել տղա մի քարի վրի նստած ա: Առան տարան հարամբաշու կուշտը։

Տղեն բարև տվուց հարամբաշուն, կաննեց։

Հարամբաշին հարցրուց. — Ի՞նչ մարթ ես։

— Ես Դուրուկ քաղաքի Մեծատան տղեն եմ։

— Մեծատան տղե՜ն։ Տղե՛րք, ճանանչը՞մ եք ում տղեն ա։

— Չէ՛, հարամբաշի։

— Հալբաթ, կերել մարսել եք, խի կճանանչեք։ Միտներդ ա, որ իրեք թաքավորի երկիր հ՚անց կացանք, խոտ ինք ուտըմ, ետո գնացինք Դուրուկ քաղաքը, հարցնելով հարցնելով Մեծատան տունը քթանք, մեզ պահեց օխտը տարի. էս էն մարթի տղեն ա։

— Ինչի՞ հըմար ես էկել։

— Էկել եմ էթամ Հուրի թաքավորի ախչիկը առնեմ։

— Իրեք օր ըստի կաց, որթի, քու հոր լավութունի տակից դուս գանք, ետո քեզ կտանեմ Հուրի թաքավորի քաղաքը։ Վախիլ մի՛, ախչիկը կառնես։ Դե տղեք ջան, նի էլեք ձիանը, ընկեք սարերը, հ՚ամեն ջուռա բան բերեք, որ էս իրեք օրը ուտենք, խմենք, քեֆ անենք։

Էտ իրեք օրը կերան խմեցին, վրա չորս օրը՝ հարամբաշին տղին քաշեց թարքը՝ վեր կալավ տարավ, թաքավորի խնամաքարի վրին նստացրուց, ինքը թողուց գնաց:

Տղեն վե կացավ խնամաքարի վրի զանգակները քաշեց։ Նազիրն էկավ ասեց. — Ի՞նչ մարթ ես։

— Էկել եմ թաքավորի ախչիկը ուզելու։

Գնաց թաքավորին իմաց տվուց, էկավ առավ տարավ։