Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/335

Այս էջը հաստատված է

Մեկ էլ տեհավ իրենց քաղաքի տատմերը քթնվեց։ Տղեն առավ, լողացրեց, ղոնդաղ շինեց, դրեց կողքը։ Էկավ մի հինգ օր, վեց օր անց կացավ։

Էտ կնիկը ղոնդաղն առավ գիրկը, ասեց.— Ա՛խ, աստված, բա ես ո՞նց անեմ, քավորը ըստեղ չի, իմ ծխական քահանեն ըստեղ չի, ես ո՞նց անեմ իմ բալիկին հալալեմ, ջուրը քաշեմ։

Մեկ էլ տեհավ, որ իրենց քահանեն, քավորը, մեկ էլ տատմերը բուսան։ Տատմերը ջուրը հազրեց, ղոնդաղը քանդեց, քավորը խարտեց, տերտերը փուրվառ քցելով ջուրը քաշեց, մեռոնեց, անըմը դրեց Վարդիթեր։ Բերին դրին մոր գիրկը։

Տատմերն ասեց․— Ջուրը քաշեցինք, մեռոնեցինք, մի-մին էլ օրհնեք տանք, մի-մին ծաղիկ բախշենք։

Քահանան ասեց.— Բա՛խշենք, համա իրավունքը քոնն ա, առաչ դու ասա, մենք էլ քու եննուցը կգանք։

Տատմերն ասեց․— Ես խնթրում եմ աստըծանիցը, որ էս նորամանուկը ինչ ժամանակ որ լըղացնեն՝ ջուրը ոսկի, արծաթ դառնա։

Քահանան ասեց․— Ես էլ խնթրում եմ աստըծանիցը, որ էս նորամանուկը ինչ ժամանակ որ լաց ըլի, աչքերիցը մարքարիտ թափի։

Քավորն էլ ասեց․— Ես խնթրում եմ աստըծանիցը, որ իմ սանիկը ինչ ժամանակ որ ման գա, ոնների տակ անմահական ծաղիկ բուսնի։

Ասեցին ու համփարցվեցին։

Անցավ մի էրկու օր, էտ կնիկը էրեխին լըղացրեց, տեհավ՝ ջուրը տաշտի մեչ արծաթ դառավ. նա հենց իմացավ, թե ջուրը սառեց, վե կալավ՝ դաղի մի պուճախը լցրեց։ Որ էրեխեն լաց ըլավ, աչքերիցը մարքարիտ թափվեց․ խեղճ կնիկը միամիտ էր, հենց գիտեր թե կարկուտ ա, հավաքեց, լցրեց սառցի կշտին։

Ամիսը թըմամեց, աղեն մուրախաս արեց, էտ մարթը հախն առավ, ռուղդան հազրեց, ընկավ ճամփա։

Աղեն ասեց․— Ա՜յ տղա, էս անքամ չմոռանաս, հետդ սառից բերես։

Մարթը էլավ, էկավ հասավ դաղեն, տեհավ էլի էն աժդահեն դռան ադաքին մեկնված ա. չվախեցավ, էկավ, աժդահեն ճամփա տվեց, անցավ մտավ դաղեն։ Տեհավ կնիկը պառկած էր, կողքին