Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/448

Այս էջը հաստատված է
ԷԾԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով կար մի մարթ, դրան ուներ մի կնիկ, մի հատ էլ էծ, էլ բան չուներ։ Էծը կթում ին, ուտում ին։

Օրերի մի օրը ըտրա կնիկն ասեց.— Ա՜յ մարթ, էծը տար ծախա, հա՛մ էծը բեր, համ փողը բեր։

Էտ մարթն ասեց.— Ա՛յ կնիկ, ես ո՞նց էծը ծախեմ, որ հա՛մ էծը բերեմ, հա՛մ էլ փողը։

Կնիկն ասեց.— Ոնց ըլի-չըլի, պըտի բերես, որ առանց կաթ չմնանք։

Էտ մարթը էն էծն արեց աղաքը, դագանակը վե կալավ, քշեց գնաց քաղաքը։

Առավոտ էր. խաշ ծախողը խաշ էր ծախըմ, հենց որ տեհավ էտ խաշ ծախողին, բղավեց.— Էծ եմ ծախը՜մ, էծ եմ ծախը՜մ։

Էտ խաշ ծախողն ասեց.— Ի՞նչ տամ էծիդ։

Ասեց.— Մի աման խաշ տուր, էծը տամ քեզ։

Նա էլ ասեց.— Որ ըտենց ա՝ արի կե՚ր։

Էտ մարթն էկավ նստեց, մի աման խաշ կերավ, վե կացավ, որ իրա էծը քշի գնա, խաշ ծախողը դրա կուռը բռնեց, ասեց.— Ի՞նչ ես անըմ, իմ էծը ո՞ւր ես տանըմ։

Նա էլ ասեց.— Մի աման խաշ ես տվե, ուզըմ ես էծս ձեռիցս առնե՞ս։

Նա նրան ուշունց տվեց, նա նրան՝ կռվեցին։ Խալխը թոփ էլան, էկան ասեցին.— Ամոթ չի՞, խի՞ եք կռվում։