Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/451

Այս էջը հաստատված է

Ասեց.— Ձենդ կտրա՛, էծիդ գինն ի՞նչ ա, ասա՛ տամ։

Ասեց.— Էծիս գինը քսան մանեթ ա։

Ասեց.- Ա՛ռ, ձենըդ կտրի։

Էծ ծախողը քսան մանեթն առավ, դրեց ջեբը, տեհավ որ դուռը ծեծողը հալվաչին ա։ Մի սհաթ մնաց, տեհավ որ էլի դուռը ծեծեցին։

Կնիկն ասեց.— Ա՜յ գիտի, մարթս կըլի, փա՛խի, մտի գոմը։

Էտ մարթը փախավ, մտավ գոմը։

Էծ ծախողն ասեց.— Ո՞ւր էկար ըստե, էծս կառնե՞ս, թե գոռամ՝ էտ մարթը գա քեզ բռնի։

Ասեց.— Ամա՜ն, մի գոռա, ես կտամ քու էծի փողը։ Էծիդ գինն ի՞նչ ա։

Ասեց.— Էծիս գինը քսանըհինգ մանեթ ա։

Հանեց փողը տվեց, ասեց.— Ա՛ռ, ձենդ կտրա։

Էտ մարթը փողն առավ, դրեց ջեբը, տեհավ որ էտ էկողը ըտրա մարթն ա, սուս կացավ մնաց։

Մարթն էկավ նեքսև, հաց կերավ պրծավ, ասեց.— Կնի՛կ, քնելու վախտն ա, էթամ մի գոմը տավարին տենամ, գամ քնենք։

Կնիկն ասեց.— Ի՞նչ կա, բեզարած ես, ա՛րի քնենք։

Մարթն ասեց.— Ո՞նց կըլի, առանց տենալ ես ո՞նց քնեմ։

Ասեց ու վե կացավ մտավ գոմը. գոմը մննելուն էծ ծախողը գոռաց․— Էտ ո՞վ ես։

Էտ մարթը զարմացած մնաց, ասեց.— Դու ո՞վ ես, որ իմ գոմըմը իմ վրին գոռըմ ես։

Ասեց.– Ես էծ ծախող եմ։

Ասեց,– Խի՞, էս էծ ծախելու տե՞ղ ա։ Էս բազա՞ր ա։

Ասեց.— Բազար չի, ի՞նչ ա. բա էս խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծախողը ըստեղ ի՞նչ են անըմ։

Ասեց.— Ի՞նչ ես ասըմ:

Ասեց.— Հըլա մի ճրաքը վառա, կտենաս։

Մարթը ճրաքը կպցրեց, տեհավ, որ խաշ ծախողը, գաթա ծախողը, հալվա ծախողը իրեքն էլ իրա գոմի միչին նստած են։ Հենց որ դրանց տեհավ՝ էտ մարթին ասեց.— Էծիդ գինն ի՞նչ ա, առնես քաշվես, ըսկի մարթի բան չասես։

Ասեց.— Տա՛սը մանեթ։