Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/514

Այս էջը հաստատված է

Խանեց, կայնացրեց, բերեց տունը։

Միջնեկ, ջոջ դևը էկան․ շատ ջրոտցան մեծ աղբորը վրեն.— Մենք չասացինք թե. «Էսդոնք ճամփու դի՛ր, թող էրթան»։

— Ես չե՛մ կարա, էգուց դուք ճանփու դրեք։

Առավոտը միջնեկ աղբեր մնաց տունը, որ ճանփու դներ, էնոր էլ հաղթեց։

Իրիկունը մեծ, պուճուր աղբերը էկան, տեհան որ կոնախները տունը նստած են։ Զաթի մեծ աղբերը ղարպը տեսեր էր, պուճուրը էլի ջրոտցավ։

— Պուճուր աղբե՛ր, առավոտը դու ճանփու դի՛ր,— ասաց։

Էն էլ որ հաղթեց, տվեցին իրանց քուրը։

Թագավորի տղեն թողեցին տունը. Աղբեր-տղան տարան ավ։

Թագավորի տղեն դռները բացեց, գնաց Քառսուն-ծամի օթախը. էրեսը տեհավ որ անչափ խորոտ էր։

Էլ էնդրա բան չըսեց, ձեռը ձգեց վզով, ձեռը ձգեց, ճեպիցը մե բանալի խանեց, ժանգոտ բանալի էր․ ըսկի չեն բաց արե դուռ, ըսկի չեն բանացրեր։

Գնաց օթախների մեջ․ մի օթախ ըսկի բաց արած չի. բացեց, տեհավ մե անհոգի-հոգին դալըպ ըսկի չէ մտե. բերած ին տախտկի վրեն մխըրնած ին. մեկ սինի փլավ դրած ին դեմը, բայց դեմիցը ադադ էր, բերանը չէր խասնըմ փլավինը։

— Թագավորի տղա՛,— ասաց,— մե սինին քաշի՛ս դեմս, ես ուտեմ․ էս ոտերիս ձեռներիս մեխերը մե թուլցնե՛ս, էս անհոգի դևերը քառսուն տարի կա մխրնած ին էստեղ։

Փլավը քաշեց առաջը, դևը լեզու գցեց, փլավ մե խետ սրբեց, նստավ տեղ. վեր էլավ, կայնավ․ թագավորի տղին մե սիլա չտվեց, մե թոփ տվեց․ Քառսուն-ծամ Փարու ծամերեն բռնեց, դրեց թևերու վրեն, գնաց։

Դևերը էկան, տեհան, լալա քյոչուպ, յուրդու գալըպ[1]։

Ասեցին.— Աղբեր-տղա՛, քո՛ւ աղբեր էս ինչ օյին խաներ ա մեր գլոխը, մեր քուրը բերեցի՛ր՝ բերեցիր, չբերեցի՛ր՝ քու աղբոր արունք մեզի հալալ ըլլի։

  1. Լայան (մարդը) քոչել է, յուրդն (բնակատեղը) է մնացել, այսինքն՝ ոչինչ չի մնացել (ծանոթ․ կազմողի)։