Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/576

Այս էջը հաստատված է

Թաքավօրը հ’էքսի օրը կանչէց իրա ֆառաջին, ասեց.— Ի՞նչ անէնք վօր սրան փչացնէնք. գնաց, էլի էկավ:

Ասէց.— Թաքավօ՛ր, բէր ղրկէնք դէվստուն, մէր օխտը տարվա խարջը մնըմ ա՝ թօղ էթա բէրի: Դէվէրի ձէռիցը պրծնիլ չի:

Թաքավօրը կանչէց էտ տղին, ասէց.— Որթի, գնա դէվստուն, օխտը տարվա խարջը մնըմ ա, վէ կալ բէր:

Ախչիկը էլյէդ գնաց Լյուլիզարի մսուրքը՝ լաց էլավ, ասէց.— Լյուլիզար, իմը՝ դու, քունը՝ աստված, թաքավօրը ինձ ըսէնց ա ասէլ:

Լյուլիզարն ասէց.— Մի վախիլ, կէթանք կբէրէնք:

Տղեն նի էլավ ձին, ընկավ ճամփա, գնաց հասավ դէվստուն: Դրանք մի մառմար քար ունէին, ձին ասէց.— Ախչիկ ջան իմ պօչը կապա էս քարիցը՝ յէս քաշ կտամ, դու մտի նէքսէվ՝ խարջը վէկալ բէր:

Տղէն ձիու պօչը կապէց մառմար քարից, ձին սկսէց քաշ տալ, թօզը բանցրացավ. տղէն մտավ նէքսէվ, տէհավ քառասուն դէվ նստած էն: Դէվէրն ասէցին.— Ըհը, մէզ կէրակուր ա էկէլ:

Տղէն ասէց.— Ա՛յ տնաշէննէր, ըստի արխէին նստէլ էք, հրէն թաքավօրն էկավ ձէր խարջի դէմը տարավ ձէր մառմար քարը. յէս էկա ձէզ իմացնէմ:

Դէվէրը դուս թափվէցին: Տղէն թամաշ արուց, տէհավ օխտը տարվա խարջը սանիցը կախ տված էր, վէ կալավ ու փախավ, էկավ ձին նի էլավ, պօչը մառմար քարից կտրէց, հավալամիշ էլավ: Թռավ գնաց թաքավօրի դռանը վէր էկավ:

Տղէն տարավ օխտը տարվա խարջը տվուց թաքավօրին:

Թաքավօրի ախչիկը էլյէդ բարկացավ, կպավ հօր յախէն.— Դու խի՞ չէս էս տղին փչացնըմ:

Թաքավօրը կանչէց նազըրին, ասէց.— Դէվստընից էլյէդ էկավ, բա հըմի ի՞նչ անէնք:

Նազիրն ասէց.— Թաքավօ՛ր, քու պապին մի տէրօղօրմյա ունէր, Դէվէրը տարէլ էն, հրէն նրանց մօր ձէռին ա, ղրկէնք բէրի: Հնար չկա, վօր ըտէղ էթացօղը յէտ գա:

Թաքավօրը կանչէց փէսին, ասէց.— Փէսա՛, գնա մէր պապի տէրօղօրմէն՝ էսինչ դէվի մօր ձէռին ա, վէ կալ բէր:

Տղէն էլյէդ գնաց ձիու մսուրքը, լաց էլավ:

Ձին ասէց.— Հը, ախչի, խի՞ էս լալի: