Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/63

Այս էջը հաստատված է

Էրկու նաղլը քոռն ասեց, իրեք նաղլ էլ սաղն ասեց: Բերուց հինգ ոսկին տվուց դրանց:

Քոռը սաղին ասեց.— Հըլա էտ մարթին հարցրու տես՝ ճամփի տեհած բանն է՞լ ա նաղլը:

— Հա՛, նաղլ ա, գիտեք՝ ասեցե՛ք, մին ա:

Սկսեցին ասիլը:

— Դե՛, քոռ ախպեր, դու ըստի կա՛ց, մենք ձի նի'լնենք էթանք, էտ տենենք,— ասեց ախչիկը:

Վե կացան գնացին սարը, քթան էտ հ'ախպուրը, էտ ծառը:

Ախչիկն ասեց.— Սաղ ախպեր, դե դու ձիանը քաշի գնա իմ ճամփեն պըհա՛:

Սաղը գնաց, ախչիկը ձեռը քցեց էտ մեռելը վե բերուց, տեհավ, որ ոտի բթից ընչար բուկը աչ ու ձախ կոճակ ա շարած: Սկսեց դուս ածելը[1]: Տեհավ, որ բկին ղայթանով քցած մի պուճուր, սև, ծակ քար կա. քարը հանեց շլնքիցը, տղեն սաբըր էկավ ու նստեց: Տեհավ, որ հ'իրա մարթն ա:

— Խի՞ էկար, ա՛յ կնիկ:

— Էկա՛, բա ի՞նչ անեի,— ասեց, ու լաց էլավ,— ոչ մահ կա՝ մահը տանի, ոչ էլ դու գալիս ես, ես ի՞նչ անեմ:

Դրանք փաթըթվեցին իրար, թեք ընկան:

Մի վախտ զարթնեց կնիկը, տղան ասեց.— Դե, կնիկ ջան, իմ պատանը հաքցըրու, կոճակները մեր քցա, քարն էլ քցա շլինքս, վե գնա՛, էլ չգաս, թե չէ հուրիքը կգան քեզ կվնասեն:

Ախչիկը վե կացավ գնաց տուն, հ'էքսի օրը սաղին ու քոռին ճամփու քցեց, հ'ինքը էկավ էլի էտ տղի կուշտը: Ըսենց մի հինգ-տասը օր էկավ, հ'իրար հետ ժամանակ անցկացրին:

Օրվա մի օրը հուրիքն էկան, տեհան որ տղի ռանգը քցած ա. հուրի մենձ ախչիկը տեհավ, որ էս տղի կոճակները աչ ա քցած, ասեց.— Հը՛, էն ղանճըղը էկել ա քեզ քթել, հա՜. դե՛ վե կալեք սրան տարեք Սև ծովն ու Սիպտակ ծովը անց կացրեք, տարեք անմահական ախպրի բախչըմը վե դրեք, որ օցը հ'իր պորտովը, ղուշը հ'իր թևովը էտ տեղը տեհած չի: Տենեմ դա էլ ոնց պըտի գա տենի դրան:

Հուրիքը վե կալան դրան, տարան Սև ծովն ու Սիպտակ ծովը անց կացրին, տարան անմահական հ'ախպրի բախչեն վե դրին:

  1. Արձակելը (ծանոթ․ բանահավաքի)