Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/15

Այս էջը հաստատված է

որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ[1] ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։

  1. Տպագիր տեքստում թուլուխ, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։