Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/16

Այս էջը հաստատված է

Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։