Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/17

Այս էջը հաստատված է

― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։


Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։