Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/171

Այս էջը հաստատված է

— Ա՛սսու սիրուն,— ասում ա դարվիշը,— մի ինձ ըստիան ազատա, ի՛նչ ուզես՝ կտամ. թե կնիկդ էրեխա չի բերում՝ ընենց կանեմ, որ էրեխա բերի, թե տանդ հիվանդ ունես՝ կլավացնեմ. մախլաս, ի՛նչ հունար ասես՝ ձեռիցս կգա․․․։

— Զա՛թի ես հենց քեզ ի ման գալի, դա՛րվիշ աղպեր, էդ լա՛վ էլավ: Էսքամ տարի մեռա դեղ, դարման անելոն, սրբերի դուռը մաշելոն՝ ճար, իլլաջ չէլավ, կնիկս պտուղ չբերեց, որ կարենաս ըտենց մի բան անի՝ դեռ հլա քեզ բոլ փող էլ կբաշխեմ:

Դարվշին հանում ա ֆորիցը, տանում իրանց տունը:

Դարվիշը մի խնձոր ա ուզում, կես անում, տալի էն մարդին։

— Ա՛ռ,— ասում ա,– խնձորի մի տապակը դո՛ւ կուտես, մի տապակը կտաս կնկա՛նդ, վեց ամսեն վրա կնիկդ մի տղա կբերի:

Էն մարդը դարվշին բոլ փող բաշխեց, ճամփու դրեց: Ուրախ–ուրախ խնձորի մի տապակը ինքը կերավ, կեսն էլ պահեց, որ կնկանը տա՝ չունքի կնիկը տանը չէր, հարևանի տունն էր գնացե: Շատ կա՛ցավ, կա՛ցավ՝ տեհավ եդանում ա. ասեց.— Արի՛ էս մի տապակն էլ ես ուտեմ, ինչ պտի ըլնի. մին չի՞, ե՛ս կերած՝ կնի՛կս կերած: Վեր ա ունում էն մի տապակն էլ ա ուտում:

Անց ա կենում մի՛ ամիս, է՛րկու ամիս, մախլասի վե՛ց ամիս էս մարդը էրկըֆոդսանում ա, ազատվում, բերում ա ըն էլ ի՛նչ մի մոթալի տիկ։ Հենց տղատվելիս էլ ինքը մեռնում ա:

Խեղճ կնիկը մնում ա միտք անելոն, թե էս մոթալի տկի մեջը ի՞նչ զորություն պտի ըլնի, որ ո՛նչ բերան ունի, ո՛նչ ոտ, ո՛նչ ձեռ, մախլաս, ո՛նչ մի մարդի նշան չկա վրեն։ Վեր ա ունում էդ տիկը տանում իրանց շիրախանում վե քցում. ասում ա. «Տենամ, բա՛լի սրա միջին մի բան կա. թո՛ղ մնա մի քանի շաբաթ էլ, տենանք ինչ կըլնի»:

Անց կացավ մի շաբաթ, էրկու շաբաթ, տեհավ շիրախանում մինը իրան ձեն ա տալի.— Ա՛զի, ա՛զի, արի՛ ըստե, բան եմ ասում։

Մնում ա զարմացած, վեր ա կենում էթում տենում՝ էն մոթալի տիկն ա ձեն տվողը։ Հիսուս-Քրիստոս ա անում՝ մոտին կաննում:

— Ա՛զի,— ասում ա Մոթալը,— էգուց կէթաս մեր թագավորի կուշտը, նրա աղջիկը կուզես ինձ, կասես. «Թագավորն ապրած կենա, իմ Մոթալ տղեն աղջկանդ ուզում ա»։