Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/232

Այս էջը հաստատված է

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— դու սաղ ըլնես, ինչ տաս՝ ղա՛բուլ եմ։

— Ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ։

— Բա՛ս իմ աղջիկը քեզ եմ տալի,— ասում ա թագավորը,— հալբա՛թ աստոծ նրան քե՛զ էր ղսմաթ արե. տա՛ր, մորդ կաթի նման հալալ ըլնի։

Թագավորը բերում ա էն սհաթը նոքարի հեննա նշան դնում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, որ էլ հալ ու հեսար չկար։ Աղջկա վրեն էլ լա՛վ բաժինք, լա՛վ փող ա դնում, որ օխտը պորտով ուտեին՝ չէր հատնի:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— չե՛ս գա մնա իմ կշտին, զաթի ես էլ տղա չունեմ, ինձանից եդը դո՛ւ կնստես թագավոր, ի՛նչ ունեմ, չունեմ՝ մա՛լ, դո՛լվաթ, խազինա՛, քոմմա քունը կըլնի։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես էլ մեր երկրումը տուն, տեղ, հերնըմեր ունեմ, որ աչքները ճամփի ա, պտի էթամ նրանց հավարին հասնեմ։

— Դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը,— որ չես կարա, գնա՛, աստոծ քեզ հետ։ Էրկսով մի բարձի ծերանաք, ո՛րդիք, ապրե՛ք, զորանա՛ք, ծլե՛ք, ծաղկե՛ք, կանանչե՛ք, բարով որդկերանց, թոռների տեր դառնաք։

Թազափեսին ու հարսին ըստե մի լա՛վ օրհնանք ա տալի, ճամփու դնում։

Թագավորի տղեն էլ իրա առուտուրն անում ա, պրծնում, վե կենում քոչ ու բարխանա են կապում, բարձում ձիանիքը, նոքարի հեննա ընկնում ճամփա՝ դպա հոր քաղաքը։ Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հենց հոր քաղաքին հասվեհաս են ըլնում, ըստե թագավորի տղեն կպնում ա նոքարի յախեն։

— Քեզ մի բան եմ ուզում հարցնի,— ասում ա,— համա պտի դրուստն ասես, հա՛։

— Կասեմ, խի՞ չեմ ասի,— ասում ա նոքարը։

— Մի՞տդ ա, որ հորս քաղաքիցը նոր ինք ճամփա դուս էկե. էկանք, էկանք՝ մի գեղի կշտի վեր էկանք։ Ըտե մի ջահել-ջիվան տղա ին տանում թաղելու, մեռլատերերը քոմմա լաց ին ըլնում, դու