Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/243

Այս էջը հաստատված է

Մի քիչ գալիս են, գալի, աղպերը տենում ա մի ուղտի ոտի տեղ, մեջը լիքը ջուր։ Ուզում ա խմի, քիրը չի թողում, ասում ա.— Ուղտ կդառնաս:

Մի քիչ էլ գալիս են, տենում են մի ձի ու ոտի տեղ՝ լիքը ջուր ա: Աղպերն էլի ուզում ա խմի, քիրը էլի չի թողում, ասում ա․— Ձի կդառնաս։

Մա՛խլաս, ըսենք աղպերը որդե մի պուտ ջուր ա տենում, ուզում ա խմի՝ քիրը չի թողում։

Վերջը որ աղպոր ճարը կտրվում ա, ծարավու թուք ու մուքը կպչում, քվորիցը թաքուն մի գառան ոտի տեղից ջուր ա խմում, ըլնում մի սիրուն, նաշխուն գառ: Քիրը եդ ա թամաշ անում, տենում ի՛նչ՝ աղպերը մի սիպտակ գառն ա դառե՝ եննուցը վազում. շատ ա լաց ըլնում, մըխկտում, համա էլ որդե՝ բանը բանից անց էր կացե։

Ըսենց սոված, ծարավ գալիս են գալի, շատ ու քիչն աստոծ գիտա, տենում են ճամփին մի աղբուր, կողքին էլ մի եքա չինարի ծառ։ Էս աղբրումը մի կուշտ ջուր են խմում, ծարավները կոտրում. եննա քիրը նի'լնում ա էդ չինարու գլուխը, Գառնիկ-աղպերն էլ չինարու տակին արածում ա։

Էդ իրիկունը, թագավորի նոքարները ձիանիքը բերում են էդ աղբուրը ջրելու։ Ի՛նչ անում են չեն անում՝ ձիանիքը ջուր չեն խմում։ Դու մի ասի՝ աղջկա շողքը ընկնում ա աղբրի մեջը՝ ձիանիքը հուշտ են ըլնում, ջուր չեն խմում։

Թագավորի նոքարները դե՛սն են մտիկ անում, դե՛նն են մտիկ անում, տենում են զադ չկա. մըն էլ որ գլխները չեն բանձրացնում, չինարուն մտիկ տալի, տենում են ինչ՝ մի սիրուն, նաշխուն զադ ընդե ֆըրֆըրահար ա գալի. ձեն են տալի.— Ինս ես, ջինս ես, ջանավար ես՝ վեր արի, տե՜նանք:

Աղջիկը վե չի գալի:

Թագավորի նոքարները էթում են թագավորին իմաց անում, թե.— Թագավորն ապրած կենա, ձիանիքը տարանք աղբուրը ջրելու, ջուր չխմեցին՝ հուշտ ին ըլնում։ Վիրև մտիկ տվինք, տեհանք մի հրեշտակի նման սիրուն զադ չինարու վրեն. ինչքամ ձեն տվինք՝ վե չէկավ։ Չինարու տակին էլ մի սիպտակ, նաշխուն գառն էր արածում։