Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/270

Այս էջը հաստատված է

ա, վե կենում նստում, ըլնում ա ո՛նց որ մորեն մին։ Քոմմա մնում են սառած իրար էրեսի մտիկ անելոն:

— Ի՞նչ կնիկ ես,— հարցրեր բեզրգյանը,— էս ո՜նց ա էլե, որ քեզ սըպանել են, բերե քցե ըստե։

Նո՛ր էդ կնիկը ըստե նստեր մին-մին նաղլ արեց իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Բեզրգյանը էս որ իմացավ, հարցրեց.— Չե՞ս գա քեզ տանեմ շինեմ ինձ կնիկ. զաթի ես էլ ազապ, էթանք գլխներս դինջ իրար հեննա ապրենք։

— Չէ՛, բեզրգյանը սաղ ըլնի,— ասեց կնիկը,— ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի։

— Չէ՞,— մըն էլ հարցրեց բեզրգյանը։

— Չէ՛,— ասեց կնիկը։

— Տե՜ս, կփոշմանես,— ասեց բեզրգյանը։

— Չե՛մ փոշմանի,— ասեց,– դու քու աստոծ, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա։


Բեզրգյանը շատ հերսոտեց էդ կնկա վրեն, նոքարներին հրամայեց, մի քառասուն գազանոց ֆոր փորեն, նրան քցեն մեջը, մի եքա քար էլ դնեն ֆորի բերնին, որ ընդիան դուս չգա: Նոքարները մի քառասուն գազանոց ֆոր փորեցին, խեղճ կնկանը քցեցին մեջը, մի քար էլ դրին ֆորի բերնին: Առավոտը լիսը բացվեց թե չէ, սրանք իրանց զադ֊մադերը հավաքեցին, վե կացան ընկան ճամփա։

Էդ կնիկը մնաց մեն֊մենակ ֆորի միջին։ Շատ ձեն տվեց, հարա՜յ կանչեց, աղաչանք֊պաղատանք արեց, հավարին հասնող չէլավ։ Անց ա կենում ըսենց մի օր, էրկու օր, իրեք օր, օրեն մի օրը մի ուրիշ բեզրգյան ա գալի․ էդ ճամփովը անցկենում էդ ազբրի կշտին վեր ա գալի, չագիր տալի մնում, որ մի քիչ դինջանա, հաց-մաց ուտի, էլի վե կենա էթա իր ա ճամփեն: Վե գալու բաշտան մի նվոցի ձեն ա ընկնում անկաջը։

— Էս ի՞նչ նվոցի ձեն ա,— հարցնում ա բեզրգյանը նոքարներին,— մի գնացեք տեհեք էդ ձենը ո՞րդիան ա գալի։

Նոքարներն էթում են դե՛ս ընկնում, դե՛ն ընկնում, է՛ս գիհը ման գալի, է՛ն գիհը ման գալի, անկաջ դնում, մախլասի՝ ո՛ր շատ ման են գալի, տենում են հրեսիկ մի քառասուն գազանոց ֆոր. էդ ֆորի միջիցը մի նվոց ա գալի։ Ֆորի բերնի քարը եդ են քցում: