Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/294

Այս էջը հաստատված է

էթամ:— Տղեն ճամփի թադարեք տեհավ, հեննեն մնաս բարով արեց, վե կացավ, ընկավ ճամփա։

Էթալիս մորն ասեց.— Ա՛յ մեր, սաղ քու տունը, դուռը, շեմը, շեմակալը ոսկի դառնա։

Ասելու բաշտան էն սհաթը սաղ տունը ոսկի կըլնի։

Էդ տղեն ա՝ կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, կհասնի մի մեծ ծովի ղրաղ. կտենա անց կենալու ճար֊իլլաշ չկա: Կնստի ծովի ղրաղին ուքուր-ուքուր լաց կըլնի։ Մըն էլ ի՜նչ կտենա, ըհը՛, ծովի միջիցը մի եքա Ձուկ դուս էկավ:

— Տղա՛,— հարցրեց Ձուկը,— խի՞ էս ըտենց ուքուր-ուքուր լաց ըլնում։

— Բա ի՜նչ անեմ,— ասում ա տղեն,— ուզում եմ էս ծովը անց կենամ, էթամ Ֆալաքի կուշտը, չեմ կարում․ չեմ իմանում ի՞նչ անեմ։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա Ձուկը,— քեզ կանց կացնեմ ծովի էն էրեսը, համա որ հասնես Ֆալաքի կուշտը իմ դա՛րտն էլ նրան ա՛սա. ասա, որ ինձ ծովի ջանավարները շատ են չարչարում, ինջիմիշ անում, թո՛ղ ասի տենամ՝ իմ ճարն ի՞նչ պտի ըլնի:

Ձուկը տղին կդնի միջքին, մի սհաթումը կհանի ծովի էն էրեսը։ Տղեն Ձկան հեննա մնաս բարով կանի, իրա ճամփեն կբռնի, կէթա:

Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ուրիշ ծովի ղրաղ։ Կտենա ըստե մի պառավ մի թաս ձեռին ծովի ջուրը կռճում ա։

— Էդ ի՞նչ ես անում, ա՛յ նանի,— հարցնում ա տղեն:

— Ծովը ուզում եմ ցամաքացնեմ,— ասում ա պառավը,— որ ըստե թազա քաղաք շինեմ, ես էլ էդ քաղաքի միջին մենծ դառնամ։

— Թահո՛ւ, էդ ծովը ե՞բ պտի կոճե՜ս, ցամաքացնե՜ս, որ ըտե քաղաք քցես, դու էլ միջին մենծ ըլնես։— Ասում ա, թողում էթում։

Էթում ա, էթում տենում ա հրես մի Լագլագ մի չոր ծառի ծերի նստել ա։

— Բա՛րով Լա՛գլագ աղպեր,— կասի տղեն,— էդ ծառի ծերին խի՞ ես նստե: