Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/306

Այս էջը հաստատված է

տղեն ամեն գշեր էն ծակովը վեր էր գալի թագավորի աղջկա օթախը, նրա հեննա ուտում, խմում, ասում, խոսում, մասլահաթ անում, նո՛ր լիսադեմին էլ եդ գալի իրա տեղը։

Օրեն սի օրը թագավորը հրամայեց իրա նոքարներին՝ էթան տենան զարգյարի աշկերտը մեռել ա, թե դեռ հլա սաղ ա, հանեն, բերեն իրա կուշտը: Նոքարները գնացին ֆորի բերանը բաց արին, պարանը կախ տվին, էն տղին ֆորիցը հանեցին, բերին թագավորի կուշտը։ Թագավորը տղին որ տեհավ, մնաց արմացած: Չաղությունիցը տղի շլինքը էնքամ էր հաստացե, կասենաս գոմշի շլինք ըլներ։

— Հը՛,— ասեց թագավորը,— էրազդ ասո՞ւմ ես, թե չէ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասեց տղեն,— իրեք ամիս չէ, թեկուզ իրեք տարի էլ պահես ֆորի միջին, ես իմ էրազն ասողը չեմ։

— Ա՛յ տղա,— ասեց թագավորը,— մեղք ես, ջահել֊ջիվան ես. տե՛ս՝ վերջը կփոշմանես:

— Թագավորն ապրած կենա, չեմ փոշմանի, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա։

Թագավորը հերսոտեց տղի վրեն, նոքարներին հրամայեց, տանեն էլ եդ քցեն ֆորի մեջը, որ ընդե սովածությունիցը մեռնի։ Նոքարները ծեծելոն, ջարդելոն, քաշքշելոն տանում են նրան էլ եդ քցում ֆորի մեջը, թողում գալի։

Զարգյարի աշկերտն էլ զաթի էս էր ուզում։ Աղաքվա պես ասսու իրան օրը գշերը կախ էր ըլնում աղջկա օթախը, ընչանք լիսադեմ կշտին մնում, ուտում, խմում, կշտանում, նոր լիսադեմին բանձրանում էլ եդ իրա տեղը։

Ըսենց անց ա կենում մի ժամանակ. օրեն մի օրը Ֆրանգստունի թագավորը էդ երկրի թագավորին իրեք ձի ա ղրկում, հետն էլ թամբահ անում, թե․ «Պտի իմանաս սրանց ամեն մնի յաշը՝ ո՛ր ձին քա՛նի տարեկան ա․ չիմացար, իմաց կաց քու սաղ թագավորությունը քարուքանդ կանեմ, դու գիտաս»։

Խեղճ թագավորը էս որ լսում ա, թուք ու մուքը կպնում ա, վախլությունիցը չի իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի, ի՛նչ ջուղաբ տա նրան։

Միտք արեց, միտք արեց, վերջը ասեց.— Թե իմանա՝ իմ աղջիկը կիմանա էս բանը, էլ մարդ չէ։