Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/353

Այս էջը հաստատված է

– Մի քիչ սա՛բր արա,— կասի տանտերը, — եննա կիմանաս, թե էս դագանակները ընչի հմար ա:

Թագավորի տղեն սուս կկենա: Հենց կնստեն հացի, մըն էլ ի՜նչ կտենա՝ ամեն դհից եքա-եքա մկներ դուս էկան ու վրա տվեցին հացին: Նրանք էլ դագանակներով տալիս ին մկներին, որ կարենային մի քիչ հաց ուտի: Մի դհիցը դագանակներն ին վրա բերում, մի դհիցը հաց ուտում։ Թագավորի տղեն էս որ կտենա, ալբիալը տեղիցը վե կկենա, կէթա իրա խուրջնի բերանը բաց կանի։ Բաց կանի թե չէ, Կատուն ընտիան դուս կգա: Մկները կատվին տենալու բաշտան, քոմմա կփախնեն, մի-մի ծակ կմննեն. ինչ ա՝ իրանց Կատուն չուտի։ Տանտերը կմնա զարմացած, թե՝ ի՞նչ թավուր ղոնաղ ա, որ մկները նրանից վախեցան: Դու մի՛ ասի, սրանց երկրում, որ ասես, կատու[1] չիլնում: Մի քանի օր թագավորի տղեն սրանց տանը մնում ա, տանտերերը արխեին հաց ին ուտում, մի մուկ էլա չէր մոտանում Կատվի ահիցը: Վերջը մկների ճարը ո՛ր կտրվում ա, թոփ են ըլնում, էթում իրանց թագավորի կուշտը գանգատ, թե. «Բա չես ասի ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն թագավորի տղեն էկել ա մեր երկիրը, հետն էլ մի Կատու ա բերե, նրա ահիցը չենք կարում բններիցս դուս գանք: Մնացել ենք սոված, ձեռներս զադ չի ընկնում, որ ուտենք, քիչ ա մնում բիրադի սատկոտենք»։

Մկների թագավորը մի ղոչաղ մուկ ա ջոկում.— Կէթաս,— ասում ա,— թագավորի տղի կուշտը, կասես. «Ի՛նչ ուզում ես, ա՛սա տանք, թաքլի քու Կատուն առնես ըստիան էթաս»:

Էդ ղոչաղ մուկը վեր ա կենում էթում թագավորի տղի կուշտը:

— Թագա՛վորի ցեղը սաղ ըլնի,— ասում ա մուկը,– մեր թագավորը ասում ա. «Ինչ լեզուդ կպտտի, ա՛սա տամ, թաքլի կատուդ վեր ունես, մեր երկրիցը քաշվես»:

Թագավորի տղեն ասում ա.— Ֆլա՛ն ծովի միջին մի ամարաթ կա, էդ ամարաթի միջին մի Քոսա ա կենում, նրա կշտին մի Մատանիք կա, թե կարաց էդ Մատանիքը բերել տա, Կատուս վե կունեմ ըստիան կէթամ, թե չէ՝ չեմ էթա:

  1. Այս բառի փոխարեն եղել է՝ մուկը, հավանաբար արտագրելիս բանահավաքը վրիպել է (Ծ. Կ.):