Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/376

Այս էջը հաստատված է

Տղեն վե կացավ վազեց, տերտերին վե կալավ, բերեց։ Էկավ տերտերը պսակեց, թողաց գնաց։

Աղջիկն ասեց.— Հմի մենք էլանք մարդ ու կնիկ, մենակ մի բան եմ խնդրվում. ես միս չեմ ուտում, միս մի բերի տուն, սիրտդ կուզի՝ բազարումը ա՛ռ, կե՛։

Տղեն ասեց.— Շա՛տ լավ, չե՛ս ուտի՝ չե՛մ բերի։

Վե կացան, իրար ճիտ արին ու քնեցին։ Քե՜ֆը դրանց քեֆն էր։

Ըտենց ապրեցին իրեք տարի։

Իրեք տարուց եդը դուքանումը նստած վախտը խաբարն էկավ, թե Ստամբոլա յանիցը մի մենծ բազրկյան ա էկե, բերածը քոմմա խաս ապրանք ա։ Վե կացավ, դուքանի դուռը շինեց, գնաց էդ բազըրկյանի մոտը, որ տենա, թե ի՛նչ ապրանք ա բերե։

Բարև տվեց, նստեց, ասեց.— Ի՞նչ թանկագին բան ես բերե, ուզում եմ կնկանս հմար առնեմ։

Ասեց.— Մի շատ լավ մարգարտե շապիկ կա, տա՛ր թող տենա, թե վրին կըլեի, կհավանի՝ վե կա՛լ, թե չէ՝ իմ մալը եդ բե՛։

Վե կալավ, տարավ։ Տարավ կնկանն ասեց.— Մի լավ բան եմ բերե։

Ասեց.— Ի՞նչ ես բերե։

Ասեց.— Մարգարտե շապիկ, քու սիրուն ջանին լայաղ։

Եբոր տեհավ, ասեց.— էս ես չեմ հագնի։

Ասեց.— Խի՞, թանկ ա դրա հմար, ես էլ քեզ ղուրբա՜ն, մեր կարողաթյո՜ւնն էլ։

— Չէ՛,– ասեց,— ա՛յ մարդ չե՛մ հագնի։

— Չէ՛, պտի հագնես։

— Որ հագնեմ, կմեռնեմ, ուզում ես մեռնեմ՝ հագնե՛մ։

— Էդ ի՞նչ ես ասում, ա՛յ կնիկ, կտանեմ կտամ տիրոնչը։

Վե կացավ, տարավ։ Բաղրկյանն ասեց.— Խի՞ բերեցիր, չհավանե՞ց, թե նեղ էկավ։

— Չէ,— ասեց,— չի ուզում,— ասում ա,— որ հագնեմ՝ կմեռնեմ։

— Ո՛ր ըտենց ա, քու կնիկը օձ ա։

— Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ, կնիկն էլ օձ կըլնի՞։

— Միամի՜տ մարդ, էդ շապիկը ո՛ր չի հագնում, քու կնիկը օձ ա։ Քու կնիկը միս ո՞ւտում ա։

Ասեց.— Չէ՛։