Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/387

Այս էջը հաստատված է

— Չո՜ռ,— ասում ա Աղդիլակը,— շատ բան ունեն պահած, դու պտի խաբար տա՜ս։

— Ի՞նչ ա, խի՞ ես բարկանում իշիդ վրեն,— հարցնում ա տան տերը։

— Բա ի՞նչ անեմ. էշս ասում ա. «Ղութու միջին հալվա կա, ղազ կա տապակած, խի՞ չեք բերում ուտում, խի՞ եք սոխ ու հաց ուտում»:

— Վա՜յ, քոռանամ ես,– ասում ա կնիկը,— ըսկի մտի՜ս էր ուրախությունիցս գլուխս կորցրել եմ։

Էթում ա ղութին բաց անում, ի՛նչ կար չկար բերում, դնում մարդի աղաքը։

Խեղճ կնիկը ըստոնք ո՛ւմ հմար էր պահե, ում ղսմաթ էլավ։

Հացը որ ուտում են, պրծնում, կնիկն ասում ա.— Քա՛, ջուր եմ դրե թունդրի վրեն․ բերեմ գլուխդ, ոններդ լվանամ։

— Շա՛տ լավ կանես, ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— զաթի ջարդված, բեզարած եմ։

Կնիկն էթում ա տնքտնքալոն պղինձը բերում, ուզում ա ածի թեշտը, Աղդիլակը գտակը պտտում ա. պտտելու բաշտան էջը ալբիալը զռում ա:

— Չո՚ռ,— ասում ա Աղդիլակը,— ինչ անում են՝ անեն, քու ի՞նչ բանն ա։

— Ի՞նչ ա, խի՞ ես բարկանում իշիդ վրեն,— հարցնում ա տանտերը։

— Բա ի՞նչ անեմ,— ասում ա Աղդիլակը,— էշս ասում ա. «Էդ ջուրը դեղած ա, տա՛րեք ածեք ֆորը, թազադան ջուր դրեք տաքանա»:

— Ա՛յ ջանըմ, ա՛յ գյողըմ,— ասում ա կնիկը,— դեղածս ո՜րն ա, զադս որն ա. ե՛ս եմ իմ ձեռովը պղինձը թամուզ լվացե, իմ ձեռովը ջուրն ածե, տարե ղափարթմիշ արե։

— Ա՛յ կնիկ,— ասում ա մարդը,— խի՞ ես հուջաթություն անում. բալի էդ էշը մի բան գիտա, որ ասում ա․ տարե՛ք դեն ածեք է՛լի, դրանում ի՛նչ կա, որ խոսում ես։

Էդ կնիկը Աղդիլակի հեննա պղինձը վեր ա ունում, տանում տաք, եռման ջուրը շըռռալեն լցնում ֆորը՝ դուզ էն մարդի գլխին, որ ընդե տափ էր կացե։ Էդ խեղճ մարդը տեղն ու տեղը ալբիալը դիք ա չորանում։