Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/429

Այս էջը հաստատված է

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասեց:

— Բարո՛վ, հազա՛ր բարին,— ասեց չադրատերը։

— Ղոնաղ չե՞ս ուզի:

— Խի՞ չեմ ուզի, ղոնաղն ասսուն ա: Էդ ո՞ւր ես Էթում,— հարցրեց չադրատերը։

— Բա՛ չես ասի՝ հալ նաղլ ըսենց, ըսե՛նց բան. ֆլա՛ն տեղը, ֆլա՛ն բեզրգյանի հեննա չադիր ինք տվե, գշերը կացե․ լիսացավ թե չէ, վե կացա տեհա կնիկս չկա: Դե՛ս ման էկա, դե՛ն ման էկա, ի՛նչ արի, չարի՝ չգտա ո՛ր չգտա: Հմի էթում եմ կնկանս հավարին աշխարե աշխար, երկրե երկիր ման գամ, բալի գտնեմ, բերեմ։

— Տղա՛,— ասեց չադրատերը,— էդ ճամփեն, որ էթում ես, շատ դժար ճամփա ա, էթողն էլ եդ չի գալի. գիտաս խի՞։

— Խի՞,— հարցրեց տղեն։

— Ա՛սեմ: Հերս աղաք մենծ երկրի, թագավորությունի տեր էր։ Մենք մի Քոսա նոքար ունեինք. Քոսա մի՛ ասի, մի զուլում ասա՛՝ սաղ աշխարքը ձեռին դողում էր՝ ընե՜նց մի ազրեհիլ տղամարդ էր: Էկավ մի վախտ, էդ Քոսեն մեզ մեր երկրիցը, տուն ու տեղիցը քշեց, ի՛նքը նստեց ընդե թագավոր: Էդ Քոսեն,— ասեց,— մեր մհալումն էլ կնիկ չի թողե՝ էկել ա փախցրե, տարե շինե իրան կնիկ։ Որ սուտ չասեմ, ով գիտա հմի նա թամամ հազար կնիկ կունենա. կա, չկա՝ կնկանդ փախցնողն էդ Քոսեն ա, էլ մարդ չէ, Քեզանից ղոչաղ, ջահել-ջիվան տղամարդիկ են էկե էս ճամփովն անց կացե, համա դեռ հլա էն ա, որ պտի եդ գան։ Չունքի էդ Քոսեն մի ընենց քամու ձի ունի, որ մի տարվա ճամփեն մի օրումն ա էթում. Է՜, էլ դրա ձեռիցը իսանաո՞րդի կպրծնի։ Դու արի՛,— ասեց,— ա՛յ տղա, եդ դառ, մեղք ես, ջահել-ջիվան ես՝ գնա՛ քու արևի ձենն ածա։

— Չէ՛, որ չէ,— ասեց տղեն,— ինչ ուզում ա ըլնի՝ պտի էթամ, ո՛ր պտի էթամ: Ջըհանդա՜մը գյոռը, մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ:

Չադրատերը տեհավ, որ չէ, տղեն մի հետ պպին ա կաննե, չի ուզում եդ դառնա.— Տղա՛,— ասեց,՛— մի բան ասեմ անկաջ կա՞նես:

— Խի՞ չեմ անի, ասա՛ տենամ։

— Մերս,— ասեց,— էդ Քոսի կնանոցը լեղացնող, մուղաթ կենալն ա. հրես ա՛ռ էս մատանիքն ու աղլուխը նշանաբան, կտանես մորս, կասես. «Տղեդ ա ղրկե»։ Թե անի, բալի էլի նա մի ճար անի քեզ, թե չէ իմաց կաց՝ էթալդ կըլնի, գալդ չիլնի: