Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/456

Այս էջը հաստատված է

անի. բերում ա էդ օլուն մի շորի միջի փաթթում, դնում ուսին, տանում գերեզմանները, դե՛ս, դե՛ն ընկնում, ման գալի, էն քարը գտնում, բանձրացնում, տակը քանդում, մեյիդը դնում ընդե, ֆողը վրա տալի, քարը էլ եդ գցում վրեն, թողում գալի տուն։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, կնիկն ասում ա մարդին.— Ա՛յ մարդ, սրանից դենը ըստերանք մնալը հարամ ա, պտի գլուխ առնենք էթանք ուրիշ երկիր, թե չէ որ իմացան, բանը բացվեց, վա՛յն էկել ա մեզ տարե։ Կէթա՛ս,— ասում ա, ինձ հմար, մի ձեռք տղամարդի շոր կառնես, թուր, ասպար ու մի հատ էլ լավ քյահլան ձի, մախլաս՝ ճամփի հմար ինչ պետքն ա կառնես, վե կենանք էթանք Ըստամբոլ, ընդե կենանք, ընչանք տենանք վերջներս ի՛նչ ա ըլնում:

— Լա՛վ, ա՛յ կնիկ, ասում ա մարդը,— թող ըտենց ըլնի, էթամ առնեմ։

Էս մարդն ա՝ գեյմը փոխում ա, վե կենում, էթում բազար, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, կնկա հմար մի լավ ձեռք տղամարդի շոր ա առնում, ասպար-մասպար ա առնում, էրկու էլ քյահլան ձի, թողում գալի տուն։ Էդ գշեր ըտե մնում են, ճամփի թադարեք տենում, ի՛նչ ունեին-չունեին բերում, հազիր անում, առավոտը դեռ լիսն ու մութը չբաժանված, մարդ ու կնիկ վեր են կենում, թագավորի աղջիկը տղամարդի գեյմ ա մննում, ասպարավորվում են, ասսու անումը տալի, թռնում ձիանիքը՝ յա՜լլա։

Էթում են, էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, գալիս են մի չայիր-չիման տեղ, մի աղբրի կշտի վե գալի, մի քիչ դինջանան, հաց-մաց ուտեն, էլ եդ վե կենան էթան իրանց ճամփեն։ Թագավորի աղջկա վրեն հո էլ հալ չէր մնացե՝ բեզարել էր, թըլըպպե, մնացե։ Ախար խեղճը ազիզ֊մազիզ մենծացած, արևի էրես չտեհած՝ կարար իրեք օր իրար վրա ճամփա էթա, ըն էլ ձիով։ Հաց որ կերան պրծան, գլուխը դրեց տղի ծնկանը, ասեց. «Մի քիչ աչքս էլա կպցնեմ, դինջանամ»: Տղեն տեհավ, որ քնեց, ինքն էլ իրա դարտի հեննա էլավ։

— Հրե՛ս,— ասեց ինքն իրան,— ձեռներիս փողը պրծնում ա, սրանից դենը ինչ պտի անենք. ո՞ւմ դուռն էթանք, ու՞մ ձեռը մեկնենք, մի կտոր հաց ուզենք։ Կնիկս, ասեց,— է՛ն դռնում որ մի ակը տվեց, տանեմ խարջեմ, իրա մազերի միջիցը հանեց, ա՛րի մի ման գամ, տենամ նրանից է՞լ կա, թե հենց էն էր, որ տվեց։