Էջ:Հայկական հարցն ու իր լուծումը 5.jpg

Այս էջը հաստատված է

ու առևանգումները― մի խոսքով նույն հին հայկական հարցը։

Եվ պարբերաբար եվրոպական պետությունների շահերի դիմաց, լուսավոր մարդկության խղճմտանքի դիմաց, ամբողջ հայության մորմոքվող սրտի դիմաց ծառանում է էդ արյունոտ ու արցունքոտ հարցը։ Այժմ էլ ահա նորից բարձրացել է նա սրբազան ահավորությամբ։ Ի՞նչպես պետք է վճռվի նա և էդ մնացած մասում։

Առաջին պատասխանը, որ բխում է գործի հիմնավոր ծանոթությունից, ասում է.

― Էս օրվան մնացածն էլ պետք է վճռվի էնպես, ինչպես որ վճռվել է մինչև այժմ։

Բայց էստեղ մի մեծ հարց։

― Ո՞վ կուզի դրա առաջն առնի և ո՞վ է կարող։

Եվ ահա, հարցի պատմությանն ու ընթացքին հետևելով, եկանք կանգնեցինք էնտեղ, որ հայկական հարցի մնացորդն էլ պետք է լուծի Ռուսաստանն էնպես, ինչպես լուծել է մինչև այժմ, կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մակու։ Եվ ահա սահմանի մյուս կողմը թյուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին― խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա։

Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ թե… ռուսն անց կկենա։

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը։ Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը։

Եվրոպական մեծ պետությունները կուզենան։

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն։

― Արդյոք թուրքի սիրո՞ւց։

― Ոչ։

― Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր։

― Երբե՛ք։