Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/105

Այս էջը հաստատված է

Դարձեալ սաստկացաւ սարսափը և Իտալիայից դարձեալ սկսեցին փախչել ամենքը, որոնք զգում էին թէ չեն համապատասխանում անողոք պապի հայեացքներին։ Աբգարը, եթէ ուզում էր շարունակել եկեղեցական հայերէն գրքերի տպագրութիւնը, նոյնպէս պիտի մի հեռաւոր տեղ ընտրէր: Ամենևին նշանակութիւն չունէր, որ նա գործում էր Վենետիկի պէս մի քաղաքում։ Վենետիկը Տրիենտի ժողովին անպայման հպատակված երկիրներից մէկն էր և մեծ հաճոյք էր պատճառում պապերին, կատարելով նրանց կամքը։

Աբգարի տպագրական գործունէութիւնը Կ․ Պօլսում աւելի ևս պարզում է նրա տեղափոխութեան պատճառը։ Այդտեղ նա տպագրեց այնպիսի եկեղեցական գրքեր («Տօնացոյց», «Ժամագիր», «Պատարագամատոյց»), որ չէր կարելի աուանց կաթօլիկ կղերի հիմնաւոր սրբագրութիւնների տպել Իտալիայում։ Եւ այսպէս, Կ․ Պօլսի տպագրութիւնը իր սկզբնաւորութեան օրից յանձն էր առնում մի բնորոշ պաշտօն. դա հայոց եկեղեցուն նուիրված մամուլն է, որ դիմադրում է կաթօլիկ պրօպագանդային, հրատարակելով լուսաւորչական եկեղեցու մէջ գործածական գրքեր,- մի հանգամանք, որ շատ պիտի թուլացնէր կաթօլիկ տպարանների ազդեցութիւնը հայերի վրա։ Մենք յետոյ կը տեսնէնք, թէ որքան նշանաւոր էր Կ․ Պօլսի այդ դերը․ առ այժմ բաւականանում ենք այդ հանգամանքը ընդգծելով։