գետից սկսած մինչև Արաքս, աւերվեցին մի քանի օրվտյ ընթացքում։ Օսմանը մեծ աւարով և գերիների բազմութեամբ վերադարձաւ իր տեղը, իսկ նրա ետևում, կողոպտված երկրի մէջ, թափված մնացին նրա բանակի կոտորած մարդկանց դիակները։
Բաւական չէր այդքանը, և ահա սովը եկաւ լրացնելու այն, ինչ պակաս էին թողել ժանտախտը և օսմանցին։ Ժողովուրդը պատսպարվելու տեղ անգամ չունէր։ Բնակարանները քանդել էին Օսմանի խառնիճաղանճ հրոսակները։ «Եւ եթէ մի որ և է անկիւնում մնացել էր շինութիւն, ասում է մեր տարեգիրը — այնտեղ էլ տնակներն ու մերկերն էին զետեղվում»։ Մնացած ազգաբնակութիւնը ոտի վրա էր, անդադար ման էր գալիս, թափառում էր՝ մի կտոր ուտելիք գտնելու համար։ Յովհաննիսիկ վարդապետը ցնցող գոյներով ու սարսափելի փաստերով է նկարում սովի տեսարանը։
Ոյժ ունեցողները, ասում է նա, դեռ մի կերպ տեսնում էին իրանց գլխի ճարը։ Այսպէս, նրանք թագուն մտնում էին ոչխարների փարախները և կովերի գոմերը, և որովհետև ոչ ոք իր հետ սուր բան չունէ, որ մորթէր խոշոր անասուններին, ուստի յարձակվում էին կաթնակեր հորթերի և ուլերի վրա, պատռում էին նրանց կողերը, հանում էին նրանց սիրտն ու փորոտիքը և տեղն ու տեղը հում ուտում։ Իսկ ոյժ չունեցողները թափառում էին անասունների և ձիաների աղբանոցներում, քրքրում էին կոյտերը և նրանց