պարտատէրերը և նրանք նոյն իսկ անձնական պիտոյքների համար փող չէին գտնում. քաղցած էին, թշուառ։ Դրանցից մէկը Դաւիթն էր։ Իշխանական փառասիրութիւնը այդպիսի ժամանակներում էլ այնքան վառ էր Քրիստոսի փոխանորդների մէջ որ Մելքիսէթ անունով մէկն էլ կամեցաւ նրա աթոռակիցը դառնալ։ Ընդունված սովորութեան հետևելով, նա կաշառքներ տուեց տեղային մահմեդական իշխանին, որը և հարկադրեց Դաւիթին ձեռնադրել նրան կաթողիկոս։ Դաւիթը թէ այդ հարկադրանքից ստիպված և թէ կամենալով թեթևացնել իր դժբախտ դրութիւնը մի ընկերակից ունենալով, կատարեց Մելքիսէթի ցանկութիւնը։
«Երկու էին կաթողիկոսները և երկու — մսխողները», ասում է Առաքել պատմագիրը։ Եւ ահա երկուսն էլ փախստական, իսկ շուրջը սովից ու հարիւր ու մի անբախտութիւններից կիսամեռ ժողովուրդ։ Վերջապէս նրանք համաձայնութիւն են կայացնում — կաթողիկոսական աթոռը տալ մի երրորդին, որ կարող կը լինէր պարտքերը վճարել։ Կար այդ ժամանակ մի ունևոր վարդապետ` Սրապիոն անունով, որ հարուստ ժառանգութիւն էր ստացել ծնողներից։ Նա հրաւիրվեց կաթողիկոսութեան։ Բայց հէնց առաջին հանդիպման միջոցին` երկու կաթողիկոսների, նրանց հետ եղած կղերականների և Սրապիոն վարդապետի մէջ անհամաձայնութիւններ ծագեցին։ Երկու կաթողիկոսները ստիպված եղան հեռանալ Ջուղայից, ուր տեսնվել էին հարուստ և հեղինակաւոր Սրապիոնի