Բասենի, Խնուսի, Արճէշի կողմերը, քանդեցին, հրդեհեցին և ի վերջոյ մօտ 23 հազար հայեր բերեցին, թափեցին Արարատեան դաշտը։ Օսմանեան բանակ չէր դուրս գալիս պարսիկների դէմ․ սուլթան Մէհէմմէդի մահվան պատճառով Կ․ Պօլիսը խռովութեան մէջ էր։ Երևանի բերդապահ զօրքը ոչ մի կողմից օգնութիւն չը ստանալով, անձնատուր եղաւ պարսիկներին և Շահ-Աբասը արշաւեց դէպի Կարսի կողմը։ Նա կամենում էր գործ ունենալ միայն թիւրքաց բերդապահ զօրքերի հետ, որոնց կարելի էր ընկճել պաշարումներով։ Բայց լուր հասաւ, թէ գալիս է թիւրքաց բանակը Սինան փաշայի առաջնորդութեամբ, և պատերազմի կերպարանքը իսկոյն փոխվեց։
Պարսկաստանի տէրը այս անգամ էլ չը վստահացաւ բաց ճակատամարտի մէջ ընդհարվել իր քաջ և ուժեղ թշնամու հետ և նահանջման պատրաստութիւններ սկսեց։ Թշնամուն թուլացնելու և Ատրպատականի սահմաններից հեռու պահելու համար՝ նա յղացաւ մի դժոխային միտք — անապատ դարձնել այն բոլոր երկիրները, որոնք արդէն իր իշխանութեան տակ էին, մի անապատ, ուր օսմանցին չը պիտի կարողանար ոչ մարդ գտնել, ոչ պաշար։ Պարսկա-թիւրքական պատերազմների ամենահրէշաւոր կողմն էր սա, որ մոռացնել տուեց նախկին բոլոր աղէտները։ Ամեն կողմ թռան պարսիկ հրամանատարները և ղօրաբաժինները, տանելով հրաման, որ ամբողջ ազգաբնակութիւնը թողնէ իր տունն ու տեղը և գաղթէ Պարսկաստան։ Ամբողջ Արարատեան երկիրը