Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/135

Այս էջը հաստատված է

նրանք, մտնում են այրը, գայլերի պէս յօշոտում են ոչխարների այդ հօտը։ Քարայրի ճանապարհը պաշտպանողները սարսափահար ներս են վազում, որ իրանց ընտանիքներն ազատեն և ահա բաց մնացած ճանապարհով վրա են հասնում դրսի պարսիկները ու սկսվում է սովորական տեսարանը․ կոտորում են պառաւներին և տղամարդկանց, պահում են գեղեցիկ կանանց, աղջիկներին և տղաներին, որ բաժանեն իրանց մէջ։ Բայց այս զոհերից շատերը, չը կամենալով ընկնլ վաւաշոտ վայրենիների ձեռքը և պղծվել, դիմում են նահատակի անձնազոհութեան. ծածկելով իրանց աչքերը իրանց զգեստով, նրանք միմեանց ետևից ցած են գլորվում և մահ գտնում ձորի յատակում. շատերը շամփրվում են այդտեղ բուսած ծառերի ճիւղերի վրա։