և լցնում էին գետի մէջ․ և ժողովուրդը, վտանգից պաշարված, աւելի և աւելի բազմացնում էր աղաղակների ու ողբերի ձայները։ Ոմանք բռնում էին նաւակների եզրից, ոմանք տոփերի եզրից, ոմանք ձիաների, եզների և գոմէշների պոչերից, ոմանք էլ լողալով էին անցնում։ Իսկ որոնք լողալու հմտութիւն չունէին և թոյլ էին — ծերերն ու պառաւները, տղաներն ու աղջիները, փոքրիկ երեխաները — լցված էին ջրի երեսի վրա. և գետը նրանց վերցրած տանում էր, ինչպէս տերևներ գարնան ժամանակ. գետի երեսը ծածկված էր խեղդվածների մարմիններով»։ Ել այդ դժոխային տեսարանի մէջ պարսիկները ժամանակ էին գտնում իրանց վաւաշոտ կրքերի հոգսը քաշելու։ Արաքսի ալիքների մէջ թրպրտացող բազմութիւնը որսի առարկայ էր դարձել. լաւ ձի ունեցողները ջրի մէջ յարձակումներ էին գործում և ուր որ գեղեցիկ կին, աղջիկ կամ տղայ էին տեսնում, առնում, փախցնում էին նրանց։
Ով կարողացաւ, անցաւ միւս ափը, ով չը կարողացաւ, գնաց հանգստանալու Արաքսի ալիքների մէջ։ Բայց գետի միւս ափից դեռ նոր սկսվեցին անթիւ զոհեր կլանող արհաւիրքներ: Չը թողեցին, որ գետն անցած ժողովուրդը հանգստանայ, շունչ քաշէ․ նոյն հապճեպով քշեցին, տարան նրան դժուար ճանապարհներով, որպէս զի օսմանցիները վրա չը հասնեն։ Եւ գաղթականի երկար, անյայտ, փշալից ճանապարհը սպառում էր բազմութիւնը։ Հարիւր հազարներով մարդիկ էին քշվում, տասնեակ հազարները մահ էին